Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան հիշեցնում է Երեւանին ու Բաքվին, Փաշինյանը՝ բացում «Եվգենի Օնեգինը»

Հուլիս 21,2026 10:00 Share

Ռուսաստանը վերջին օրերին ԱԳ նախարարության մակարդակով՝ ընդհուպ նախարար Լավրովի, հաճախ է հիշատակել 3+3 ձեւաչափի մասին։ Մոսկվան ակնկալում է, որ Երեւանն ու Բաքուն հնարավորինս արագ կպայմանավորվեն այդ ձեւաչափով նախարարական նոր հանդիպման տեղի հարցում։

2024 թվականի հոկտեմբերին, երբ Թուրքիայում տեղի ունեցավ 3+3–ի նախարարական՝ առայժմ վերջին հավաքը, հայտարարվեց, որ հաջորդը կլինի կամ Երեւանում, կամ Բաքվում, ինչպես որ կպայմանավորվեն կողմերը։

Բայց 2024 թվականի հոկտեմբերից Երեւանն ու Բաքուն պայմանավորվեցին շատ հարցերում, որոնք սակայն չէին վերաբերում 3+3–ի նախարարական նոր հավաքի տեղին, այլ՝ այսպես կոչված Խաղաղության գործընթացին, մինչեւ՝ ԹՐԻՓՓ։ Իսկ 3+3–ը կարծես թե մոռացվեց, հայտնվեց ստվերում, նաեւ այլ միջազգային գործընթացների ստվերում։ Ռուսաստանն էլ մինչեւ հիմա կարծես թե ակտիվ չէր այդ թեմայի վերաբերյալ, սակայն վերջին օրերին հիշատակել է մի քանի անգամ։

Սա նշանակում է, որ Մոսկվան ունի Կովկասի վերաբերյալ էական քննարկումների անհրաժեշտություն, այլապես հազիվ թե այդպես ինտենսիվորեն հիշատակեր թեման։ Իսկ այդ անհրաժեշտությունը թերեւս բխում է նրանից, որ Ռուսաստանի հանդեպ ուժգնացել են հարվածներն Ուկրաինայից, որոնք անկասկած կատարվում են վերջերս Թուրքիայում գագաթնաժողով անցկացրած ՆԱՏՕ-ի եվրոպական դերակատարների գործուն աջակցությամբ։ Այդ կենտրոններն ակնհայտորեն բարձրացնում են ՌԴ հետ հարաբերության թեժության խաղադրույքը։ Ռուսաստանը կանգնած է պատասխանի բնույթ ու տրամաբանություն որոշելու անհրաժեշտության առաջ։ Միեւնույն ժամանակ, Մոսկվայի համար կենսական է դառնում ապահովել «թիկունքը»՝ այսպես ասած երկրորդ ճակատներից։ Կովկասը այդ իմաստով ռիսկային ուղղություններից մեկն է եղել, ու շարունակում է լինել։

Հավանաբար, այս հարցերը քննարկելու համար է Մոսկվան ակտիվացնում 3+3–ի թեման։ Իսկ դա նշանակում է, որ լինելու է քաղաքական սակարկություն։ Ըստ այդմ` հարց է առաջանում՝ մեղմ ասած ընտրական լեգիտիմության կորստով վերարտադրված կառավարող ուժը պատրա՞ստ է դրան։ Թե՞ դրան պատրաստվելու համար է, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում կարդացել է Պուշկինի «Եվգենի Օնեգինը», որը համարվում է ռուսական գրականության գլուխգործոցներից մեկը, եւ գնահատվում իբրեւ «ռուսական կյանքի հանրագիտարան»։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել