Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Թվային դեմոկրատիայի դիտորդ» (CEE Digital Democracy Watch) կազմակերպության հիմնադիր ՅԱԿՈՒԲ ՇԻՄԻԿԻ հետ այս հարցազրույցը Լեհաստանում սոցցանցերի տարածվածության, հանրության հետ հաղորդակցվելու համար դրանց գործիքայնացման և այլ պրակտիկաների մասին է։
– Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Լեհաստանի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:
Յ. Շ. – Լեհաստանում ամենաշատ օգտագործվող սոցցանցերն են Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը և YouTube-ը: Այս հարթակները Լեհաստանում 15-20 մլն օգտատեր ունեն և ընդգրկվածության ցուցանիշով միանշանակ առաջատար են:
Հետաքրքիրն այն է, որ տեսանյութերի վրա հիմնված հարթակներում (ինչպիսին, օրինակ, TikTok-ն է) անցկացրած միջին ժամանակի ցուցանիշներն ամենաբարձրն են: Եթե անգամ նման հարթակներում այդքան շատ օգտատերեր չկան, ինչպես ուրիշ հարթակներում է, մեկ ամսվա ընթացքում մեկ օգտատերը միջինում բավական շատ ժամանակ է անցկացնում (մինչեւ 20-25 ժամ, մեկ ամբողջ օր)։
Կարդացեք նաև
Բայց սա դեռ ամենը չէ: X –ը (նախկին Twitter-ը – խմբ.) նույնպես շատ հայտնի է Լեհաստանում: Այն շուրջ 8 միլիոն օգտատեր ունի։ Ոչ բոլոր երկրներում կա Twitter-ի նման մեծ ներկայացվածություն:
Չենք կարող նաեւ անտեսել այն փաստը, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են որպես սոցցանցեր օգտագործում չաթ-հավելվածները: Դրանք Telegram-ն ու Signal-ն են, փակ խմբերը: Միևնույն ժամանակ տեսնում ենք ԱԲ չաթբոտերի և ԱԲ-միջնորդավորված այլ գործիքների կիրառման մեծ աճ։ Դրանք բոլորը սոցցանցեր չեն, բայց իրապես ազդում են Լեհաստանի տեղեկատվական միջավայրի վրա։
– Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:
Յ. Շ. – Քաղաքական գործիչներն անկասկած շատ ակտիվ են օգտագործում սոցցանցերը։ Եվ մենք տեսնում ենք Եվրոպական խորհրդարանում, Լեհաստանի խորհրդարանում ելույթներից կարճ տեսանյութերի տարածման բազմաթիվ մարտավարություններ, ինչը շատ հայտնի է դարձնում օնլայն տիրույթում և այդ եղանակով մեծ ժողովրդականություն բերում։
Քաղաքացիական հասարակությունը նույնպես օգտագործում է սոցցանցերը։ Լեհաստանում, վերջին տասնամյակում, մենք ունեցել ենք խոշոր հասարակական շարժումներ, որոնք հիմնականում օնլայն են կազմակերպվել։ Խոսքը վերարտադրողական իրավունքների շուրջ խոշոր բողոքի ակցիաների մասին է։ Մարդկանց փողոց դուրս բերելու համար ՀԿ-ներն անկասկած օգտվում են օնլայն միջոցներից։ Այնպես որ, կասեի, որ հանրային դիսկուրսը մեծապես ձևավորվում է առցանց գործիքների միջոցով։
Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք որոշակի ոչ պարզ պատկեր, որովհետև օնլայն տիրույթում այնքան շատ կա արհեստականորեն համակարգված վարքագիծ։ Այն միշտ չէ, որ մեզ հստակ պատկերացում է տալիս, թե արդյոք անանուն օգտահաշիվներում մեր տեսածը քաղաքացու արտահայտած իրակա՞ն քաղաքական կարծիք է, թե՞ դա համակարգված ջանքերի արդյունք է, կամ գուցե բոտերի ցանց է, կամ էլ ավտոմատացված տարածման մեկ այլ եղանակ։
Նյութն ամբողջությամբ՝ «Ռեգիոն»-ում


















































