Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը՝ մեծ քաղաքականության խաղատախտակին

Հուլիս 24,2026 12:00 Share

Ճանաչում, որը աշխարհաքաղաքական սակարկության ու առճակատման արանքում է

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ԹուրքիաԻսրայել հակամարտության ամենազգայուն քաղաքական գործիքը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տասնամյակներ շարունակ ընկալվել է որպես պատմական արդարության վերականգնման պայքար։ Սակայն միջազգային հարաբերությունների զարգացումները բազմիցս փաստել են, որ պետությունների համար այդ հարցը հաճախ դառնում է ոչ միայն պատմական կամ բարոյական, այլեւ արտաքին քաղաքականության ազդեցիկ գործիք։ Վերջին շաբաթների իրադարձությունները Իսրայելում դրա հերթական ապացույցն են։ Մի կողմից՝ Իսրայելի կառավարությունը պատմական որոշում ընդունեց՝ միաձայն հաստատելով Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, մյուս կողմից՝ նույն այդ գործընթացը կանգ առավ Քնեսեթում, ըստ հեղինակավոր Haaretz պարբերականի՝ Ադրբեջանի միջամտությունից հետո։

Այս զարգացումները մեկ անգամ եւս փաստեցին, որ նույնիսկ այն դեպքում, երբ պատմական ճշմարտությունն ընդունվում է պետական բարձրագույն մակարդակում, դրա քաղաքական իրականացումը շարունակում է կախված մնալ աշխարհաքաղաքական հաշվարկներից։

Այս ֆոնին առավել արդիական է դառնում հարցը՝ արդյո՞ք Հայաստանը եւ հայկական Սփյուռքը պետք է մեծ սպասելիքներ ունենան այս հարցում, թե՞ անհրաժեշտ է սթափ գնահատել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման շարունակում է մնալ քաղաքականության ամենաազդեցիկ լծակներից մեկը, որն ակտիվացվում կամ առկախվում է տվյալ պահին ձեւավորված ռազմավարական շահերից ելնելով։

Վերջին իրադարձությունների ամբողջ շղթան վկայում է, որ Իսրայելի քաղաքականության փոփոխությունը պատահական չէր։ Այն համընկավ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների վերջին երկու տասնամյակների ամենախորը հրապարակային ճգնաժամի հետ։ Հենց այդ համատեքստում էլ Հայոց ցեղասպանության հարցը հերթական անգամ դուրս եկավ պատմագիտական քննարկումների շրջանակից եւ վերածվեց քաղաքական օրակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկի։ 

Թուրքիայի մեղադրանքներից մինչեւ Իսրայելի պատասխան քայլը

Թուրքիա-Իսրայել հարաբերությունները վերջին տարիներին շարունակաբար սրվում էին, սակայն 2025-2026թթ. դրանք հասան նոր մակարդակի։ Գազայի պատերազմն ու Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները երկու երկրների ղեկավարներին բերեցին աննախադեպ կոշտ հրապարակային առճակատման։

Անցյալ տարի ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Գազայում կատարվող իրադարձությունները նույնիսկ գերազանցում են Հոլոքոստի ժամանակաշրջանի բարբարոսությունը։ Նա վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրեց ցեղասպանության մեջ եւ միջազգային հանրությանը կոչ արեց կանգնել Իսրայելի դեմ։ Այդ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս անց լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթի ընթացքում Նեթանյահուին հարց ուղղվեց, թե ինչու Իսրայելի որեւէ վարչապետ երբեւէ չի ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը։ Նրա պատասխանը չափազանց կարճ էր, սակայն քաղաքական առումով՝ խորհրդանշական. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։

Իրավական տեսանկյունից այդ հայտարարությունը որեւէ իրավական հետեւանք չէր առաջացնում, քանի որ Իսրայելում նման որոշում կարող էր ընդունվել միայն պետական համապատասխան ընթացակարգերով։ Սակայն այն առաջին անգամ ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության թեման արդեն տեղափոխվել է Իսրայելի իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակ։

