Լրագրողի հարցին, թե Իրանից գազի մատակարարման վերաբերյալ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել և երբ հնարավոր կլինի ավելացնել գազի մատակարարումը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանեց.
«Հանդիպման ժամանակ ֆիքսել ենք, որ Իրանն ունի լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք, իսկ Հայաստանը՝ գազի կարիք։ Որոշակի ծավալով արդեն իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, և ակնհայտ է, որ մեր առկա հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան ծրագրի ներկայիս ծավալը։ Նկատի ունեմ, որ գազատարի թողունակությունն ավելի մեծ է, իսկ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո կկարողանանք զգալիորեն մեծացնել էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը։ Հետևաբար, այս գործարքի ընդլայնման հնարավորությունը մենք ունենք։ Պայմանավորվել ենք ստեղծել աշխատանքային խումբ»։
Հարցին, թե արդյոք ռուսական գազին փոխարինող են փնտրում, պատասխանեց. «Ոչ»։
Իսկ հարցին, թե ինչու հենց հիմա առաջացավ գազի ծավալների ավելացման անհրաժեշտությունը, ասաց. «Մտահոգություն չկա։ Սա աշխատանքային գործընթաց է։ Մենք բազմաթիվ տարիներ շարունակ, առանց դադարների, իրականացրել ենք այդ գործառույթը»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպին և պատասխանելով հարցին, թե այդ ամենից հետո Հայկ Կոնջորյանն ամեն դեպքում կընտրվի՞, Խուդաթյանն ասաց, որ Հայկ Կոնջորյանն արդեն մեկնաբանել է տեղի ունեցածը, և ինքը ավելացնելու բան չունի։
«Այլ հարց չի քննարկվել կուսակցությունում։ Հետևաբար, ստացաք ձեր հարցի պատասխանը»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































