Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Օգոստոս 07,2026 14:59 Share

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի հայտարարությունը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության հիմնասյուներից մեկը՝ վճռորոշ դերակատարություն ունենալով պետական մտածողության ձևավորման, ազգային արժեքների պահպանման և պատմական հիշողության շարունակականության ապահովման գործում։ Հայ ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում, երբ վտանգված են եղել պետականությունն ու ազգային գոյությունը, Եկեղեցին ստանձնել է հասարակության համախմբման, ազգային դիմադրողականության ամրապնդման և մշակութային ժառանգության պահպանման առաքելությունը։

Ներկայում ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շարունակում են առանցքային դեր կատարել Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության, դրա նկատմամբ իրականացվող ոտնձգությունների միջազգային ատյաններում բարձրաձայնման, ինչպես նաև հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանն ուղղված միջազգային ջանքերի համախմբման գործում։ Այս գործունեությունն ունի ոչ միայն ազգային, այլև միջազգային իրավունքի և համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից կարևոր նշանակություն։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքական և վարչական բնույթի ցանկացած գործողություն, որը կարող է դիտարկվել որպես կրոնական կազմակերպության ինքնավարության սահմանափակման, նրա հանրային հեղինակության արժեզրկման կամ սահմանադրորեն երաշխավորված գործունեությանը միջամտելու փորձ։

Նման գործելակերպը հակասում է իրավական պետության, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, խղճի և կրոնի ազատության, ինչպես նաև հասարակական համերաշխության հիմնարար սկզբունքներին։ Այն պարունակում է ազգային միասնականության թուլացման, հանրային բևեռացման խորացման և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազեցման լուրջ ռիսկեր, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պետական կայունության վրա։

Հատկանշական է, որ այն ժամանակաշրջանում, երբ Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը շարունակում է ենթարկվել համակարգային ոչնչացման, յուրացման և պատմական խեղաթյուրման վտանգներին, ներհասարակական պառակտումն ու ազգային ինստիտուտների հեղինակազրկմանն ուղղված ցանկացած քայլ հակասում են համազգային շահերին և թուլացնում են հայկական կողմի դիրքերը միջազգային իրավապաշտպան և մշակութային հարթակներում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ բարձր գնահատելով նրանց շարունակական գործունեությունը հայկական հոգևոր, պատմամշակութային և քաղաքակրթական ժառանգության պահպանության, միջազգային պաշտպանության և ազգային ինքնության ամրապնդման ուղղությամբ։

Միաժամանակ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և հանրային կարծիք ձևավորող բոլոր դերակատարներին առաջնորդվել Սահմանադրության, միջազգային իրավունքի և ազգային համերաշխության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի գործողություններից, հայտարարություններից կամ նախաձեռնություններից, որոնք կարող են խորացնել հասարակական բևեռացումը, թուլացնել ազգային համախմբվածությունը կամ վնասել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի երկարաժամկետ պետական ու ազգային շահերին։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը համազգային պատասխանատվություն է, որի արդյունավետ իրականացումը պահանջում է ազգային համախմբում, պետական մտածողություն և բոլոր ազգային ինստիտուտների նկատմամբ փոխադարձ հարգանք։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31