Ներկայացվող հրապարակումը լույս է տեսել օգոստոսի 14-ին կաթոլիկական «Թագեսփոստ» անդրտարածքային գերմանալեզու շաբաթաթերթում, հեղինակը Շտեֆան Բայերն (Stephan Baier) է:
«Եկեղեցու եւ կառավարության միջեւ սրվող վեճը վնասում է երկու կողմի հեղինակությանը, պառակտում անբարյացակամ հարեւանների շրջապատում գտնվող երկիրը», գրում է Շտեֆան Բայերը, հոդվածի սկզբում նախ ներկայացնելով, թե կառավարության եւ եկեղեցու միջեւ իշխանական հակամարտությունը լիովին սրվել է մի երկրում՝ Հայաստանում, որ « 301 թվականին աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին կայսրությունն էր»:
«Թագեսփոստի» հոդվածագիրը շարունակում է՝ «առերեւույթ խնդիրը կաթողիկոսի հրաժարականը պահանջող Գեւորգ Սարոյանի պաշտոնից հեռացման հարցն է: Սարոյանը պաշտոնից հեռացման որոշման դեմ դատարան դիմեց, իր իրավունքը վերականգնեց , բայց եկեղեցու ղեկավարությունը նրան վերականգնելու փոխարեն կարգալույծ արեց: Միակ դեպքը չէ. մոտ 150 հոգեւորականի, նրանց թվում՝ 3 եպիսկոպոսի գործունեությունը եկեղեցու ղեկավարությունը կասեցրել է, հոգեւորականները աշխարհիկացվել են՝ Գարեգին Երկրորդի քաղաքական ուղեգիծը քննադատելու համար: Չկա եկեղեցու ներքին հարցերի վերաքննիչ անկախ մարմին կամ եկեղեցական դատարան: Բայց արդյոք դա արդարացնո՞ւմ է եկեղեցու ներքին գործերին պետության միջամտությունը: Կարո՞ղ են քաղաքական գործիչներն ու դատավորները որոշել, թե ով է արժանի կամ անարժան քահանայի կամ եպիսկոպոսի պաշտոնին: Կաթողիկոսը խոսում է «ապօրեն եւ հորինածին մեղադրանքների», նույնիսկ ՀՀ-ում եկեղեցու դեմ հալածանքների մասին», գրում է «Թագեսփոստի» հեղինակը եւ մեկնաբանում՝ «Սրանք լուրջ մեղադրանքներ են, հատկապես այն պատճառով, որ Հայ առաքելական եկեղեցին դարեր ի վեր եղել է հայ ինքնության պահապանը: Երբեմնի հայոց մեծ թագավորությունը զոհ է դարձել իր առավել հզոր հարեւաններին, մինչդեռ եկեղեցին պահպանել է հայոց մշակութային ժառանգությունն ու ինքնությունը՝ նույնիսկ օսմանյան, ավելի ուշ՝ խորհրդային լծի տակ», գրում է Բայերը եւ պարզաբանում. «Սակայն այժմ եկեղեցին բախվում է ՀՀ կառավարության թշնամանքին, ինչը կաթողիկոսին դրդում է գործածել «հալածանք» բառը: Կառավարությունը նրան մեղադրում է անբարո կյանքի, Պուտինի Ռուսաստանի հետ համագործակցության եւ եկեղեցում բռնապետական ղեկավարման կարգ որդեգրելու մեջ: Ավելին՝ կառավարությունը կամենում է բարեփոխել եւ արդիականացնել եկեղեցին, դրա համար արդեն մի քանի եպիսկոպոսի եւ քահանայի իր կողմն է շահել: Կառավարությունը սահմանված լիազորությունները գերազանցո՞ւմ է», հարցնում է Բայերը եւ ինքն էլ պատասխանում՝ «անկասկած»:
Հոդվածագիրը «Խոսքը Հայաստանի գոյատեւման մասին է» ենթավերնագրով շեշտված հատվածում այսպիսի հարցադրում է անում՝ իսկ «եկեղեցին գերազանցու՞մ է իր լիազորությունները, երբ եպիսկոպոսները կառավարության տապալումը պահանջող շարժման առաջնագծում են: Խելամի՞տ է, տեղի՞ն է, որ կաթողիկոսը եւ նրա վստահելիները բացահայտ աջակցեն ընդդիմությանը, կառավարությանը մեղադրեն ԼՂ-ից (Բայերը փակագծում ավելացնում է՝ Արցախ-Ան. Հ.) արտաքսված հայերին դավաճանելու մեջ եւ արտաքին քաղաքական այլընտրանք առաջարկեն:
Այս հակամարտությունը շատ է հիշեցնում միջնադարյան Եւրոպայում ինվեստիտուրայի (կամ՝ կանոնադրական) պայքարը, որ կայսրերը մղում էին Հռոմի պապի դեմ: Դա ոչ թե սկզբունքներին, այլ սահմաններին վերաբերող վեճ էր՝ կայսեր եւ պապի իշխանությանը քրիստոնյա արեւմուտքում: Այսօրվա Հայաստանն աշխարհիկ երկիր է, խորհրդային ժամանակներից՝ նաեւ հոգեւորի ամայացած կնիքով: Փոքր է, ավելին՝շրջապատված է թշնամական տրամադրված դրացիներով: Եկեղեցու եւ կառավարության միջեւ իշխանական պայքարը անխուսափելիորեն թուլացնելու է երկու կողմին էլ, վնասելով նրանց հեղինակությանը, խորացնելով երկրի պառակտումը: Սա ՛ոչ Փաշինյանի, ո՛չ էլ եկեղեցու շահերից է բխում, քանի որ թույլ եւ բաժանված Հայաստանն անպաշտպան կլինի բազմաթիվ թշնամիների դեմ: Սա կանոնադրական վեճից տարբեր է՝ քաղաքականության եւ կրոնի միջեւ սահմանների փորձարկման մասին չէ, այլ՝ վտանգված հայկական ինքնության պահպանությունն առաքելություն դարձրած միակ պետության գոյատեւման մասին է խոսքը», հոդվածը եզրափակում է Շտեֆան Բայերը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































