Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանը չստորագրի, կնշանակի՝ չի ցանկանում ՀՀ քաղաքացիներին ձերբազատել տնտեսական պատժամիջոցներից. Էմիլ Մարկոսյան

Օգոստոս 03,2026 13:39 Share

«Այսօր՝ օգոստոսի 3-ին, մեկնարկեց մեր ստորագրահավաքը: Մենք՝ նախաձեռնող խմբի անդամներով, ցանկանում ենք, որ առաջին ստորագրությունը դնի Նիկոլ Փաշինյանը՝ որպես իր խոսքերի ապացույց, որ ՌԴ այցելությունների ժամանակ հայտնում է, որ Հայաստանն ունի ԵԱՏՄ-ի կարիքը, դեպի ԵՄ գնալու հանրաքվեի կարիքը դեռ չի տեսնում եւ շահագրգիռ ենք մնալ ԵԱՏՄ-ում: Նա նմանատիպ խոսակցություն ունեցել է ՌԴ վարչապետ Միշուստինի հետ, որի ժամանակ ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է մնալ ԵԱՏՄ-ում, եւ ԵԱՏՄ-ի շուկան շատ կարեւոր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը:

«Դրա համար, որպես իր խոսքերի խորհրդանշական ապացույց, մենք իրեն բերել ենք մի փաստաթուղթ, որպեսզի նա ստորագրի, որ ԵԱՏՄ-ի կազմում մնալու ցանկություն եւ պատրաստակամություն ունի: Դիմում ենք գրել կառավարություն, դիմումին կից ներկայացրել ենք ԿԸՀ որոշումը, որ նախաձեռնությունը գրանցվել է, ստորագրահավաքն օրինական է: Ներկայացրել ենք Սահմանադրության մեջ օրենքի լրացում-փոփոխություն կատարելու նախագիծը, ինչպես նաեւ ստորագրությունների թերթիկը, որտեղ պետք է առաջին համարում ինքը ստորագրի: Դիմումն ընդունեցին մեծ սիրով, խոստացան սեղմ ժամկետներում, մի քանի օրվա ընթացքում պատասխանել մեզ: Ստորագրության դեպքում արդեն ստորագրված բլանկը կհանձնեն մեզ»,- մանրամասնեց Մարկոսյանը:

Ասաց նաեւ, որ անձամբ է գնալու բնօրինակ փաստաթուղթը վերցնելու, նախնական պայմանավորվածության համաձայն՝ իրենց ասել են, որ 2-3 աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանեն:

Մեր հարցին՝ վստա՞հ է, որ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությունը կդնի այդ թերթիկում, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամն այսպես արձագանքեց. «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին կամ մեր կառավարությանը, ոչ մի բանում վստահ չեմ, լինեմ անկեղծ… Սակայն հույս ունեմ, որ կստորագրի: Եթե չստորագրի, վատագույն դեպքում դա կնշանակի, որ իր բոլոր այցելությունների ժամանակ իր ասած խոսքերը ՌԴ իշխանություններին սուտ են: Նաեւ կնշանակի, որ միտումնավոր չի ցանկանում ՀՀ հազարավոր քաղաքացիներին ձերբազատել տնտեսական պատժամիջոցներից»:

Նա ընդգծեց, որ ԿԸՀ դիմել են օրենքով սահմանված կարգով, նախաձեռնող խմբի 53 անդամներով են, սակայն գաղափարի հեղինակը «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն է, որը ներկայումս վտարանդու կարգավիճակում է, Հայաստանում չէ, հետեւաբար իրենք են գործընթացն իրագործում։

Էմիլ Մարկոսյանը նաեւ հավելեց, որ եթե հանկարծ Փաշինյանը չդնի իր ստորագրությունը, միեւնույն է, հավաքելու են ստորագրություններ: Ավելին՝ օգոստոսի 8-ից ավելի լայնամասշտաբ գործողությունների են անցնելու, շրջիկ խմբերով լինելու են բոլոր մարզերում՝ ստորագրահավաքը հանգրվանին հասցնելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31