Երկու երկրների միջեւ հարաբերությունների իրական գագաթնակետն արդեն 2026 թվականն է։ Ապրիլին Էրդողանը կրկին Իսրայելին մեղադրեց Պաղեստինում եւ Լիբանանում իրականացվող գործողությունների համար՝ հայտարարելով, որ Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է ռազմական միջամտության դիմել։ Ստամբուլում Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովում նա հիշեցրեց Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունները՝ հայտարարելով. «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կանենք նաեւ նրանց հետ։ Չկա ոչինչ, որ մեզ կխանգարի դա անել»։ Այս հայտարարությունն Իսրայելում արդեն ընկալվեց ոչ միայն որպես քաղաքական հռետորաբանություն, այլեւ որպես ուղղակի սպառնալիք։ Ի պատասխան՝ Իսրայելի ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն Էրդողանին մեղադրեց կեղծավորության մեջ։ Նա հիշեցրեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, քրդերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը եւ հատկապես՝ Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը վերջնականապես խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։

Այսպիսով, Հայոց ցեղասպանության թեման առաջին անգամ պաշտոնական մակարդակով դարձավ Թուրքիայի դեմ ուղղված քաղաքական հակափաստարկ։ Ապա Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելի քաղաքականությունն արդեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն Հաթայից, այլեւ Հալեպից, Դամասկոսից ու Բեյրութից։ Արդեն հաջորդ օրը երկու երկրների ղեկավարների հայտարարությունները վերածվեցին անձնական կոշտ հակամարտության։ Նեթանյահուն Էրդողանին անվանեց «հակասեմիտ բռնապետ», մեղադրեց քրդերի ցեղասպանության, «Համաս»-ին աջակցելու եւ ընդդիմախոսներին ճնշելու մեջ՝ հայտարարելով, որ հենց Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է բարոյականության դասեր տալ Իսրայելին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը Նեթանյահուին համեմատեց Հիտլերի հետ՝ հայտարարելով, որ Իսրայելը դարձել է «արյունով ու արցունքներով սնվող տառապանքների ֆաբրիկա»։

Այս փոխադարձ մեղադրանքներից ընդամենը օրեր անց տեղի ունեցավ այն, ինչը երկար տարիներ Իսրայելում քաղաքականապես անհնար էր համարվում։ Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարեց, որ կառավարություն է ներկայացնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման նախագիծը՝ այն անվանելով Իսրայելի «բարոյական եւ պատմական պարտավորությունը»։ Նա ընդգծեց, որ պատմական ճշմարտության ցանկացած ժխտում պետք է դատապարտվի։ Երկու օր անց վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ հայտարարեց, որ լիովին աջակցում է նախաձեռնությանը, իսկ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին։ Արտաքին գործերի նախարար Սաարը նշեց. «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել։ Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ եւ որի պատմական փաստերն անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն եւ հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»։

Այդ պահից արդեն ակնհայտ դարձավ, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության հարցն այլեւս միայն խորհրդարանական նախաձեռնություն չէր։ Այն ստացել էր կառավարության, վարչապետի եւ գործադիր իշխանության ամբողջական քաղաքական աջակցությունը։

Երբ պատմական արդարությունը բախվում է աշխարհաքաղաքական շահերին

Եթե Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը կարելի էր գնահատել որպես պատմական նշանակության քաղաքական որոշում, ապա դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ միջազգային քաղաքականության մեջ նույնիսկ ամենաբարձր մակարդակով ընդունված որոշումները կարող են բախվել այլ պետությունների ռազմավարական շահերին։

Թեեւ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարարի ներկայացրած նախագծին, գործընթացը չհասավ իր տրամաբանական ավարտին։ Քանի որ հարցը պետք է դրվեր նաեւ Քնեսեթի քննարկմանն ու քվեարկությանը, հենց այդ փուլում էլ նոր զարգացումներ ծավալվեցին։

Իսրայելական հեղինակավոր Haaretz պարբերականը գրեց, որ կառավարության կողմից արդեն հաստատված նախագիծը չի ընդգրկվել խորհրդարանի ամառային նստաշրջանի վերջին քվեարկությունների օրակարգում։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ։ Ավելին, Haaretz-ի փոխանցմամբ՝ դրանից հետո իսրայելական կողմը ադրբեջանցի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից եւ մինչեւ ամառային արձակուրդ այլեւս չի քննարկվելու։

Թեեւ Գիդեոն Սաարի գրասենյակը հերքեց այն պնդումը, թե քվեարկությունը չեղարկվել է վարչապետի միջամտության հետեւանքով, որեւէ այլ բացատրություն այդպես էլ չներկայացվեց, թե ինչու կառավարության կողմից հաստատված նախագիծը չհասավ խորհրդարան։ Միաժամանակ Սաարը կրկին ընդգծեց. «Կառավարության որոշումն ընդունվել է միաձայն։ Այն չի փոխվելու, եւ սա կարեւոր ու պատմական փաստ է»։

Այս հայտարարությունը կարեւոր էր երկու առումով։ Նախ՝ այն ցույց էր տալիս, որ գործադիր իշխանության դիրքորոշումը պաշտոնապես չի փոխվել։ Սակայն մյուս կողմից ակնհայտ դարձավ, որ նույնիսկ այդ պարագայում քաղաքական որոշման իրագործումը կարող է հետաձգվել, եթե այն հակասում է Իսրայելի արտաքին քաղաքական այլ առաջնահերթություններին։

Այս ամբողջ պատմության առանցքային դերակատարը, հնարավոր է, իհարկե, որ իսկապես դարձել է Ադրբեջանը։ Դեռ կառավարության որոշումից մեկ օր անց՝ հունիսի 29-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես կոչ արեց Իսրայելին վերանայել այդ որոշումը։ Բաքուն հայտարարեց՝ «1915 թվականի իրադարձությունների քաղաքականացումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, խորացնում է հակասությունները եւ խոչընդոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին»։

Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է Իսրայելի ամենակարեւոր ռազմավարական գործընկերներից մեկը՝ հատկապես էներգետիկ անվտանգության, պաշտպանական համագործակցության եւ Իրանի ուղղությամբ անվտանգության համակարգի տեսանկյունից։ Այդ հարաբերություններում Բաքուն վաղուց արդեն ձեւավորվել է որպես Իսրայելի տարածաշրջանային առանցքային գործընկեր։ Հետեւաբար, Բաքվի համար Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը միայն պատմական հարց չէր։ Այն ընկալվում էր որպես Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշման գործիք, որը կարող էր վնասել ոչ միայն Անկարային, այլեւ Ադրբեջանի արտաքին քաղաքական շահերին։

Հատկանշական էր նաեւ, որ գործընթացին, ըստ պարբերականի հոդվածի, միացել են Ադրբեջանի հրեական համայնքի ղեկավարները։ Սեֆարդական համայնքի գլխավոր րաբբի Զամիր Իսաեւը հրատապ նամակներով դիմել է իսրայելական ՇԱՍ եւ «Յահադուտ հա-Թորա» կրոնական կուսակցությունների պատգամավորներին՝ կոչ անելով հաշվի առնել որոշման հնարավոր ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների վրա։ Նա Ադրբեջանը բնութագրել է որպես Իսրայելի «ամենամոտ եւ ամենահավատարիմ բարեկամներից մեկը»։ Հետագայում նույնաբովանդակ նամակներ Քնեսեթ ուղարկեցին նաեւ Ադրբեջանի հրեական համայնքների մյուս ղեկավարները։ Այսպես, Բաքուն փորձեց օգտագործել ոչ միայն պետական, այլեւ հասարակական ու կրոնական ազդեցության բոլոր հնարավոր լծակները՝ կանխելու համար գործընթացի ավարտը։

Միաժամանակ Haaretz-ը ուշադրություն է հրավիրել մեկ այլ խորհրդանշական իրադարձության վրա։ Քնեսեթում հարցի հետաձգումից կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆային։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվել է նաեւ, որ Ադրբեջանը շարունակում է աջակցել պաղեստինցիներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալության (UNRWA) միջոցով։ Թեեւ այս հանդիպումը պաշտոնապես չէր կապվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ, այն, այնուամենայնիվ, կարելի էր դիտարկել որպես հստակ ազդակ՝ ուղղված Իսրայելին։

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ բարոյակա՞ն պարտավորություն, թե՞ քաղաքական լծակ

Վերջին շաբաթների իրադարձությունները փաստում են, որ Հայոց ցեղասպանության թեման վաղուց դուրս է եկել պատմագիտական կամ իրավական հարթությունից։ Այն դարձել է միջազգային քաղաքականության ամենազգայուն գործիքներից մեկը։

Թուրքիան, մեղադրելով Իսրայելին ցեղասպանության մեջ, ձգտում է ամրապնդել իր դիրքերը իսլամական աշխարհում, ներկայանալ որպես պաղեստինցիների գլխավոր պաշտպան եւ ձեւավորել այնպիսի արտաքին քաղաքական օրակարգ, որի առանցքում Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումն է։ Անկարան միջազգային հարթակներում մեղադրում է մեկ այլ պետության ցեղասպանության մեջ, շարունակում է ժխտել սեփական պատմության ամենածանր էջերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Այդ հակասությունն արդեն բավական ժամանակ է, ինչ Իսրայելին հնարավորություն է տալիս Թուրքիայի յուրաքանչյուր մեղադրանքին պատասխանել նույն թեմայով՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը։

Պարզապես վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այս անգամ այդ հակափաստարկը Իսրայելում ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլեւ՝ պետական որոշումների մակարդակում է արդեն։ Սակայն նույնքան ակնհայտ դարձավ նաեւ մեկ այլ իրողություն։ Իսրայելի համար եւս Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն պատմական արդարության կամ բարոյական պատասխանատվության հարց չէ։ Եթե այդպես լիներ, ապա նման որոշումը ընդունված կլիներ շատ ավելի վաղ։

Ընդհակառակը, մենք տեսնում ենք այլ պատկեր, որ տարիներ շարունակ Իսրայելը խուսափում էր այդ քայլից՝ չվտանգելու Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները։ Իսկ երբ այդ հարաբերությունները հասան գրեթե որոշակի լարվածության, ճանաչման գործընթացը անմիջապես գործի դրվեց։ Սակայն միեւնույն ժամանակ, երբ գործընթացը կարող էր վնասել արդեն մեկ այլ ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանին, ըստ ամենայնի, այն կանգ է առնում։

 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի կարող հիմնվել առանձին երկրների ժամանակավոր քաղաքական հակասությունների վրա

Այս ամբողջ համատեքստում Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ թե յուրաքանչյուր նման նախաձեռնությունից անմիջապես քաղաքական ակնկալիքներ ձեւավորելն է, այլ հասկանալը, թե ինչ շարժառիթներով են այդ նախաձեռնությունները հայտնվում պետությունների օրակարգում։

Վերջին շաբաթների իրադարձությունները փաստացի ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության թեման իսկապես հաճախ օգտագործվում է որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք։ Այն ակտիվանում է, երբ անհրաժեշտ է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եւ կարող է նույն արագությամբ երկրորդ պլան մղվել, երբ առաջ են գալիս այլ ռազմավարական շահեր։

Սակայն այս իրողությունը չպետք է ընկալվի որպես հիասթափության պատճառ։

Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը կախված չէ որեւէ երկրի խորհրդարանի կամ կառավարության քվեարկությունից։ Այն հաստատված է հսկայական պատմագիտական, իրավական եւ փաստաթղթային բազայով։ Իսկ քաղաքական ճանաչման գործընթացը շարունակում է ենթարկվել բոլոր այն օրինաչափություններին, որոնցով առաջնորդվում են միջազգային հարաբերությունները։

Հետեւաբար, Հայաստանը եւ հայկական սփյուռքը պետք է խուսափեն յուրաքանչյուր աշխարհաքաղաքական ճգնաժամից չափազանց մեծ սպասելիքներ ձեւավորելուց։ Վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ նույն հարցը կարող է ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դառնալ կառավարության միաձայն ընդունած որոշում, այնուհետեւ՝ հետաձգվել մեկ այլ պետության միջամտության կամ ռազմավարական շահերի բախման պատճառով։

Թուրքիա-Իսրայել հակամարտության պայմաններում Հայոց ցեղասպանության հարցը դարձավ երկու երկրների քաղաքական դիմակայության ամենազգայուն գործիքներից մեկը։ Թուրքիան, մեղադրելով Իսրայելին ցեղասպանության մեջ, անխուսափելիորեն բախվեց սեփական պատմական պատասխանատվության թեմային, իսկ Իսրայելը, պատասխանելով այդ մեղադրանքներին, առաջին անգամ պետական մակարդակով նախաձեռնեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Ուստի Հայաստանի եւ սփյուռքի համար այսօր ամենակարեւոր եզրակացությունը պետք է լինի՝ սթափ քաղաքական գնահատականը։ Իսրայելից, ինչպես ցանկացած այլ պետությունից, կարելի է ակնկալել պատմական արդարության ճանաչում, սակայն չպետք է անտեսել, որ նման որոշումները գրեթե միշտ ընդունվում են ոչ միայն բարոյական սկզբունքների, այլեւ տվյալ պահին ձեւավորված ռազմավարական շահերի ազդեցության ներքո։

Իսկ դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը չի կարող հիմնվել առանձին երկրների ժամանակավոր քաղաքական հակասությունների վրա։ Այն պետք է շարունակվի որպես երկարաժամկետ, հետեւողական եւ ինքնուրույն ազգային ռազմավարություն, որը կախված չի լինելու տարածաշրջանային ճգնաժամերի ընթացքից։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել