2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվող բենզինի պահեստի աղետալի պայթյունը և դրա հետևանքները, արդյունքում զոհվածների և անհայտ կորածների ճակատագրերը պետք է առանձին լուծվեն՝ արցախյան վերջին պատերազմում զոհվածների և անհայտ կորածների հարցից․ խորհրդարանում, զոհվածների և անհայտ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
«Նույնը չի, ինչ-որ ռազմական գործողությունների ժամանակ մեր գործողությունների մասին եմ խոսում։ Դրա համար մենք նախատեսում էինք պայթյունի զոհերի և անհետ կորածներինը առանձին հանդիպում ունենալ, որովհետև այստեղ անելիքները այլ են, այնտեղ անելիքները այլ են»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին արցախյան պատերազմներում զոհված եւ անհայտ կորածների հարազատների հետ։
Կարդացեք նաև
Պատասխանելով պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների կարգավիճակին վերաբերող հարցին՝ նա մանրամասնեց․ «Իմ առաջին նախաձեռնություններից է լինելու՝ կարգավիճակ տրամադրելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը։ Դրա համար եմ ասում, որ թեմային լավ եմ տիրապետում։ Խնդիրն այն է, որ կարգավիճակը տրվում է զինվորականին՝ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածին։ Այստեղ ես հակադրում եմ, ասում եմ՝ եթե չլիներ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան, հետևաբար չէր լինի այդ զոհը։ Այսինքն, եթե չէր լինի [ագրեսիան], չէր լինի զոհը՝ էս պարզ բանաձևով։
Բացի դրանից, ես ավելի եմ խորացել՝ ընդլայնելով շրջանակը. մենք օրենքի մեջ և Սահմանադրության մեջ չունենք «քաղաքացիական զոհ» եզրույթը։ Այսինքն, օրինակ, նույն Իսրայելում մենք ունենք, եթե մենք ուսումնասիրում ենք նախադեպերը, Իսրայելում կա շատ հստակ՝ ռազմական գործողությունների ժամանակ, ագրեսիայի դեպքում քաղաքացիական զոհի կարգավիճակի մասին։ Իրականում կան կառավարության առանձին որոշումներ և այլն, որոնք որ այսպես դրվագային են, իսկ մարդկանց պետք է հստակ կարգավիճակ ունենալ։ Տարբերություն կա, օրինակ, ավտովթարի զոհի և պայթյունի զոհի միջև։
Ընդ որում, պայթյունի ժամանակ, եթե թիվն էլ կարող եմ ասել, մոտ 70-ի մոտ մարդիկ եղել են կամ նախկին աշխատակիցներ, ԱԱԾ աշխատակիցներ և Պաշտպանության բանակի զինծառայողներ։ Ավելին, մենք ունենք հիմնավորում, որ այն դեպքը, որը որ տեղի է ունեցել, ինքը փաստացի զորամաս էր, ինքը պատկանում էր Պաշտպանության նախարարությանը, ոչ թե ինքը քաղաքացիական վայր էր, ու այդ դեպքը տեղի է ունեցել փաստացի ագրեսիայի ժամանակ՝ Ադրբեջանի կողմից բլոկադայի պայմաններում և ռազմական գործողությունների ժամանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































