Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, թե կունենանք նոր Սահմանադրություն, թե ոչ, կորոշի ՀՀ ժողովուրդը». Սրբուհի Գալյան

Օգոստոս 06,2026 11:49 Share

«Մենք տարիներ է՝ խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին, և միշտ ես նշում եմ նույն բանը․ Սահմանադրությունը փոխելը կամ չփոխելը միայն մեր ներքին խնդիրն է, և ՀՀ ժողովուրդն է որոշելու՝ ունենալ կամ չունենալ նոր Սահմանադրություն»,- կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Լրագրողները հետաքրքրվել էին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությամբ, ըստ որի՝ վերջինիս ազդակներ են հասել, որ Երևանում առաջիկայում սահմանադրական փոփոխություններ են լինելու, և ՀՀ Սահմանադրությունից հանվելու են Թուրքիային և Ադրբեջանին ներկայացվող «հողային պահանջները»։

«Այն, որ Սահմանադրության նախագիծը մշակվում է, բացարձակ գաղտնիք չէ։ Այն, որ նոր Սահմանադրության ընդունումը եղել է նաև քաղաքական հանձնառություն, դա էլ գաղտնիք չէ, հետևաբար մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և իրականացնել դրանք։ Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով որևէ բան նշել չեմ կարող»,- հավելեց Սրբուհի Գալյանը։

Ինչ վերաբերում է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որ ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունից հետո որևէ խոչընդոտ չի լինելու խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, Սրբուհի Գալյանն ասաց․ «Ես չեմ կարող մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում։ Ենթադրում եմ՝ սեփական մտքեր են։ Մենք ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն, բայց այն, թե կունենանք նոր Սահմանադրություն, թե ոչ, կորոշի ՀՀ ժողովուրդը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամներ խոսվել է նոր Սահմանադրություն ունենալու մասին, և ժողովուրդն իր վստահության քվեն տվել է մեզ, հետևաբար դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը Սահմանադրության մշակման, դրա հետագայում հրապարակման և հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստում»։

«Ի՞նչ տարբերություն, թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումն անհնար է։ Այսինքն՝ երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման և շատ երկար ու մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ։ Ձեր բոլոր հարցերից միշտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ կոնսպիրացիա կա չհրապարակելու հետ կապված։ Ո՛չ, սիրելիներ, այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման։ Ավելին, Սահմանադրությունում որևէ փոփոխություն չի կարող արվել առանց հրապարակման»,- սա էլ Սրբուհի Գալյանի պատասխանն էր հարցին, թե ե՞րբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ն խորհրդարանում չունի 2/3, որպեսզի կարողանա Սահմանադրության փոփոխության նախագիծը դնել հանրաքվեի, Սրբուհի Գալյանն ասաց՝ նախագիծը համապատասխան կարգով կներկայացնեն ԱԺ․ «Եթե ԱԺ-ն չհաստատի, ապա կան նաև մասնագիտական մոտեցումներ, որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի անկասելիությունն իր ցանկությունների ամրագրման համատեքստում, մասնավորապես՝ ստորագրություններ։ Ես չեմ կարող հիմա գուշակություններ անել, ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ Սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն։ Ես որևէ սցենար չեմ բացառում»։

Տեղեկացրեց նաև, որ նոր Սահմանադրությունում կոնցեպտուալ փոփոխություն եկեղեցու մասով չի նախատեսվում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31