Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

«Լազարյան ակումբը» պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի

Օգոստոս 13,2026 23:23 Share

Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» խորհուրդը մտահոգություն է հայտնել ռուս-հայկական հարաբերությունների վիճակի կապակցությամբ և կոչ է արել Ռուս ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներին հանդես գալ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի քրիստոնյաների։

Համապատասխան որոշումն ընդունվել է խորհրդի ընդլայնված նիստում, որը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին Սոչիում։ Մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի զարգացումը՝ Հայաստանի Ազգային ժողովում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո։

Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ դրա մասնակիցները մտահոգված են, իրենց գնահատմամբ, երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմամբ, որն ազդում է ռուս և հայ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերի վրա։

«Լազարյան ակումբում» նաև հայտարարել են, որ չեն ճանաչում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում մնալը համարում են «իշխանության բռնազավթում»։ Միևնույն ժամանակ ակումբում ընդգծել են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակը պետք է որոշեն հենց Հայաստանի քաղաքացիները։

Նիստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մասնակիցները հայտարարել են, որ օգոստոսի 7-ին՝ ակումբի նիստի անցկացման օրը, Հայ եկեղեցու առաջնորդը հայտնվել է քրեական դատարանում՝ իր դեմ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ։ «Լազարյան ակումբում» տեղի ունեցողը անվանել են եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշում։

Խորհուրդը կոչ է արել հայերին և Հայաստանի բարեկամներին ամբողջ աշխարհում հանդես գալ ընդդեմ այն բանի, ինչն ակումբում համարում են քրիստոնեական հավատքի և դրա ներկայացուցիչների հետապնդում։

«Լազարյան ակումբը» դիմել է նաև Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի Լևոն XIV պապին՝ կոչ անելով անտարբեր չմնալ տեղի ունեցողի նկատմամբ և աջակցել Հայ Առաքելական եկեղեցուն ու Հայաստանի քրիստոնյաներին։

«Լազարյան ակումբի» խորհրդի հանձնարարությամբ ՌԴ Պետդումայի պատգամավոր և ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը «Ո՞ւր ես գնում։ «Լազարյան ակումբի» խորհրդի 2026 թվականի օգոստոսի 7-ին Սոչիում անցկացված ընդլայնված նիստի արդյունքներով» վերնագրով դիմում է հղել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին և Ռուսաստանի Դաշնությունում ու Ուզբեկստանի Հանրապետությունում առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ջովաննի Դ’Անիելլոյին։

Դիմումում խնդրանք է պարունակվում համապատասխանաբար «Լազարյան ակումբի» խորհրդի դիրքորոշմանը ծանոթացնել պատրիարք Կիրիլին և Հռոմի Լևոն XIV պապին։

 

News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել