«Խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչեւ այսօր Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, այդ թվում՝ քաղաքական առումով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
«Հայաստանը ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ, պրոբլեմն այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետեւյալն է՝ կամ էքսկյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը, մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է»,- հավելեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցադրում արեց․ «Դու ասում եք՝ Հայաստանը լավ գործընկեր չէ։ Հայաստանը 2022 թվականին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր ֆունկցիաները չկատարեց։ Ի՞նչ էր արել Հայաստանի Հանրապետությունը, ո՞ւմ էր վատություն արել։ Ինչո՞վ էր ՀՀ-ն վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մե՞ջ է խնդիրը, բա դրանից առաջ դեպքեր են եղել, ինչո՞վ էր վատը ՀՀ-ն։ Իսկ ինչո՞ւ է մեր կանխավարկածը այն, որ պարտադիր մենք ենք վատ գործընկեր։ Կամ ՀՀ-ն ում էր ինչ արել, որ Բելառուսի նախագահը հայտարարեց՝ Հայաստանն ո՞ւմ է պետք։ Բելառուսին վատությո՞ւն էր արել ՀՀ-ն, ո՞նց կարելի է ինքնիշխան երկրի մասին այդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Հարգարժան գործընկերը՝ Բելառուսի նախագահը փնտրում, փնտրում եւ չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Հիմա մենք տալիս ենք այդ հարցի պատասխանը՝ ՀՀ-ն պետք է Չինաստանին, Միացյալ նահանգներին, Եվրամիությանը, Իրանին, Վրաստանին, Ֆրանսիային, Գերմանիայի, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային։ Եվ այդ բոլոր գործընկերներն էլ ՀՀ-ին են պետք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարությունների վերաբերյալ հարցին, որ ռուս խաղաղապահներին չպետք է մեղադրել, Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, նա ասաց․ «Այդ թեմաներով այնքան ենք խոսել, արդեն երկու ընտրություններում այդ թեմաները պարզաբանվել են, եւ Հայաստանի ժողովուրդն էլ արձագանքել է այդ ամենին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցին․ «Նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը գոնե պետք է դիմած լինի։ Էլ չեմ ասում, որ ավելի տրամաբանական է, որ Հայաստանը գոնե անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա։ Այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե այդ հարցով եւ անհրաժեշտ կլինի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































