Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր հարցաքննվող ինժեներասակրավորային վաշտի նախկին հրամանատար, գործով մեղադրյալ Գոռ Մարգարյանը պատմեց, որ կացարանի հրդեհից հետո ինչ-որ մարդիկ կրակմարիչներ են բերել կացարանի տարածք՝ իմիտացիա ստեղծելու համար, թե այդտեղ կրակմարիչներ են եղել։ Թե ում նախաձեռնությամբ և ով է նման բան արել՝ Մարգարյանը դժվարացավ պատասխանել։ Սակայն պնդեց, որ կրակմարիչները հրդեհից առաջ եղել են մեքենաների մեջ, բայց ոչ կացարանի տարածքում։
«Նպատակը չեմ կարող ասել՝ ինչու է բերվել, ով է բերել, բայց երևի իմիտացիա ստեղծելու համար, որ կրակմարիչ այդտեղ եղել է։ Մինչև այդ դեպքը կրակմարիչները վաշտի կացարանի ներսում հաստատ չեն եղել։ Մեքենաների մեջ են եղել»։
Անդրադառնալով դիզվառելիքի և բենզինի պահպանման կարգին՝ Մարգարյանն ասաց, որ ոչ ոք, երբ ցանկանար, չէր կարող հասանելիություն ունենալ դրանց և օգտագործել դրանք։
Կարդացեք նաև
«Ո՞ւմ եք ի պահ տվել, որ ձեր անձնական մեքենայով բերել եք»,- հարցրեց Նորիկ Նորիկյանը։
Ի պատասխան՝ Մարգարյանն ասաց, որ պահպանության պատասխանատվությունը եղել է վերակարգի վրա։ Նրա խոսքով՝ դրսում գտնվող պարեկն ու հերթապահը վերահսկել են դիզվառելիքի, բենզինի և նյութական միջոցների պահպանությունը։
«Փակ տեղում պահելու հնարավորություն չենք ունեցել, իմ կողմից տեղ է նշվել, այդտեղ է պահվել»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկը առանց վերակարգի թույլտվության չէր կարող այդ վառելիքից օգտվել։
Նիստը նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչպես է եղել, որ Եղիշեն օգտագործել է վառելիքը։ Մարգարյանը պատասխանեց՝ չգիտի։
Հետո խոսք գնաց նաև հոսանքի վարձավճարների մասին։ Մարգարյանը պնդեց, որ 2021 թվականի մայիսի վերջերից տեղափոխվել են այդ բնակարան, և ինքն ու ծառայության պետ Տիգրան Ղազարյանը վճարել են մինչև հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսները, երբ հաշվիչները տեղադրվել են։
Նրա խոսքով՝ ամռանը հոսանքի վճարը կազմել է 10-15 հազար դրամ, իսկ ձմռան ամիսներին՝ մինչև 60 հազար դրամ։
Նորիկյանը հարցրեց՝ այդ մասին, որ ինքն ու ծառայության պետն են վճարում, ով գիտեր։
Մարգարյանը պատասխանեց՝ երևի չկար մեկը, ով չգիտեր, որ իրենք են վճարում։
Նորիկյանը հարցրեց՝ արդյոք զորամասի հրամանատարությունը գիտե՞ր, որ իրենք են վճարում։ Մարգարյանը պատասխանեց՝ այո։
Նա պատասխանեց նաև այն հարցին, թե որքան էր կազմում իր աշխատավարձը։ Մարգարյանն ասաց՝ մոտ 320 հազար դրամ։
Հարցին, թե ինչու էր իր գրպանից լրացուցիչ վճարումներ անում և չէր բարձրաձայնել խնդիրը, Մարգարյանը պարզաբանեց.
«Ստեղծված իրավիճակում այլ հնարավորություն չկար… Չէինք վճարում, հոսանքն անջատում էին»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































