Լրահոս
Օրվա լրահոսը

Ասացին՝ ապօրինի տարածք է, բայց տնակները չեն քանդվի, մինչև ձեզ չապահովենք կացարանով. Շիրակի 49 հասցեի բնակիչներին հրավիրել են թաղապետարան

Սեպտեմբեր 01,2026 13:38 Share

Օգոստոսի 31-ի լարված իրավիճակից հետո, երբ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ փորձում էին ապամոնտաժել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող տնակները, այժմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Շիրակի 49 հասցեի 6 տնակներում բնակվող ընտանիքներին հրավիրել է թաղապետարան՝ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ քննարկելու համար: «Մեզ ասել են՝ եկեք հասկանանք՝ ինչ կարող ենք անել», – ասաց Լիլիթ Մանուկյանը:

Մյուս բնակչուհին ևս ասաց, որ դեռ չգիտի, թե ինչ առաջարկի մասին է խոսքը: «Մեր երեխաներն այստեղ մանկապարտեզ ու դպրոց են գնում, լավ սովորող երեխաներ են: Ես այդ երեխաներին որտե՞ղ տանեմ: Իսկ աղբավայրի հետ մենք կապ չունենք, թող իրենց մեղքը մեր վրա չբարդեն»:

Նա ասաց, որ քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակիցներն են Աերացիայի տարածքում աղբ թափում, իրենք դրա հետ կապ չունեն: Կանայք, որոնք սանմաքրման կայանի աշխատակիցներ են, հերքեցին, որ տարածքում աղբ թափելու համար մարդկանցից գումար են վերցնում:

Թաղապետարանի ներկայացուցիչները թույլ չտվեցին ԶԼՄ-ներին ներս մտնել՝ պատճառաբանելով, որ քննարկումը փակ է:

Քննարկումից հետո Լիլիթ Մանուկյանը նշեց, որ քաղաքապետարանն առայժմ իրենց թույլատրել է շարունակել ապրել տնակներում. «Ասացին՝ մոտեցեք, դիմում գրեք, ապօրինի տարածք է, բայց տնակները չեն քանդվի այնքան ժամանակ, մինչև ձեզ չապահովենք կացարանով: Ասել են՝ դիմում գրեք կացարանի մասով, մինչև հասկանանք, թե ձեզ ինչով կարող ենք օգնել»: Կանանցից մեկն էլ մտահոգ էր, որ միջադեպից հետո որդուն բերման են ենթարկել և այժմ տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրի վերաբերյալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել