Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հաստատել է 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսությունների ֆինանսական և արտադրական կայունության ապահովման հրատապ անհրաժեշտությամբ։ Վերջին շրջանում ձկան և ձկնամթերքի արտահանման ոլորտում առաջացած դժվարությունների, իրացման խնդիրների և շրջանառու միջոցների սղության հետևանքով տնտեսավարողները բախվել են արտադրության շարունակականության ապահովման խոչընդոտների, ինչը կարող է հանգեցնել արտադրության ծավալների կրճատման, արտահանման ներուժի նվազման, աշխատատեղերի կորստի և ոլորտի մրցունակության թուլացման։
Միջոցառման շրջանակներում առաջարկվում է 2026 թվականի ընթացքում պետական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գործունեություն իրականացնող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին՝ աջակցության չափը սահմանելով տվյալ տնտեսությունների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում միջին ամսական ծավալով ձեռք բերված ձկան կերի փաստացի արժեքի 20 տոկոսի չափով։ Ծրագրի շրջանակում աջակցությունը նախատեսվում է տրամադրել ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին։ 1 կգ ձկան արտադրության համար ծախսվում է միջին հաշվով 1,25 կգ կեր, ուստի 24,0 հազար տոննա ձկան արտադրության համար հանրապետությունում տարեկան օգտագործվում է շուրջ 30 հազար տոննա ձկան կեր։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հանրապետությունում 1 կգ ձկան կերի միջին արժեքը կազմում է շուրջ 900 ՀՀ դրամ։ Արդյունքում` տարեկան կերի ձեռքբերման արժեքը կազմում է շուրջ 27,0 մլրդ դրամ, որից ամսական՝ շուրջ 2,25 մլրդ դրամ։ Քանի որ ծրագրով նախատեսվում է փոխհատուցել 2026 թվականի առաջին կիսամյակի միջին ամսական ծավալով ձեռք բերված ձկան կերի փաստացի արժեքի 20 տոկոսը, ապա մեկ ամսվա պետական աջակցության անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 450 մլն դրամ։
Որոշման ընդունման արդյունքում կմեղմվեն ձկան արտադրության ծավալների նվազման միտումները, կպահպանվեն արտադրական ծավալները, կպահպանվեն ձեռնարկությունների աշխատատեղերը, որը կնպաստի արդյունագործական ձկնաբուծարանների բնականոն գործունեության պահպանմանը, ձկնաբուծության ոլորտի կայուն զարգացմանը և արտահանման ծավալների պահպանմանը։
Կարդացեք նաև
Վարչապետն ընդգծել է, որ այս պրոցեսը լավ առիթ է անդրադառնալու ոլորտների հետ կապված բովանդակային հարցերին: «Շատ երկար ժամանակ մեր տնտեսությանն այն ուղերձն ենք տալիս, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել: Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած այն բանին, որ Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել: Իսկ դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետև գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով, նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անհրաժեշտ է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ աջակցությունը պետք է օգտագործել ի նպաստ զարգացման, արտադրանքի որակի բարձրացման: Երկրի ղեկավարն այս համատեքստում ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ձկնաբուծության, այլ բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ երկխոսության գնալ և գտնել անհրաժեշտ լուծումներ՝ ուղղված տնտեսության արդյունավետության և որակի բարձրացմանը:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշները, «Մուդիս» վարկանիշային գործակալությունը՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ որոշումը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետը անդրադարձել է այս շաբաթվա սկզբին Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տնտեսական ակտիվության ցուցանիշներին: «Պետք է ուրախությամբ արձանագրենք, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով: Այսինքն՝ մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իհարկե, առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը և ծառայությունները, նաև արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է: Ավելի լավ ցուցանիշներ ունենք հունվար-հունիս կտրվածքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.9 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 10.8 տոկոս, շինարարությունը՝ 24 տոկոս, ծառայությունները՝ 11 տոկոս ակտիվության ցուցանիշն աճել է: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտում ունենք որոշակի խնդիրներ, բայց ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ գյուղատնտեսությունում, առանց այս ընթացիկ խնդիրների, ունեինք որոշակի նվազման պրոցեսները, և այդ ամեն ինչը, առաջին հերթին, կապված էր գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք: Բայց տնտեսական ակտիվությունը բավականին լավ է Հայաստանի Հանրապետությունում: Պետք է արձանագրել նաև, որ զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք և մեծ է հավանականությունը, հաշվի առնելով առաջիկայում սպասվող COP17 համաժողովը, 2026 թվականին զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ»:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է նաև «Մուդիս» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 28-ին որոշման հրապարկմանը: «Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «Ba3» մակարդակում: «Մուդիսը» վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով՝ աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ, միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ, 2026-2027 թվականներին ակնկալվում է 5-5.5 տոկոս տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ, տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով, հատկապես՝ տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտում տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ և արտադրողականության բարձրացման հեռանկարներով»,-ընթերցել է վարչապետը:
Ավարտվել է Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքները
Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված է մի շարք այլ ծրագրերի բնականոն ընթացքների ապահովման անհրաժեշտությամբ: Ոռոգման համակարգերի առողջացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝ «Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» միջոցառման շրջանակներում ֆինանսավորվում է Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների իրականացումը։ 2026 թվականին շարունակվել են ջրամբարի SCADA համակարգի և հսկիչ-չափիչ սարքավորումների ծրագրային կարգաբերման, ինչպես նաև՝ գետերում ջրի ազատ հոսքի առկայության պայմաններում փականների ջրով փորձարկման աշխատանքները։ Արդյունքում՝ երկարաձգվել են կապալի և շինարարության վերահսկողության խորհրդատուի պայմանագրային ժամկետները։ Աշխատանքների վերջնական ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբերին, որից հետո կապալառուին նախատեսվում է վճարել պահված ետերաշխիքային գումարների՝ ավարտական գործընթացից հետո վճարման ենթակա գումարի մի մասը։ Միաժամանակ, ընթացիկ տարում անհրաժեշտ է իրականացնել շինարարության տեխնիկական վերահսկողության խորհրդատուի 2025 թվականին մատուցած, սակայն 2026 թվականի տարեսկզբին ներկայացված-փաստաթղթավորված, ինչպես նաև՝ 2026 թվականին մատուցած ծառայությունների դիմաց համապատասխան վճարումները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում սույն միջոցառման համար համապատասխան վերաբաշխումների միջոցով անհրաժեշտ է ապահովել հավելյալ 650,352.0 հազ. դրամի բյուջետային միջոցներ։
«Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում ֆինանսավորվում է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքների իրականացումը։ Ջրամբարի կառուցման աշխատանքները նախորդ տարիներին իրականացվել էին նվազ արտադրողականությամբ՝ կապալառուն մի շարք հանգամանքներով պայմանավորված խախտել է պայմանագրային գրաֆիկով ամրագրված աշխատանքային ժամկետները և պայմանագիրը դադարեցվել է փետրվարի 2-ից։ Արդյունքում՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված միջոցները մասնակի կօգտագործվեն՝ կվճարվեն միայն կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները և սույն միջոցառման համար նախատեսված միջոցներից հնարավոր է 654,822.0 հազ. դրամի վերաբաշխումներ կատարել։
«Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման փուլ 1 ծրագրով Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար ենթակառուցվածքների և բնակելի տների կառուցում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար ենթակառուցվածքների և բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման նպատակով։ 2026 թվականի փետրվարի 2-ից դադարեցվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման կապալի պայմանագիրը, իսկ Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար ենթակառուցվածքների/բնակելի տների կառուցման հետ առնչվող նախապատրաստական աշխատանքները քննարկումների/համաձայնեցումների նոր փուլում են։ Ուստի՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված միջոցներից հնարավոր է 4,000.0 հազ. դրամի վերաբաշխումներ կատարել։
«1072 Ջրամատակարարաման և ջրահեռացման բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝ «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 – Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրերի կառավարում» միջոցառման շրջանակներում իրականացվում է «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 – Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքեր» ծրագրի համակարգումն ու ղեկավարումը։ Ծրագրի իրականացման տարբեր փուլերում գտնվող շինարարական աշխատանքների շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման և նոր շինթույլտվությունների ձեռքբերման դիմաց անհրաժեշտ վճարումների կատարման համար սույն միջոցառման «4822 – Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» հոդվածով անհրաժեշտ է ևս շուրջ 4,000.0 հազ. դրամ, որն առաջարկում ենք ապահովել ՀՀ 2026թ. պետական բյուջեում համապատասխան վերաբաշխման միջոցով։
«Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման «5134 – Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով 2025 թվականին մատուցված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարումների մի մասը կատարվել է 2026 թվականի տարեսկզբին։ Արդյունքում՝ հաշվի առնելով նաև փոխարժեքային տատանումները, ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում այս կապակցությամբ անհրաժեշտ է ավելացնել շուրջ 4,470.0 հազ. դրամ բյուջետային միջոցներ՝ նախատեսված բոլոր վճարային պարտավորությունները պատշաճ կատարելու համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ 04․12․2025 թվականի թիվ 1761-Ն որոշման 38-րդ կետի 3-րդ ենթակետի նկատառմամբ՝ համաֆինանսավորման միջոցները ուղղվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ/և ապա վերաբաշխվում։
Վարչապետն ընդգծել է. «Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտվել է, ինչի առիթով ուզում եմ բոլորիս շնորհավորել, քանի որ այս մասշտաբի ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ մենք երրորդ հանրապետության պատմության մեջ իրականացնում ենք առաջին անգամ: Պետք է արձանագրել հետևյալը, երբ մենք ասում ենք, որ ջրամբարի շինարարությունն ավարտված է, հասկացությունների մեջ պետք է ճշգրտում անենք»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա տեղի են ունենում ջրալցման աշխատանքները, և ջրալցումը տեղի է ունենում ինժեներական ամենօրյա սպասարկմամբ: Երկրի ղեկավարը նաև նշել է, որ տեղի է ունեցել այցելություն Վեդիի ջրամբար և տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արձանագրումն այն է, որ կառույցը տպավորիչ է, այն կառուցվել է նորագույն տեխնոլոգիայով և Հայաստանում եզակի է:
Մրցակցային ստեղծագործական հարթակ կստեղծվի երիտասարդ երաժիշտ-կատարողների համար
Կառավարությունն ընդունել է որոշում «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի պատշաճ կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ, որի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն, որը կհարստացնի Հայաստանի երաժշտական փառատոնային կյանքն ու ներկապնակը: Երաժշտական մրցույթ-փառատոնի անցկացումը նպատակ ունի ստեղծելու մրցակցային ստեղծագործական հարթակ երիտասարդ երաժիշտ-կատարողների համար՝ խթանելով հեղինակային երաժշտության զարգացումը, կենդանի կատարողական արվեստի հանրահռչակումը և ժամանակակից երաժշտական մշակույթի տարածումը։ Միաժամանակ, այն կնպաստի երաժշտական ոլորտի մասնագետների, ստեղծագործական խմբերի, պրոդյուսերների և մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը և նոր ստեղծագործական կապերի ձևավորմանը։ Կարգավորման նպատակն է ապահովել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման պատշաճ իրականացումը: «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ է 178 954.6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) գումար։ Կարգավորումն ունի ֆինանսատնտեսական բնույթ և ուղղված է արդյունավետորեն ապահովելու պետական կարևորության մշակութային միջոցառումը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ընդհանրապես քաղաքական ազատությունները և ժողովրդավարությունները ունենում են կարևոր էֆեկտներ և դրանց էֆեկտներից մեկը ստեղծագործականության զարգացումն է, այդ թվում՝ երիտասարդության շրջանում»:
Կառավարությունը շարունակում է ջերմատնային արտադրության արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների փոխհատուցումը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը օգոստոսին ևս տրամադրել։ Բացի այդ, արտահանման շուկաներում միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով մրցունակություն ապահովելու համար տնտեսավարողների առաջարկությամբ օգոստոս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է պալերմո տեսակի պղպեղով և սմբուկով։ 2026 թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ն արտահանվել է շուրջ 1526 տոննա պղպեղ, 770 տոննա լոլիկ, 213․4 տոննա ելակ, շուրջ 5․8 մլն հատ և 58 տոննա ծաղիկ, որից հուլիսին՝ 23-ի դրությամբ արտահանվել է շուրջ 742 տոննա պղպեղ, 562 տոննա լոլիկ, 104․4 տոննա ելակ, շուրջ 2․3 մլն հատ և 23 տոննա ծաղիկ։ Հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ն ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ծաղիկներ են արտահանվել 26, միրգ՝ 19, իսկ բանջարեղեն՝ 8 երկիր։ Հիմնավորման համաձայն, նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև օգոստոս ամսվա համար։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թ. օգոստոս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 4100 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։
