ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) 2026 թվականի մայիսի 25-ի և 27-ի որոշմամբ բավարարել է Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ Ա․ Ռ․-ի և Ա․ Կ․-ի դիմումները՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց ճանաչելով փախստական և տրամադրելով ապաստան, իսկ ՌԴ քաղաքացի, ազգությամբ տաջիկ Ի․ Ռ․-ի վերաբերյալ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ կայացվել է չվերադարձելիության որոշում։
Գործի հանգամանքների համաձայն՝ Տաջիկստանի քաղաքացիները 2025 թվականի հուլիսի 29-ին, Վրաստանում իրենց օրինական գտնվելու ժամկետը չխախտելու նպատակով, ժամանել էին Հայաստան: Սակայն հայ-վրացական պետական սահմանային անցակետում վրաց սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից նրանց այլևս չի թույլատրվել մուտք գործել Վրաստան, ինչից հետո՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ին, վերջիններս դիմել են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Իրականացված վարչական վարույթի արդյունքում, հիմք ընդունելով դիմումատուների հայտնած տեղեկությունները և ծագման երկրի վերաբերյալ առկա վերլուծությունները, Ծառայությունը եզրահանգել է, որ առկա է քաղաքական հայացքների պատճառով հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ, ինչի հիմքով նրանք ՀՀ-ում ճանաչվել են փախստական և նրանց տրամադրվել է ապաստան:
Զուգահեռաբար քննության է առնվել նաև ՌԴ քաղաքացի, ազգությամբ տաջիկ Ի․ Ռ․-ի դիմումը, որը ներկայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Դիմումի գնահատման ընթացքում Ծառայությունն ուսումնասիրել է դիմումատուի ներկայացրած տեղեկությունները և Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ ստույգ, արդի ու տարբեր վստահելի աղբյուրներից ձեռք բերված տեղեկատվությունը։ Գնահատման արդյունքում արձանագրվել է, որ նրա՝ Ռուսաստանի Դաշնություն վերադարձի հետ կապված մտավախությունները չեն առնչվում Կոնվենցիայով սահմանված՝ փախստականի կարգավիճակի ճանաչման հիմքերից որևէ մեկով հետապնդման ենթարկվելու վտանգին։ Միաժամանակ, գործի նյութերում ներկայացված են եղել պատերազմ կրկին ուղարկվելու, կյանքին սպառնացող վտանգի և հնարավոր պատերազմական հանցագործությունների կատարմանը ներգրավվելու վերաբերյալ մտավախություններ, ինչն էլ հիմք է հանդիսացել չվերադարձելիության սկզբունքի կիրառման համար։
Դիմումատուների իրավունքների պաշտպանությամբ և իրավական աջակցության տրամադրմամբ զբաղվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ի դեմս կազմակերպության ներկայացուցիչ Նուշիկ Տեր-Մովսիսյանի։
Կարդացեք նաև
Այս գործերը ցույց են տալիս ինչպես ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարձր հումանիտար մոտեցումն ու ուշադրությունը յուրաքանչյուր անձի անհատական հանգամանքներին, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետևողական աշխատանքը՝ անդրազգային ճնշումների և հետապնդումների թիրախում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ու արդարադատության ապահովման գործում։ Դրանք ընդգծում են ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև վերադարձի դեպքում հնարավոր վտանգների համակողմանի գնահատման առանցքային կարևորությունը՝ փախստականի կարգավիճակի ճանաչման կամ պաշտպանության այլ իրավական հիմքեր սահմանելու համար։
Ցանկացած դեպքում պետությունը պետք է հետևողական քայլեր ձեռնարկի անդրազգային ճնշումների ենթարկված անձանց պաշտպանության, իրավական աջակցության տրամադրման և անվտանգ միջավայրի ձևավորման ուղղությամբ՝ բացառելով նրանց ապօրինի արտահանձնումը կամ արտաքսումը ռիսկային երկրներ։



















































