Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով այսօրվա դատական նիստին դատարանում որպես ապացույց ներկայացրեցին տեսագրություններ։ Դրանցից մեկում պատկերված էր հայտնաբերված զենքերից մեկի փորձաքննությունը, փաստաբանները հետաքրքվեցին, թե ինչո՞ւ են փորձագետները զենքին դիպչում առանց ձեռնոցների։
Փաստաբաններից մեկն էլ ասաց, որ քննչական մարմինը նրբանկատ պետք է լիներ, դիցուք ինքը զենք ունի, բայց դրան դիպչել է նաև Հրանտը, կա նաև նրա մատնահետքը։ «Մարդիկ լավ գիտեն, որ զենքն օրինական է, հետևաբար և ձևական գործողություն է, կատարում են»,-ասաց փաստաբանը։
Ներկայացվեց նաև լազերային սկավառակ, որում պատկերված էր զենքի փամփուշտների փորձաքննության պահը։ Երբ տեսագրության ցուցադրությունն ավարտվեց, ամբաստանյալներից մեկն ասաց. «Պատվարժան դատարան, այդ զենքը 2010 թվականի արտադրության է, 2014 թվականին եմ նվեր ստացել այդ հրացանը, մի անգամ եմ օգտագործել, այն 7 փամփուշտանի է, որը նախատեսված է լոր սպանելու համար։ Սրանք ընդամենը ծտի փամփուշտներ են, անգամ նախատեսված չեն վայրի խոզ սպանելու համար, ուղղակի աբսուրդ է ձեր մեղադրանքը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































