Հարութ Սասունյան
Վերջապես լավ լուր Հայաստանից․ մայիսի 5-ին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում դրական զարգացում է արձանագրվել․ Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է նախադեպը չունեցող «Մտադրությունների հուշագրեր» վեց հայկական կազմակերպությունների հետ։ Փաստաթուղթը կրում է «Համագործակցություն հանուն մարդկային շփումների» խորագիրը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի ներկայությամբ։
Կարդացեք նաև
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը։
Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասիրելու համագործակցության այնպիսի հնարավորություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական ու հասարակական կապերի ամրապնդմանը»։ Հուշագրում պարզաբանվել է, որ «հայկական Սփյուռքն ունի ուժեղ համայնքներ ամբողջ Եվրոպայում և աշխարհում՝ գործարարության, գիտահետազոտական, մշակութային և հանրային քաղաքականության ոլորտներում։ ՀԲԸՄ-ը՝ որպես հայկական Սփյուռքի ամենամեծ հասարակական (ոչ առևտրային) կազմակերպություն` կրթության, ձեռներեցության աջակցության և միջազգային համագործակցության ոլորտներում երկարամյա փորձ ունի, ինչին նպաստում է լայն միջազգային ցանցը»։
Այս համատեղ ջանքերի նպատակն է «ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները՝ հայկական Սփյուռքի ներուժը համախմբելու և այն ի նպաստ ներդրումների, մենթորությանը և Եվրամիության ու Հայաստանի միջև ամուր գործընկերության հաստատմանն ուղղելու համար: Այս փոխգործակցությունը կարող է հենվել նաև ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի փորձի վրա՝ թվային հաղորդակցությունն ու ներգրավվածությունը ամրապնդելու նպատակով»:
Եվրամիության հետ հուշագրեր ստորագրած հայկական վեց կազմակերպություններն են՝
– «Ամբեր Կապիտալ Արմենիա» (Amber Capital Armenia). մասնավոր կապիտալի ներգրավում՝ հայկական ՓՄՁ-ները (փոքր և միջին ձեռնարկություններ) եվրոպական կապիտալին և չափանիշներին ինտեգրելու նպատակով».
– «Սինոփսիս» Արմենիա (Synopsys Armenia). կիսահաղորդիչների ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացում, ինչպես նաև կրթության և արդյունաբերության միջև կապերի ամրապնդում՝ ի նպաստ Հայաստանի և Եվրամիության մրցունակության բարձրացման.
– «Ֆայրբըրդ.էյայ» (Firebird.ai). ռազմավարական թվային և էներգետիկ կապուղիների զարգացում՝ Հայաստանը որպես տարածաշրջանային թվային հանգույց դիրքավորելու նպատակով.
– «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (TUMO Center for Creative Technologies). թվային և ստեղծարար հմտությունների ընդլայնում ու մասշտաբավորում՝ հաջորդ սերնդի համար.
– ՀԲԸՄ (AGBU). միջանձնային կապերի ամրապնդում և Սփյուռքի ներդրումային ներուժի խթանում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման.
– «Կրեատիվ Արմենիա» (Creative Armenia). ստեղծարար արդյունաբերության ընդլայնում և կապերի խորացում եվրոպական մշակութային ցանցերի հետ:
Հուշագիրը բնութագրվում է ԵՄ պաշտոնական կայքում, որպես «ոչ պարտադիր համաձայնագիր», որը «կողմերի համար որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չի առաջացնում։ Այն մտադրությունների մասին հայտարարություն է և համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու պատրաստակամություն՝ հաշվի առնելով, որ ցանկացած ապագա գործակցություն կախված կլինի հետագա քննարկումներից, կիրառելի ընթացակարգերից, ռեսուրսների հասանելիությունից և վերջնական համաձայնագրերի կնքումից»։
ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը լրագրող Անուշ Թրվանցին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձավ ստորագրված հուշագրին և այլ կարևոր հարցերի: Այս բացառիկ հարցազրույցը հրապարակվեց Պոլսո հայկական «Ժամանակ» օրաթերթում:
