ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.051.470 ՀՀ դրամ:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի պաշտոնները զբաղեցրած անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ ծառայողի կողմից աշխատանքի չհաճախելու հանգամանքը արձանագրելու կապակցությամբ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ պետերի պաշտոնները զբաղեցրած անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը՝ 9.051.470 ՀՀ դրամն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Կարդացեք նաև
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

















































