Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Գիտե՞ս, որ…

Հուլիս 24,2026 12:30 Share

Երկար ու ձիգ տարիների ընթացքում գեղարվեստական, գիտահանրամատչելի, մասնագիտական եւ ոչ մասնագիտական գրականություն ընթերցելիս, իսկ վերջին տարիներին նաեւ լսելիս, առաջանում էին տարբեր հարցականներ, հիմնախնդիրներ եւ ինձ համար անհասկանալի հարցեր, որոնց պատասխանները չգիտեի: Մի պահ մտածեցի, որ կարող են դրանք հետաքրքիր լինել նաեւ Ձեզ համար եւ որոշեցի դրանց մասին պատմել:

Ահա դրանցից մի քանիսը: Եվ այսպես: Տարիներ առաջ ձեռքս ընկավ հանրահայտ գրող Ա. Դյումայի ստեղծագործություններից մեկը, որը նախկինում չէի կարդացել: Խոսքը վերաբերում է «Իզաբել Բավարացի» երկին: Հեղինակը նկարագրում է 14-րդ դարում տեղի ունեցած Ֆրանսիայի թագավոր Կարլոս V-ի եւ Իզաբել Բավարացու ամուսնության հարսանիքին: Այդ հանդեսին հրավիրված էին եվրոպական թագավորներ, իշխաններ, հերցոգներ եւ բազմաթիվ այլ երեւելիներ: Հեղինակը վկայակոչելով ժամանակի պատմիչին, մեկ առ մեկ թվարկում է հյուրերին: Թագավորի աջ կողմում, ապա ձախ կողմում նստածներին՝ անուններով, տիտղոսներով: Ապա կարգով անցնում է ապագա թագուհու կողքին նստածներին՝ աջ կողմում՝ Հայոց Թագավորը, առանց անունը տալու, ապա եւ մյուսներին: Բնականաբար կարդալիս կանգ առա, փորձելով հասկանալ,  թե ո՞ւմ մասին է խոսքը:

Հաջորդը. պատահաբար տեսա մի նկար, որում պատկերված էր Տրդատ Ա-ն: Նկարի տակագրում անգլերեն նշված էր՝ «Հայոց Արքա Տրդատ Ա-ի մարմարյա արձանը, որ կատարվել է Հռոմեական կայսր Ներոնի պատվերով (մ.թ. 66թ.)»: Արձանը գտնվում է Փարիզի Լուվր թանգարանում: Ավելացնեմ նաեւ՝ Ներոնի եւ Տրդատի հանդիպման մասին խոսում է նաեւ Ֆրանսուա Ռաբլեն «Գարգանտյուան եւ Պանտագրյուելը» հանրահայտ ստեղծագործությունում: Բնականաբար, անմիջապես այդ մասին ծանոթացա դպրոցական եւ բուհական դասագրքերով, տարբեր պատմաբանների աշխատություններով եւ դժբախտաբար արձանագրեցի, թե որքան աղքատիկ եւ միակողմանի է ներկայացված ե՛ւ հայ, ե՛ւ օտար աշխատություններում: Միակողմանիության արմատները, ըստ իս, թաքնված են հռոմեական պատմիչների քրոնիկներում: Բանն այն է, որ այդ ժամանակաշրջանին եւ իրադարձություններին վերաբերող փաստերի վերաբերյալ տվյալները հաղորդում են այդ աղբյուրները՝ իրենց մեկնություններով: Հայտնի է, որ այդ պատմիչները իրողությունները նկարագրելիս հռոմեացիներին ներկայացնում էին դրական հատկանիշներով, իսկ օտարներին՝ բացասական, ինչն էլ հանգեցնում էր միակողմանիության:

Քանի որ խոսք եղավ թագավորներից, նշեմ մի երեւույթ, որ տարածված էր եվրոպական երկրներում: Հայտնի է, որ ֆրանսիական թագավորական պալատներում, մասնավորապես Լուվրում, զուգարաններ չեն եղել: Եվ թագավորները, եւ մյուս պալատականները իրենց կարիքները հոգացել են վարագույրներով ծածկված տեղերում դրված անոթներում: Այդ անոթներում հավաքված հեղուկը լցնում էին դույլերի մեջ եւ… ի՞նչ էին անում: Վաճառում էին; Ո՞ւմ…:

Տարիներ առաջ կարդում էի հնէաբանությանը վերաբերող մի աշխատություն: Հեղինակը, հայտնի հնէաբան, ներկայացնում էր վայրի կենդանիներին ընտելացնելու երեւույթը: Նա հանկարծ նշում է, որ ի տարբերություն շատ կենդանիների, շներին ընտելացրել է ոչ թե մարդը, այլ՝ հակառակը: Կարդացի եւ ապշեցի, չհասկացա: Նորից վերընթերցեցի, ոչ մի բացատրություն: Դեռ երկար ժամանակ անկախ ինձնից, ժամանակ առ ժամանակ անդրադառնում էի այդ գաղափարին: Շատ ավելի ուշ ինձ թվաց, որ հնարավոր է, թեեւ մինչ օրս չգիտեմ իմ պատկերացրածի ճշգրտությունը:

Հաջորդը: Մի տեղ կարդացի, որ Իսպանիայի եւ Պորտուգալիայի մասնագիտական հանձնաժողովները հանդիպել էին սահմանային մի հարց քննարկելու համար: Քննարկման ընթացքում երկու կողմը Իսպանիայի եւ Պորտուգալիայի ընդհանուր սահմանի երկարության համար ներկայացրել են երկու տարբեր երկարություններ: Տարբերությունը չափվում էր ոչ թե մետրերով, անգամ կիլոմետրերով, այլ հարյուրավոր կիլոմետրերով: Այ քեզ բան…:

Չգիտեմ, թե որքանով քեզ հետաքրքրեցին նշված հարցերը, բայց նկատի ունեցիր, որ դրանք անսպառ են: Եվ առհասարակ, պետք է հիշել, որ որքան շատ գիտես, այնքան շատ բան չգիտես եւ չիմացածը ուղղորդում է մտածողությունը, խթանում նոր գաղափարների առաջացմանը:

Շարունակելի

Վ. Պողոսյան

«Առավոտ» օրաթերթ
23.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել