«Ազատություն». Ռուսաստանից հայտնում է, որ Սև ծովի ափին գտնվող Գելենջիկ հանգստավայրում տեղի ունեցած՝ «ուկրաինական անօդաչու թռչող սարքի նպատակային հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս 40 մարդ վիրավորվել է»։
Սոցիալական ցանցերում տարածված և Reuters-ի կողմից հաստատված տեսանյութերում երևում է, թե ինչպես է, ըստ երևույթին, անօդաչու թռչող սարքը հարվածում Գելենջիկի մերձակայքում գտնվող մարդաշատ լողափին, ինչին հաջորդում է ուժեղ պայթյուն։
Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, որի կազմում է գտնվում Գելենջիկը, տեղի ունեցածը անվանել է ողբերգություն։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 21 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ինը տուժած գտնվում է ծանր վիճակում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ըստ պետական ՏԱՍՍ գործակալության, Ուկրաինային մեղադրել է ահաբեկչության մեջ։
Ուկրաինան դեռ չի պատասխանել մեղադրանքերին։ Ինչպես և Ռուսաստանը, Կիևը պարբերաբար հայտարարում է, որ Մոսկվայի սանձազերծած լայնածավալ պատերազմում դիտավորյալ չի թիրախավորում խաղաղ բնակիչներին։
Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ ուկրաինական ավիահարվածների հետևանքով Ռուսաստանի առողջարանային գյուցերից մեկում և Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմում, զոհվել է վեց մարդ: Մոսկվան Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները սկսել է 2022 թվականի փետրվարին և պարբերաբար հարվածներ է հասցնում հարևան երկրին, այդ թվում՝ Ղրիմի թերակղզուց։
Վերջին ամիսներին Ուկրաինան ակտիվացրել է իր պատասխան հարվածները Ղրիմի ուղղությամբ, որը Մոսկվան բռնակցել էր 2014 թվականին:
Գիշերվա ընթացքում Ղրիմում ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, Telegram-ում հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նա չի նշել, թե հարձակումը կոնկրետ որտեղ է տեղի ունեցել, ինչպես նաև չի հայտնել զոհվածների մասին այլ մանրամասներ։


















































