Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեսակետը մնում է նույնը։ Այս իշխանություններին ձեռնտու չի Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը». Գառնիկ Դանիելյան

Հուլիս 28,2026 16:49 Share

Բաքվի բանտում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի, նրանց առողջության մասին ստացվող մտահոգիչ տեղեկությունների պարագայում Հայաստանի կառավարության անտարբերության մասին խոսելով՝ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասաց. «Բազմիցս նշել ենք, որ այդ հարցերով զբաղվող մարմինը, ՀՀ կառավարությունն է։ Կառավարության ձեռքում են բոլոր լիազորությունները, հնարավորությունները միջազգային ատյաններում այս հարցը բարձրացնելուց սկսած, մինչեւ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասը դարձնելը։ Այսինքն, այս իշխանության ամենակարեւոր խնդիրներից մեկը ի՞նչը պետք է լիներ։ Ռազմագերիների, պատանդառված անձանց ազատման, անհետ կորածների, անհայտության մեջ գտնվող մարդկանց հարցը։

Անհայտության մեջ գտնվող մարդկանց հարցում տեսնում ենք, որ որեւէ առաջընթաց չկա։ Տեսնում ենք՝ հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ ու արդեն տեւական ժամանակ իրենց հանդիպող չկա, հանդիպելուց էլ այդ մարդկանց խաբում են, որեւէ նորություն, որեւէ նոր բան այդ մարդկանց չեն ասում։ Այսինքն, այս հարցը իրենց համար գոյություն չունի։

Գանք Բաքվում ռազմագերիների, պատանդառված անձանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցին։ Այս հարցով իմ տեսակետը մնում է նույնը։ Այս իշխանություններին ձեռնտու չի այդ մարդկանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը։ Ամեն ինչ մասին խոսում են Ադրբեջանի հետ, ինչ զիջումներ ասես Ադրբեջանը Հայաստանից ստանում է, իրենք իրենց գործն առաջ են տանում՝ խնդիր չկա, խաղաղության դարաշրջան է, բայց արի ու տես, որ քիչ չէ, որ Բաքվի բանտերում մեր հայրենակիցները խոշտանգվում են, իրենց իրավունքները պաշտպանող չկա, որեւէ հարցում առաջընթաց չկա ու այդ մարդիկ այնտեղ շարունակում են կտտանքների եւ բռնությունների ենթարկվել սրանց թեթեւ ձեռքով։

Այսինքն, այս իշխանություն կոչվածները իրենց լռությամբ, լուռ համաձայնությամբ, իրենց վարած քաղաքականությամբ Ադրբեջանին էլ ավելի թեւեր են տալիս հակաօրինական, հակաիրավական գործունեությունը շարունակելու։

Ժամանակին ասել եմ, որ այստեղից Հայաստանի բարձրաստիճան իշխանության հայտարարությունները այնտեղ դառնում են նոր քրեական գործեր»։

Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ նաեւ Ադրբեջանին զուգահեռ՝ Հայաստանում իրականացվող հետապնդումներին, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին կալանավորելուն, ունեզրկելու փորձին, նրա ստեղծած ընկերություններում աշխատող հազարավոր մարդկանց անգործության մատնելուն։

«Ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի ակցիայի ժամանակ լրատվամիջոցներին ասել եմ ու եւս մեկ անգամ վերահաստատում եմ նշածս միտքն ու կարծիքը։ Հայաստանում բոլշեւիկյան մեթոդներով ունեցվածքի վերաբաժանման, կուլակաթափության գործընթաց է։ Մեկ անձ կամ մի խումբ գործող իշխանության պարագլխի ղեկավարությամբ իրեն իրավունք է վերապահում ունեցվածքի վերաբաշխում անել, խլել մարդկանց տարիների ընթացքում ստեղծած ձեռնարկությունները, նյութական միջոցները, տները։ Արդեն հասել են իրենց հետ փոխկապակցված անձանց, անգամ կենդանիներին։ Սա մի զզվելի պրոցես է, որը ոչ բարոյական ասպեկտի մեջ է տեղավորվում, ոչ էլ նորմալ ժողովրդավարական պետության տնտեսական քաղաքականության մեջ։ Սա խուժանապետության ցուցիչ է եւ երկրի վարկանիշի վրա բացասական ազդեցություն է ունենում»,-ասաց պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031