Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղականության մասին օրենք պիտի ունենանք, որ չգնան՝ գյուղացուն ասեն՝ դու այնքան չկաս, որ բարեկեցիկ կյանքով ապրես»․ Օլեգ Դուլգարյան

Հուլիս 29,2026 17:11 Share

«Պետք է հստակ պահանջել, որ օրենսդրական փոփոխությունը որը վերաբերում է ՍԼԱՓ-երին, թե′ առանձին օրենքի տեսքով, թե′ օրենսդրական փոփոխությունների տեսքով ընդունվի հենց COP-17-ին ընդառաջ։ Չեմ կարծում՝ ժամանակը քիչ է․ մեզ մոտ նույնիսկ 24 ժամում են օրենսդրական փոփոխություններ մշակում և անցկացնում, իսկ սրա մասին կարծում եմ՝ արդեն առաջարկությունների փաթեթ և որոշակի կոնսենսուս կա։ Հնարավոր է հասնել նրան, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը COP-17-ից առաջ ընդունվի»,-«COP-17-ին ընդառաջ․ իրավապաշտպանների օրակարգը և մարդու իրավունքների առաջնահերթությունները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Ըստ նրա՝ ամեն ինչ լավ է, երբ մասնակցում ենք տարբեր քննարկումների, միջոցառումների, բայց երբ գնում ենք համայնքներ, կարծես երկու իրականություններում լինենք․ «Ցավալի է, բայց այսօր ՀՀ-ում օրինակները շատ են, երբ հանքարդյունահանմանը վերաբերող հանրային լսումները կամ թաքուն են կազմակերպվում կամ փորձում այնպես կազմակերպել համայնքային մակարդակով, որ հանրությունը չմասնակից չլինի, իր ձայնը չհանի, և ամեն ինչ հանգիստ իր հունով գնա»։

Օլեգ Դուլգարյանը մտահոգություն հայտնեց՝ մարդիկ, որոնք հատկապես գյուղական համայնքներում ինչ-որ գործունեության դեմ են արտահայտվում, թիրախավորվում են, անցնում տարբեր մեղադրանքների միջով․ «Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ անտեսելով քաղաքացիների կարծիքը՝ հանրային լսումներին կայացնում են որոշումներ, որոնք բխում են միայն իրենց ու հանքարդյունաբերողների շահերից»։

Օլեգ Դուլգարյանը վստահեցրեց՝ ՇՄԱԳ օրենսդրության մեջ հստակ փոփոխությունների կարիք կա․ «Այս պահին, որ մենք այս անիրավչությունը տեղական մակարդակում կարողանանք կասեցնել, պիտի դրա մասին խոսենք և շարունակենք մեր համատեղ աշխատանքը նաև COP-17-ից հետո։ Մենք շատ ենք խոսում իրավապաշտպանների մասին, բայց պետք է հիշենք՝ իրավապաշտպանը կոչում չէ․ յուրաքանչյուր գյուղում մի ակտիվ քաղաքացի, որը զբաղվում է հանրային շահերի պաշտպանությամբ, ինքն իրավապաշտպան է, և իրավական մեխանիզմներն իր համար քիչ հասանելի են, և նա տեղական մակարդակում կարող է ենթարկվել տարբեր տեսակետի ճնշումների՝ մեզ միգուցե անծանոթ։ ՀՀ-ում նրանք առավելապես գյուղացիներն են։ Մենք չունենք գյուղականության պաշտպանության օրենք։ ՀՀ-ում պետք է լինի գյուղականության պաշտպանության օրենք, որի մեջ մտնում է մարդը և կենսաբազմազանությունը, բնությունը՝ միաձուլված, և այդ մեխանիզմները մեկը մյուսին փոխզսպող պիտի լինեն, որպեսզի չկարողանան գնալ գյուղ և ասել՝ գիտես, դու պետք է հանք տաս մեզ քո գյուղատնտեսական հողերում, դու այնքան չկաս, որ առանձնակի բարեկեցիկ կյանքով ապրես, քո միակ փրկությունը հանքն է, դու ընդհանրապես փոքր մարդ ես, առանց քեզ կորոշենք։ Այդ օրենքը պետք է ընդունենք, որը հավասար մեխանիզմներ լինեն տեղական համայնքների բնակիչների համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031