Վազգեն Յակուբյանը բարձր գնահատեց ԵՄ-ի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն արժևորում է Սփյուռքի ներուժը։ Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ հայկական կողմի նախորդ փորձերը լիարժեք հաջողություն չեն ունեցել, Յակուբյանը չհամաձայնեց և նշեց, որ նախորդ կառավարությունների օրոք, երբ գործում էր Սփյուռքի նախարարությունը, զգալի աշխատանք է կատարվել։ «Սփյուռքի ներուժը շատ հսկայական է», ասաց նա։
Երբ Յակուբյանին հարցրեցին վերջերս ներհայկական լարվածության, եկեղեցու հետ կապված խնդիրների, ներքին պառակտումների և բևեռացման մասին, նա բացատրեց, որ երբ Հայաստանի տեղական խնդիրները տեղափոխվում են արտերկիր, Սփյուռքը շփոթության մեջ է հայտվում։ «Այդ հարցերը վերաբերում են մեր ինքնությանը, Ցեղասպանությանը, Արցախի վրա հարցական նշան դնելուն և այլ խնդիրների։ Դժբախտաբար, Սփյուռքում ևս սկսել են պառակտումներ առաջանալ այս նյութերի շուրջ»։
Այնուհետև Յակուբյանն ասաց. «Մեր [ՀԲԸՄ-ի] աշխատանքը պետության հետ է՝ ի նպաստ պետականության, անկախ այն իրողությունից, թե ո՛վ է օրվա իշխանությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ մենք համաձայն ենք իշխանության բոլոր քայլերին, բայց, չենք կարող նստել ու պարզապես բոյկոտել՝ ասելով, թե քանի որ այս կամ այն հարցի շուրջ տարակարծիք ենք, ուրեմն չպիտի համագործակցենք։ Այդ մոտեցումը սխալ է։ Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ այլ ոլորտներ, որտեղ իշխանության կատարած աշխատանքը ճիշտ ենք համարում …. Այս հավասարակշռությունը պահելը բավական դժվար է, բայց, այս դերը մեզ համար նորություն չէ: Մենք միշտ ունեցել ենք այն եւ պիտի շարունակենք խաղալ այդ դերը՝ հակառակ զանազան կարծիքներին։ Մենք համոզված ենք, թե մեր ազգային ներուժի 70 տոկոսը Սփյուռքում է։ Արդյոք խելամիտ կլինի՞ անտեսել այդ ուժը, երբ մեր առջև ունենք քաղաքական թե ռազմական կարևոր նպատակներ, իսկ ժամանակը, դժբախտաբար, աշխատում է մեր դեմ»։
Ի պատասխան պոլսահայերի մասին հարցին՝ Յակուբյանն ասաց. «Մոտ երկու-երեք տարի առաջ այցելեցի Պոլիս։ Գնացի և, կարող եմ ասել, ապշած ու հիացած վերադարձա, որովհետև տեսա մի համայնք, որն ամուր կառչած է իր միջավայրին՝ համոզված լինելով, որ ինքն իր տանն է և դասական իմաստով Սփյուռք չէ։ Ինձ համար շատ հետաքրքիր այցելություն էր. այլ աչքով սկսեցի դիտել պոլսահայ համայնքը։ Բայց նաև սրտի ցավ ապրեցի, որովհետեւ մենք՝ ազգովին, ներառյալ մեր Միությունը և Հայաստանի կառավարությունը, չենք կարողացել մշակել լուրջ ռազմավարություն՝ պոլսահայ համայնքի հետ համագործակցելու և հարաբերություններ մշակելու համար»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կգտնվի՞ լուծում կառավարության կողմից եկեղեցու թիրախավորման խնդրին, Յակուբյանն ասաց. «Մենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դիտարկում ենք իբրև մեր ինքնության ամենակարևոր հիմնասյունը …․ Հուսանք՝ լուծումը կլինի ճիշտ և արդար՝ ի նպաստ հայ ազգի: Վերջիվերջո, Հայոց Եկեղեցին սպասարկում է հայ ազգին։
Մեր Եկեղեցին իր էութեամբ տարբեր է։ Երբ խոսում ենք մեր ժողովրդի ներուժի մասին և շեշտում, որ այդ ներուժը պետք է գործածենք ճիշտ ուղղությամբ, ապա մեր նպատակներին ամենակարճ ժամկետում հասնելու համար չպիտի մոռանանք, որ մեր եկեղեցին հսկայական ներուժ ունի՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում։
Սփյուռքի տարածքում յուրաքանչյուր եկեղեցի ու հոտ առանձին ներուժ են, և Սփյուռքն էլ ինքնին համախմբված է եկեղեցու շուրջ։ Ուրեմն, ինչո՞ւ անտեսել կամ փորձել խարխլել այս ներուժի հիմքերը»։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































