Ինչու են մարդիկ քաղաքացիական արիություն համարում պետական հետապնդումների զոհերի վրա ոհմակով հարձակվելը
Ի՞նչ մի հերոսություն, ի՞նչ քաղաքացիական արիություն է պետք անազատության մեջ գտնվող մարդկանց վրա հարձակվելու, նրանց փնովելու, իշխանական (պաշտոնական) քարոզչությանը ձայնարկելու համար: Ինձ թվում է, դա «Մաուգլիի» շնագայլ Տաբակիին հատուկ վարքագիծ է: Խոսքս, բնականաբար, քաղաքական-անձնական հետապնդումների զոհերի մասին է՝ Արմեն Աշոտյանի, Անդրանիկ Թեւանյանի, Ավետիք Չալաբյանի, Արեգնազ Մանուկյանի ու շատ-շատ այլ մարդկանց մասին: Ամենացայտուն օրինակն, անշուշտ, Գագիկ Ծառուկյանն է:
Իր «Ecce homo»՝ «Ահա մարդը. Ինչպես դառնալ այն, ինչ կաս» գրքում (1888) Ֆրիդրիխ Նիցշեն գրում է. «Ես հարձակվում եմ միայն այն բաների վրա, որտեղ ես չէի կարողանա գտնել դաշնակիցներ, որտեղ ես կանգնած եմ մենակ»: Նույն գրքում փիլիսոփան ձեւակերպում է բանավեճի իր ռազմավարությունը. 1/ հարձակվել այն բաների վրա, որոնք արդեն դարձել են ուժեղ եւ հաղթող, 2/ հարձակվել միայն այն ժամանակ, երբ դու մենակ ես մնում, առանց դաշնակիցների, 3/ հարձակվել ոչ թե անձերի վրա, այլ օգտագործել նրանց որպես խոշորացույց՝ խնդիրը բացահայտելու համար, 4/ բանավեճ չվարել անձնական նեղվածությումից կամ վրեժխնդրությունից ելնելով:
Եվ իրոք՝ թույլի վրա ոհմակով հարձակվելը ոչ միայն զազրելի է, այլեւ անհետաքրքիր:
Կարդացեք նաև
Իսկ ինչպես է վարվում վախկոտը, մորթապաշտը՝ պայմանական Տաբակին: Նա արդարացումներ է փնտրում՝ նեղության մեջ գտնվող մարդու վրա հարձակվելու համար: Ծառուկյանի դեպքում արդարացումները հիմնականում երկուսն են:
Արդարացում թիվ 1. Բա ինչո՞ւ էր նա նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնում Փաշինյանին՝ գցել նրան առյուծների վանդակը:
Այո, վատ էր անում՝ վստահ եմ, որ ոչ ոք ոչ մեկի հասցեին չպիտի հանդես գա նման սպառնալիքներով: Բայց, երբ սպառնում է մասնավոր անձը, դա, թեեւ՝ մերժելի, բայց ընդամենը խոսքեր են: Եթե սպառնում է երկրի առաջին դեմքը, ապա Հայաստանի եւ Փաշինյանի պարագայում դա նշանակում է, որ նա կմոբիլիզացնի ողջ պետական-ռեպրեսիվ ապարատը, իրեն քննադատող կամ պարզապես դուր չեկող մարդուց «մուռ հանելու» համար:
Արդարացում թիվ 2. Բա ինչո՞ւ էր նա 30 (35, 40՝ կախված երեւակայությունից) տարի թալանում:
Բայց այստեղ էլ հարցեր կան՝ ինչո՞ւ են Ծառուկյանի «թալանելը» հիշում այն ժամանակ, երբ նա քաղաքական ակտիվություն է ցուցաբերում: Ծառուկյանը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, այսինքն՝ պետբյուջեից չէր կարող անմիջապես «թալանել», եթե կաշառք է տվել՝ ինչ-որ բիզնեսներ ծաղկեցնելու համար, ինչո՞ւ չեն պատասխանատվության ենթարկում այդ կաշառքը ստացող պետական պաշտոնյաներին, նա միայնակ՝ առանց չինովնիկների կարո՞ղ էր ինչ-որ բան «թալանել», բնականաբար՝ ոչ: Ինչո՞ւ «թալանելու» պատճառով պետք է փակվեն նրա բիզնեսները, ինչո՞ւ են խլում նրա ունեցվածքը, ինչո՞ւ են նրան «գետնին փռում», եւ ինչո՞ւ են քնեցնում նրան պատկանող կենդանիներին: Առանց դատարանի որոշման՝ ինչպե՞ս են «պետականացնում» բիզնեսմենի ընկերությունները: Որքանո՞վ է այս ամենը տեղավորվում «իրավական» պետության շրջանակներում: Քիչ է մնում «քննչական գործողությունների» շրջանակներում կոտրեն նաեւ Քրիստոսի արձանը կամ Ծառուկյանի կառուցած եկեղեցիները: Փաշինյանից հեռու չի:
Կարդացել եմ եւս մեկ վարկածի մասին: Ծառուկյանին պատժում են ոչ թե «թալանելու», ոչ թե «վանդակի սպառնալիքների», այլ ռուսամետ եւ բելառուսամետ լինելու համար: Քանի որ նման բաներ ասում են իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, այդ վարկածը նույնպես, այսպես ասած, «կյանքի իրավունք ունի»:
Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն չեղարկել է 3 տեղամասերում ընտրությունները, որից հետո ապօրինաբար չի նշանակել վերաքվեարկություն՝ հատուկ այն նպատակով, որպեսզի ԲՀԿ-ն 4 տոկոսանոց շեմը չհաղթահարի: Այդպիսով, ի սկզբանե, քաղաքական բաղադրիչն առկա էր:
Բայց ինձ հետաքրքրում է ոչ այնքան քաղաքականությունը, ոչ էլ նույնիսկ՝ իշխանության կամայականությունները, ապօրինությունները, ինչպես առաջ էին ասում՝ «բեսպրեդելը», որքան հասարակության եւ, մասնավորապես, մտավորականության զգալի մասի արձագանքը:
Ընկածին խփելը վախկոտների եւ թուլամորթների զբաղմունք է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.07.2026


















