Ըստ այդմ՝ օգոստոս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ
3) չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ
4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ
5) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ
6) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ
7) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ
8) Եվրոպական Միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։
Միջոցառման շրջանակում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով արտահանվող ապրանքների մասով փոխհատուցման տրամադրման փաստաթղթերն ամբողջականացնելու նպատակով պահանջվող փաստաթղթերի ցանկը լրացվել է օդային փոխադրումը հիմնավորող փաստաթղթով (Air Waybill)։
Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն
Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ԿԳՄՍ նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով բարերարի կողմից նախատեսվում է ՀՀ-ին նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող իրեն պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով, և խնդրել կազմակերպել նշված անշարժ գույքը ՀՀ-ը որպես նվիրաբերություն ընդունելու հետ կապված գործընթացը։ Որոշմամբ նախատեսվում է ընդունել Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 3-րդ փակուղի, 1 հասցեում գտնվող, 817.64 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.26 հա մակերեսով հողամասի և Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 2-րդ փակուղի, 6/1 հողամաս հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի նվիրաբերությունը ՀՀ-ին և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ գորգերի թանգարանի հիմնադրման և գործունեության ապահովման նպատակով՝ պահպանելով այդ տանը բարերարի բնակության իրավունքը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ձևավորել հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն:
Քայլեր կիրականացվեն Հայաստանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման ուղղությամբ
Կառավարությունը կայացրել է որոշում, որը բխում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին ռազմավարական ուղղության 1.3 մասնավոր նպատակի 1-ին և 2-րդ գործողությունների պահանջից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23937.4 ՀՀ դրամ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:
Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի նպատակներն են՝ Հայաստանի Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը՝ որպես ակտիվ կենսակերպի և հանգստի միջոցի, հեծանվային սպորտի դերի բարձրացումը՝ որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի, միաժամանակ ապահովելով «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը, սպորտային տուրիզմի զարգացումը և Սևանա լիճը որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման գրավիչ վայր ներկայացնելը, տարբեր սերունդների միջև համագործակցության և առողջ մրցակցության միջավայր ստեղծելը՝ հեծանիվ վարելը դարձնելով բոլոր տարիքի մարդկանց համար հասանելի և գրավիչ զբաղմունք: Սույնով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 23937.4 հազ.դրամ «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «11032. «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ միջոցառմանը:
Մրցաշարերի անցկացման արդյունքում ակնկալվում է ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակություն, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվողների քանակի էական աճ, բնակչության կենցաղում ակտիվ հանգիստ և առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի աճ ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական ծրագրերի անցկացման խթանում և բարելավում:
Տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ կապահովվի
Կառավարությունը կայացրել է որոշում՝ տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Որոշմամբ առաջարկվում է 6 ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ներմուծման վրա։ Որոշման ընդունման դեպքում կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը՝ ամբողջ ծավալով։
Առկա ուսուցման մեջ ընդգրկված անձինք հնարավորություն կունենան դառնալ ինքնազբաղվածության խթանման ծրագրի շահառու
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առկա ուսուցման մեջ ընդգրկված անձինք ևս հնարավորություն կունենան դառնալ ինքնազբաղվածության խթանման ծրագրի շահառու։ Որոշմամբ հստակեցվում են այն կազմակերպությունների նկատմամբ պահանջները, որոնց հետ պետք է հրապարակային օֆերտայի պայմանագրեր կնքվեն: Մասնավորապես՝ սահմանվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում կազմակերպությունն առնվազն 2 տարի պետք է իրականացրած լինի բիզնես դասընթացների կազմակերպման և բիզնես ուղեկցման գործունեություն, որն էլ հավաստվի համապատասխան փաստաթղթերի (պայմանագիր, հանձման-ընդունման ակտ կամ արձանագրություն կամ այլ հավաստող փաստաթղթեր) առկայությամբ։
Որոշմամբ առաջարկվում է, որպեսզի ծրագրի շահառուն հարթակում կատարի նշում ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ, աշխատանքային գործունեություն չիրականացնելու մասին և տա համաձայնություն նշված տեղեկատվությունը ստուգելու վերաբերյալ։ Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն սահմանված կարգով պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում, որտեղ նշում կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի՝ ծրագրի պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարթակում՝ տվյալների շտեմարանների փոխգործելիությամբ անձի տվյալների համադրման միջոցով։ Առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով այն, որ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ ստանալ հավաստիացում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ, աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ դրամաշնորհը կտրամադրվի գործարար ծրագրով նախատեսված գումարի 30%-ի չափով շահառուի կողմից ներդրում կատարելը հավաստվելուց հետո, ընդ որում, շահառուի կողմից ներդրումները կարող են լինել դրամական կամ գույքային (հիմնական միջոցներ, տարածքի տրամադրում)։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Գործադիրն ընդունել է ընկերությունների ներդրումային ծրագրերին խթանելու՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ որոշումներ։
«ՕՐԳԱՆԻԿ ՊԱԿ ՔԱՓՍ» ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել ստվարաթղթից միաշերտ և երկշերտ մեկանգամյա օգտագործման բաժակների, ինչպես նաև կրաֆտ ստվարաթղթից ամանների արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 406․4 մլն դրամ սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 406․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։
«ԻՆՆՈԹԵԿ» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել շինարարական չոր շաղախների արտադրության համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․7 մլրդ դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 100 աշխատատեղ՝ 642 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 170-ի՝ 899 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 106 մլն դրամ։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների ստեղծման վերաբերյալ որոշումներին։ Ըստ հիմնավորման՝ ՊԵԿ-ի կարիքների համար Երևանում և Սյունիքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա) մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հանդիսանում է ներկայումս որդեգրված ԱՏԳ կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը: Սյունիքի և Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը և գործընթացների արագությունը։ Միաժամանակ, նշված կենտրոնները կապահովեն մաքսային հսկողության և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն և կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և մաքսային հսկողության դյուրացմանը։
Ահարոն Սահակյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից
Կառավարության որոշմամբ, Ահարոն Սահակյանը 2026 թվականի հուլիսի 31-ից կազատվի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից:
***
Ամփոփելով նիստը՝ վարչապետը նշել է. «Սա մեր Կառավարության վերջին հերթական նիստն է: 9-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորման առիթով Սահմանադրությամբ նախատեսված կարգով մենք կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո, հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Հետևաբար՝ այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ: Ես ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչի արդյունքների մասին խոսել ենք և խոսելու առիթներ էլ կունենանք»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ մի շարք գործընկերներ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ովքեր ներկա են Կառավարության նիստին, հաջորդիվ իրենց աշխատանքը շարունակելու են խորհրդարանում՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:
Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, Ահարոն Սահակյանը և Նազելի Բաղդասարյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել փոխլրացնող և արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել, որ խորհրդարանում իրենց գործունեությունը կշարունակեն նույն նվիրումով և պատրաստակամությամբ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
ՀՀ կառավարություն


















































