«Մի երկու օր առաջ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը։ Այստեղ նշելու մի քանի կարեւոր հանգամանք կա, որովհետեւ երբ նայում ես երկու երկրների ղեկավարների մամուլի ծառայությունների հաղորդագրությունները, էական տարբերություններ ես նկատում»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում հայ-ռուսական հարաբերությունների մասին։
«Եթե Նիկոլ Փաշինյանը նշում է, որ խոսվել է հայ-ռուսական առեւտրական, տնտեսական հարաբերությունների մասին, շեշտադրում է արել, որպեսզի Պուտինը լուծի այն խնդիրը, որն առաջացել է Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված, որովհետեւ դրանք հակասում են հայ-ռուսական պայմանագրերին, ԵԱՏՄ կարգավորումներին եւ այլն, Վլադիմիր Պուտինի մամուլի ծառայության հաղորդագրությունում ընդամենը մեկ կետ է նշված։ Շատ լակոնիկ, բայց շատ կոշտ ոճով այնտեղ գրված է, որ հեռախոսազրույցի ընթացքում եւս մեկ անգամ շեշտադրվել եւ ընդգծվել է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի ԵԱՏՄ-ԵՄ ընտրության միջեւ։ ԵԱՏՄ-ի կողմից այդ որոշումը կայացվել է մայիսին, երբ նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ չորս երկրներ Հայաստանի առաջ ըստ էության, պահանջ-պայման դրեցին, որպեսզի մինչեւ դեկտեմբեր Հայաստանը կողմնորոշվի՝ գնում է ԵԱՏՄ, թե ԵՄ»։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ «հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո»։
Ըստ Դերենիկ Մալխասյանի՝ «Սա հայկական կողմից, կներեք արտահայտության համար, շատ մանր ժուլիկություն է։ Եթե դու նման խնդիր չէիր դնում, որեւէ տրամադրվածություն չկա, ապա ինչո՞վ է պայմանավորված ԵՄ անդամագրվելու մասին օրենքը, որն ընդունվել է ԱԺ-ում, ի՞նչն էր դրդում, որ նման օրենք ընդունեիք եւ ունենայիք այնպիսի խնդիրներ, որ ունեք հիմա արտահանման հետ կապված եւ որը տանում է տնտեսական կոլապսի։
Կարդացեք նաև
Ձեզ ի՞նչն է դրդում ԵՄ-ին անդամակցելու հետ կապված հակառուսական հայտարարություններ անել, երբ որ ըստ էության ԵՄ-ում ձեզ որեւէ մեկը չի սպասում, ձեզ նման առաջարկ չի եղել։
Հարաբերությունների սերտացման հետ կապված միշտ էլ վարվել է այդպիսի քաղաքականություն թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Բայց չի դրվել կամ-կամի քաղաքականություն ոչ Ռուսաստանի, ոչ Եվրամիության կողմից։ Եղել է բալանսավորված քաղաքականություն։ Բայց դուք հասել եք այն բանին, որ ձեր քայլերով առնվազն կողմերից մեկին արդեն մոտիվացրել եք, որպեսզի ձեզ դնի կամ-կամի ընտրության առջեւ։
Ես կարծում եմ, որ կամ-կամի ընտրության առջեւ դրել են նաեւ ԵՄ-ի չինովնիկները, որոնք իրենց ոտքերը սրբած ունեն հայկական շահի, հայկական պետականության վրա։ Իրենց Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական մանրադրամ։ Նրանք Հայաստանը դիտարկում են որպես հակառուսական պլացդարմ, Ռուսաստանի դեմ թշնամական գործողություն իրականացնելու տիրույթ։ Դրանով է Հայաստանի արժեքը բարձր ֆոնդերլայենների, կալասների եւ նմանատիպ այլ եվրաչինովնիկների համար։
Նիկոլ Փաշինյանը իր անիմաստ հակառուսական, ոչ մի բանով չտրամաբանված քայլերով հրահրել է ռուսական կողմին՝ անցնելու պատժամիջոցների կիրառմանը»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































