Դաշտանային ցավերը (դիսմենորեան) շատ կանանց համար «սովորական» երևույթ են, այսպես ասած՝ մի բան, որին պետք է պարզապես դիմանալ՝ թեթևացնելով դրանք ցավազրկող դեղորայքով կամ այլ միջոցներ կիրառելով։ Սակայն National Geographic-ի այս հոդվածը ուշադրություն է հրավիրում կանանց դաշտանային ցավերի համընդհանուր խնդրին՝ ընդգծելով, որ վերարտադրողական տարիքի կանանց մոտ 91 տոկոսը հայտնում է դաշտանային ցավերի մասին, սակայն դրանց պատճառները երկար ժամանակ է՝ լավ չեն ուսումնասիրվում։
Ինչպես նշվում է հոդվածում, 1970-80-ական թթ․ դաշտանային ցավերի պատճառների նկատմամբ գիտական հետաքրքրությունը բավական մեծ էր, սակայն այն հետագայում զգալիորեն նվազեց։ Պատճառներից մեկը դաշտանային ցավերի դեպքում լայնորեն նշանակվող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների, օրինակ՝ իբուպրոֆենի կիրառման աճն էր, սակայն Օհայոյի պետական համալսարանի կենսաէթիկայի մասնագետ, դոցենտ Ջադա Ուիգլթոն-Լիթլը կարծում է, որ կա նաև մեկ այլ՝ ավելի խորքային պատճառ, որը, որքան էլ պարադոքսալ է թվում, այն հանգամանքն է, որ դաշտանային ցավերը շատ տարածված են և սովորաբար չեն ընկալվում որպես առողջական լուրջ խնդիր։
Ուիգլթոն-Լիթլը սա անվանում է «ցավի նկատմամբ մոտիվացիայի պակաս»։ Այսինքն՝ մարդիկ հավատում են, որ կինն իսկապես ցավ է զգում, բայց այդ ցավին չեն արձագանքում նույն լրջությամբ, ինչպես, օրինակ, կարձագանքեին կրծքավանդակի ցավին։
Այլ կերպ ասած՝ բժիշկները գիտակցում են, որ դիսմենորեան ցավոտ վիճակ է, սակայն այն այնքան սովորական երևույթ է դարձել, որ բավարար մոտիվացիան բացակայում է այն արդյունավետորեն ուսումնասիրելու և բուժելու համար։
Կարդացեք նաև
Փորձագետների կարծիքով՝ հենց այս վերաբերմունքն է պատճառներից մեկը, որ դաշտանային ցավերը տասնամյակներ շարունակ քիչ են ուսումնասիրվել։ Սակայն վերջին 10–15 տարիների ընթացքում իրավիճակը սկսել է փոխվել։
2025 թվականին Pain ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում Իլինոյս նահանգի Էվանսթոնի Գինեկոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի գիտնականներն ուսումնասիրել են՝ հնարավո՞ր է արդյոք կանխատեսել ցավի նկատմամբ հակվածությունը դեռ առաջին դաշտանից առաջ։
207 մասնակիցների շրջանում անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ
- նրանք, ովքեր հաճախ ունեցել են «անհանգստացնող սոմատիկ ախտանիշներ» (օրինակ՝ գլխացավ կամ գլխապտույտ), հետագայում ավելի հաճախ են ունեցել տարածուն ցավեր,
- իսկ այն աղջիկները, որոնք լաբորատոր պայմաններում ավելի զգայուն էին ոչ թե ցավոտ, այլ պարզապես տհաճ գրգռիչների՝ բարձր ձայների կամ առկայծող լույսերի նկատմամբ, նույնպես ավելի բարձր ռիսկ ունեին ապագայում տարածուն ցավային համախտանիշ ունենալու։
Դաշտանային ցավերը կարող են փոխել ուղեղի աշխատանքը
Հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկական ցավը կարող է փոխել ճանաչողական գործառույթները։
Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լորա Փեյնի աշխատանքները վկայում են, որ մշտական ցավը կարող է փոխել նաև տեղեկատվության մշակման եղանակը։ «Երբ ուղեղը կրկին ու կրկին ստանում է ազդակներ այն մասին, որ ինչ-որ բան ցավում է, այն սկսում է ավելի շատ մշակել այդ ցավի հետ կապված հուզական տեղեկատվությունը»,- ասում է նա։ Արդյունքում փոխվում է ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվության փոխանցումը, ինչն էլ կարող է ավելի ուժեղացնել ցավի զգացողությունը։ «Դա փակ շրջան է ստեղծում»,- նշում է Փեյնը։
Նրա խոսքով՝ դիսմենորեան ապացուցում է, որ ցավը շատ բարդ երևույթ է, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ ինչպես օրգանիզմում ընթացող գործընթացները (օրինակ՝ հորմոնային փոփոխությունները), այնպես էլ գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները։
Այսպիսով, դիսմենորեան միայն արգանդի խնդիր չէ, այլ ամբողջ օրգանիզմի և հատկապես նյարդային համակարգի մասնակցությամբ ձևավորվող բարդ երևույթ, որի ուսումնասիրությունը կարող է նպաստել ընդհանրապես ցավի մեխանիզմների ավելի լավ ըմբռնմանը։
Դիսմենորեայի բուժման ապագան
Ներկայումս դիսմենորեայի բուժման ավանդական մոտեցումները ներառում են՝
- կենսակերպի փոփոխությունները՝ սթրեսի նվազեցում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն,
- ջեռակների օգտագործումը,
- ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները,
- հորմոնային բուժումը, օրինակ՝ հակաբեղմնավորիչների կիրառմամբ։
Լորա Փեյնի խոսքով՝ որոշ դեպքերում արդյունավետ կարող են լինել նաև կոգնիտիվ-վարքային թերապիան և կոնքի հատակի մկանների վերականգնողական թերապիան։
Այժմ Փեյնը ղեկավարում է հետազոտություն, որի նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչու են որոշ կանանց մոտ ցավազրկողները վատ աշխատում դաշտանային ցավերի դեպքում, և արդյո՞ք այս երևույթում դեր ունի կենտրոնական նյարդային համակարգի բարձր զգայունությունը։ Նրա խոսքով՝ այդ բացահայտումները կարող են ապագայում նպաստել բուժման արդյունավետության բարձրացմանը։
Սակայն ցավը, այդ թվում՝ դաշտանային ցավը, դժվար է թե՛ գնահատել, թե՛ բուժել, քանի որ այն բազմաթիվ գործոնների համադրություն է և յուրաքանչյուր մարդու մոտ դրսևորվում է յուրովի։ Pain ամսագրում հրապարակված ակնարկում նշվում է, որ «ցավի ընկալման անհատական տարբերությունները» պայմանավորված են «կենսաբանական և հոգեսոցիալական գործոնների» համակցությամբ, որոնք ներառում են ժողովրդագրական առանձնահատկությունները, ժառանգական գործոններն ու հոգեսոցիալական գործընթացները։
Այս եզրակացությունը հաստատվել է նաև դաշտանային ցավերի բուժմանը նվիրված վերջին հետազոտություններում։
2024 թվականին անցկացված ուսումնասիրությանը մասնակցել է 18-45 տարեկան 150 կին, որոնք ունեցել են նախադաշտանային համախտանիշ կամ նախադաշտանային դիսֆորիկ խանգարում։ Պարզվել է, որ պլացեբոն զգալիորեն նվազեցրել է նախադաշտանային համախտանիշի ախտանշանների արտահայտվածությունն ու դրանց ազդեցությունը մասնակիցների սոցիալական, կրթական և գործնական կյանքի վրա։
BMJ Evidence-Based Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, որոնք ստացել են պլացեբո և միաժամանակ տեղեկացվել դրա հնարավոր ազդեցության մասին, ախտանիշների ուժգնությունը նվազել է 79,3 տոկոսով, մինչդեռ ստանդարտ բուժում ստացած խմբում այդ ցուցանիշը կազմել է 33 տոկոս։
