«Նախընտրական շրջանում հայաստանյան բնապահպանական համայնքը մարզային մակարդակում, մասնավորապես «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամները, անմասն չեն մնացել գործընթացներից, մշտադիտարկել են այն կեղծ նարատիվները, որոնք տարածվում են ՀՀ ամենատարբեր մարզերում և համայնքներում, նաև երևույթները, որոնք խնդրահարույց են արդար ընտրությունների կազմակերպման տեսանկյունից»,- Մեդիա կենտրոնում կայացած՝ «Ընտրողների վրա ազդեցության ռիսկերը համայնքներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր, բնապահպան իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը:
Նրա ձևակերպմամբ՝ բնապահպանները Հայաստանում անգամ ոչ ընտրական ժամանակաշրջանում անընդհատ բախվում են կեղծ նարատիվներին, ինչի հետևանքով լավ են տիրապետում, թե ինչպես են աշխատում այդ գործիքները: «Մեր նպատակը ոչ միայն մշտադիտարկումն էր, այլ մարդկանց իրազեկելը և կոնտրնարատիվներ ներկայացնելը, որպեսզի հանրությունը հասկանա, թե որն է ճիշտը և որը՝ սուտը, և պակաս խոցելի լինի: Մենք ունենք կեղծ նարատիվների մի քանի շերտ, որոնք նախընտրական շրջանում հրամցվել են մեր բնակչությանը:
Գլոբալ շերտը ծածկում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, և ամեն կողմերից այդ նարատիվներն ի հայտ են գալիս: Օրինակները շատ են, դրանցից մեկը հետևյալն է՝ եթե մենք չլինենք, պատերազմ կլինի, կամ մյուս կողմն էլ հետևյալն է ասում, որ խաղաղությունը կայուն չէ, և կլինի պատերազմ, եթե իրենք չլինեն, այսինքն՝ արժանապատիվ խաղաղություն, ինչը ևս նարատիվ է, 300 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում և այսպես շարունակ…
Կա նաև նարատիվների երկրորդ շերտը: Դրանք փոքր նարատիվներ են, որոնք պետք է ազդեն համայնքի բնակիչների վրա: Համայնքի բնակիչները սեգմենտավորվում են համապատասխան կենտրոնների կամ օջախների կողմից, և ամեն սեգմենտի համար ստեղծվում է իր յուրահատուկ նարատիվը: Այսինքն՝ գլոբալ նարատիվներն իջնում, ավելի փոքրանում են, մասնավորեցվում ըստ սեգմենտների, ըստ տարածաշրջանների, ըստ համայնքների»,- նշում է Դուլգարյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ օրինակ, թոշակառուներին վախեցնում են, որ եթե ընտրվեն, թոշակները կբարձրանան, մյուս կողմն էլ պնդում է, որ եթե իրենք չընտրվեն, թոշակները կիջեցվեն:
«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման ներկայացուցիչ Վարդուհի Անանյանն անդրադարձավ Վանաձոր, Փամբակ համայնքներում անցկացված քննարկումներին և ասաց, որ տարբեր արդյունքներ են ստացվել: Նրա ձևակերպմամբ՝ մի մասի վրա խաղաղության և տնտեսական թեմաներով նարատիվներն են ազդեցություն ունեցել, մյուս մասն ավելի համարժեք մոտեցում է ցուցաբերել, փորձել ինքնուրույն հաղթահարել այդ նարատիվների ազդեցությունը:
«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր Շավարշ Մարգարյանը, հենվելով իրենց դիտարկումների վրա, արձանագրեց, որ քաղաքացիները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այժմ ավելի շատ են տրամադրված բարձրաձայնել խնդիրների, իրենց համայնքներում պտտվող նարատիվների մասին: Նրա համոզմամբ՝ դրական տեղաշարժ կա, և մարդիկ ավելի անկաշկանդ են:
«Մյուս կողմից, ամեն դեպքում հասարակության մեջ դեռևս մնում է կարծրացած այն մոտեցումը, որ մարդը չպետք է բարձրաձայնի: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, արձանագրված խնդրահարույց դեպքեր, սակայն մարդիկ հաճախ չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին և դիմել իրավապահներին»,- հավելեց Օլեգ Դուլգարյանը:
Կեղծ նարատիվներին անդրադառնալով՝ նա փաստեց, որ, օրինակ, եվրոինտեգրումը գյուղերում համեմատում են անբարոյական երևույթների հետ, վատ քողի ներքո են ներկայացնում, և լավ է, որ ինչ-որ մի պահի մարդիկ հասկացել են, որ տեղեկատվական ագրեսիայի ներքո են հայտնվել:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի



















































