«Ուրախ եմ, որ եվրոպացի պաշտոնյաներն ուղղակիորեն ջրի երես են հանում Նիկոլ Փաշինյանի սուտը»․ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի երեկվա հայտարարությանը, որ մինչև 2029 թվականը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանումը քիչ հավանական է։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև այդ ժամկետը ԵՄ-ի հետ ունենալ առանց վիզայի ռեժիմ։
Ագնեսա Խամոյանի կարծիքով, Հայաստանը առաջիկա 10-20 տարում ԵՄ անդամ չի դառնա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը փորձել է մանևրել՝ հավաստիացնելով, թե իբր հանուն Ռուսաստանի ու Պուտինի է օրենքն ընդունել, այլապես հանրաքվե կանցկացվեր։ Ագնեսա Խամոյանը գտնում է, որ առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ կլինեն նաև հայ-ռուսական հարաբերություններում․ «ԵԱՏՄ գծով պետք է նորությունների սպասել․ այս իրավիճակը, ինչպես փաստում են Պուտինի խոսքերը, չի կարող երկար շարունակվել։ ՀԱՊԿ-ի առնչությամբ տևական ժամանակ անորոշություն է տիրում․ պարզ չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս, թե՞ նրան հեռացնում են։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակ ձգել, որպեսզի ԵԱՏՄ-ում կրկնի ՀԱՊԿ-ի սցենարը՝ պահպանելով անորոշությունն ու փորձելով արտահանման ուղղությունը վերակողմնորոշել դեպի ԵՄ»։
«Մենք համաձայն չենք այն օրակարգին, որը Փաշինյանը առաջ է մղում Ալիևի հետ համատեղ։ Նման նպատակներն անընդունելի են մեր և հայ ժողովրդի համար»,- ասաց Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմադրություն է ցույց տալու նման քաղաքականությանը, որոշել է կալանավորել նրան, սակայն Քոչարյանը բանտից ևս գլխավորելու է դիմադրությունը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