Բուժման նոր մեթոդները
Միևնույն ժամանակ շարունակվում են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային դիսմենորեայի բուժման նոր մեթոդների որոնումները։
Իսպանիայում իրականացված և International Journal of Osteopathic Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ օստեոպաթիկ մանուալ թերապիայի ծրագիրը, օրինակ՝ ռիթմիկ մերսումը՝ համակցված մարմնի գիտակցման զարգացման պարապմունքների հետ, որոնց ընթացքում մասնակիցները սովորել են ֆիզիոլոգիայի հիմունքները, դաշտանային ցիկլի առանձնահատկությունները, կարող է մեղմել ինչպես ցավը, այնպես էլ դաշտանային այլ ախտանիշները։
Փեյնը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում նաև նեյրոստիմուլյացիայի վրա հիմնված նոր մոտեցումներին։ Նա առանձնացնում է Pain Medicine ամսագրում 2020 թվականին հրապարակված փոքրածավալ, սակայն համոզիչ հետազոտությունը, որի համաձայն տրանսկրանիալ մագնիսական խթանումը՝ նեյրոստիմուլյացիայի մեթոդը, որն ուղղված է գլխուղեղի որոշ հատվածների միջև կապերի ամրապնդմանը, կարող է թեթևացնել առաջնային դիսմենորեայով հիվանդների ցավերը։
Դիսմենորեայի հակիրճ բնութագիրը՝ ըստ Քլիվլենդի կլինիկայի
Դիսմենորեան բժշկական եզրույթ է, որը բնորոշում է ցավոտ դաշտանը կամ դաշտանային կծկանքները։ Բացի կծկանքներից, կարող են ի հայտ գալ նաև այլ ախտանշաններ՝ սրտխառնոց, հոգնածություն, մկանային ցավեր, գլխացավ, փորլուծություն։ Ամենից հաճախ դաշտանային ցավերը սկսվում են դաշտանից մեկ օր առաջ կամ հենց դաշտանի առաջին օրը։ Կանանց մեծամասնության մոտ դրանք թուլանում են երկու-երեք օրվա ընթացքում։
Դաշտանային կծկանքներն առաջանում են, երբ պրոստագլանդին կոչվող հորմոնը ստիպում է արգանդին կծկվել։ Դաշտանի ընթացքում պրոստագլանդինների մակարդակը բարձրանում է, ինչի հետևանքով արգանդն ավելի ուժեղ է կծկվում։ Հենց այդ կծկումներն էլ առաջացնում են ցավն ու անհարմարությունը, բայց և այս կծկումներն են օգնում դուրս բերել արգանդի լորձաթաղանթը՝ արյունն ու հյուսվածքները։ Պրոստագլանդինների մակարդակը բարձրանում է դաշտանից անմիջապես առաջ և սկսում է նվազել դաշտանը սկսվելուց հետո, ինչի պատճառով մի քանի օր անց ցավերն աստիճանաբար թուլանում են։
Դիսմենորեայի երկու տեսակ է առանձնացվում՝ առաջնային և երկրորդային։
Առաջնային դիսմենորեան այն դաշտանային ցավերն են, որոնք կրկնվում են յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ժամանակ և կապված չեն որևէ այլ հիվանդության հետ։ Դրանք ավելի տարածված են։
Եթե դաշտանային ցավերը պայմանավորված են վերարտադրողական օրգանների որևէ հիվանդությամբ կամ վարակով, ապա խոսքը երկրորդային դիսմենորեայի մասին է։ Այս դեպքում ցավը սովորաբար սկսվում է դաշտանային ցիկլի ավելի վաղ փուլում և տևում է ավելի երկար, քան սովորական դաշտանային կծկանքները։ Օրինակ՝ կծկանքները կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ և շարունակվել մինչև դաշտանի ավարտը։
Գլխավոր նկարը՝ դրվագ Ժակ-Լուի Դավիդի «Հորացիուսների երդումը»կտավից
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



















































