Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղերի պատուհաններին առաջ ապակի կար, հիմա ցելոֆան է»

Հունվար 31,2013 13:27

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ երկրում տիրող թշվառության ու ուռճացված ընտրացուցակների մասին

ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իր քարոզարշավի ժամանակ առաջարկներ է ներկայացնում Հայաստանում մասսայական աղքատության դեմ պայքարելու համար, գտնում է, որ դրա պատճառներից մեկն էլ ֆինանսավարկային ոլորտում տիրող բացարձակ «լկտիությունն» է: Նա մեղադրում է ներկայիս վարչապետին ամբողջ երկիրը բանկ դարձնելու մեջ: «Նայեք, այս տարվա տնտեսական աճը զեկուցվել է տնտեսական ակտիվության 7 տոկոս, ՀՆԱ-ի աճը 6 ամիս հետո երեւի կզեկուցեն 5 կամ 5,5 տոկոս: 5,5 տոկոսի 4 տոկոսը ֆինանսներն են: Բերեմ մի օրինակ, թե ինչպես չի կարելի չափազանցել ֆինանսները: Կարելի է կառուցել շենք՝ 1 միլիոն դոլար, ստեղծեցիք 1 միլիոն դոլարի ՀՆԱ, կարելի է կառուցել շենք եւ ապահովագրել այն եւս 1 միլիոնով, էդ դեպքում ստեղծեցիք, կոպիտ ասած, 2 միլիոնի դոլարի ՀՆԱ, բայց արժեք չստեղծեցիք նոր: Կարելի է կառուցել շենք, ապահովագրել եւ վերաապահովագրել, էս դեպքում կստանաք 3 միլիոն դոլարի ՀՆԱ, հենց էս վերջին 2 միլիոն դոլարով է զբաղված գործող կառավարությունը: Բացարձակ բլեֆ է ֆինանսական ոլորտը: 2009թ.-ին, երբ մասսայաբար աղքատացավ ժողովուրդը, տնտեսությունը տվեց 19 տոկոս անկում, բանկերը 53 տոկոսով ավելացրին շահույթը, սա անընդունելի է»,- ասում է նախկին վարչապետը՝ նշելով, որ բանկերը դուրս են գրում ցանկացած վարկ, այնտեղ չկա որեւէ տնտեսական ռիսկ: Իսկ բանկ բացելու պահանջները, ըստ Հրանտ Բագրատյանի, այնքան բարդ են, որ կարող են գործել միայն խոշոր բանկերը, ընդ որում՝ մի քանիսը տվել են արտասահմանցիներին, իսկ մյուսները պատկանում են հենց կառավարության մեջ գտնվող օլիգարխներին:

Պարոն Բագրատյանի մասնագիտական հաշվարկներով՝ մեր երկրում ճիշտ կառավարման ու ցանկության դեպքում հնարավոր էր բարձրացնել թե նվազագույն աշխատավարձը եւ թե կենսաթոշակները: Այս առումով եւս նախկին վարչապետը լուրջ փաստերով անխնա քննադատում է ներկա վարչապետին: «Դուք լսում էիք, չէ՞, հոկտեմբեր-նոյեմբերի պառլամենտը, օրենսդրական նախաձեռնություն առաջ քաշեցի՝ 72 հազար դրամ դարձնել նվազագույն աշխատավարձը, ինձ ասվեց՝ 300 միլիարդ փող է պետք: Ասում եմ՝ լսի, պարոն ֆինանսների նախարար, պարոն վարչապետ, հլը մի հատ ինձ բացատրեք՝ 300 միլիարդ ո՞նց է պետք, դուք ասում եք, որ ձեր միջին աշխատավարձը 120 հազար դրա՞մ է: Ասում են՝ այո, այսինքն՝ ձեր միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան թե նվազագույնը, ասում են՝ այո, մինիստրությունում 120 հազարից պակաս ինչքա՞ն մարդ է ստանում, ասում են՝ շատ քիչ, բա նվազագույնը նրանց է վերաբերում, դուք առանց այն էլ դրանից ավելի եք տալիս, եթե սուտ չեք ասում: Բա ինչի՞ եք վախենում բարձրացնել, ի՞նչ 300 միլիարդ: Հետո պարզվում է, որ ընդհանրապես բյուջետային ոլորտում ամբողջությամբ 86 թե 186 միլիարդ է աշխատավարձը, բա դու մտնում՝ էսպես սուտ ես ասում, դո՞ւրս ես գալիս: Դուք գիտե՞ք թոշակային իմպլանը, ես ասում եմ՝ աշխատանքային թոշակը էս գործակցությամբ ֆիքսենք միջին աշխատավարձի նկատմամբ: Տեսեք, ասում եմ, 96 թվին, երբ նոր-նոր դուրս էինք գալիս ճգնաժամից, 94-ին նոր-նոր սկսեց աշխուժանալ, առաջին տնտեսական աճն եմ ստացել ամբողջ ԱՊՀ-ում, ասում եմ՝ էն ժամանակ եւ թոշակն էր ցածր, եւ աշխատավարձը, ընդունում եմ, բայց գոնե թոշակը կազմում էր աշխատավարձի 36 տոկոսը, հիմա 20 տոկոսն է կազմում: Կարո՞ղ ենք պայմանավորվել 35 տոկոսի վրա: Էդ մոտեցումը չկա, ամեն անգամ տեսնում ենք աղքատացած թոշակառուներ»,- ասում է տնտեսագետը:

Հրանտ Բագրատյանը օրինակ բերելով Բերդ գյուղը, որտեղ ժամանակին ինքը գործարան է կառուցել, հիշեց, որ այն ժամանակ, երբ գնում էր գյուղերը, գոնե ապակի էր տեսնում, հիմա ցելոֆան է: Ըստ նախկին վարչապետի թեզի՝ պետք է համաչափ զարգացնել կյանքը մարզերում: Նրա առաջարկով՝ պետք է թանկացնել արտադրությունը մայրաքաղաքում, փոխարենը տնտեսական կյանքը էժանացնել մարզերում, որպեսզի Հայաստանը չվերածվի քաղաք-պետության. դա շահավետ չէ: «Անկախ նրանից, թե Չինարի գյուղից հիմա Երեւանում հարյուրավոր մարդիկ են աշխատում, նրանց աշխատավարձը պետք է փոխանցվի գյուղի բյուջե»,- գտնում է նախագահի թեկնածուն:

Ըստ նրա հաշվարկների՝ ուռճացված, չափազանցված են նաեւ ընտրացուցակները: «Հանրապետության վիճծառայությունը զեկուցել է, որ հանրապետության մշտական բնակչությունը 2011 թվականի հոկտեմբերին եղել է 2 միլիոն 871 հազար, ուզում եմ նշել, որ մի բան է՝ մշտական բնակչությունը, մի բան է՝ ընդհանուր բնակչությունը, մի բան է՝ առկա բնակչությունը: Մշտական է համարվում այն բնակիչը, որը վերջին մեկ տարում 183 օր եղել է երկրում: Հիմա եթե վերցնենք, ասենք, 90 թիվը, հանրապետության մշտական բնակչությունը 3 միլիոն 480 հազար էր, ուրեմն պակասել է 600 հազարով: Այդ ընթացքում հանրապետության ընտրողների, ընտրացուցակում ընդգրկվածների թիվը 1 միլիոն 659 հազարից դարձել է 2 միլիոն 507 հազար: Ինչպե՞ս. մարդը ծնվել, նույնիսկ էստեղ չի ծնվել, մեծացել է արտասահմանում, 18 տարին լրացած ավելացնում են ցուցակում: Նախ՝ էս քայլը ճիշտ չէր, հիմա հարց է ծագում՝ 2 միլիոն 871 հազարից, դա հոկտեմբերին էր, հիմա պակասել՝ 2 միլիոն 830 է դարձել, որպես կանոն, նորմալ երկրում կան մանուկներ, կան ընտրողներ, եւ կան ծերեր, ինչքա՞նը պետք է ընտրեր, շատ հեշտ է հաշվելը, եթե ի նկատի ունենանք, որ հանրապետության կյանքի միջին տեւողությունը 73,4 տարի է: Մարդը ընտրում է 18 տարեկանից, 18-ը 73,4-ի մեջ կազմում է 26 տոկոս, այսինքն՝ 2 միլիոն 871 հազարից պետք է հանենք այդ թվի 26 տոկոսը եւ ստանանք ընտրողների մոտավորապես ճիշտ թիվը: Եթե դուք այդ հանման գործողությունը կանեք, կստանաք 2 միլիոն 190 հազար: Ընտրացուցակները չափացանզված են, այսինքն՝ այս բանաձեւով 393 հազարով, հասկացա՞ք: Վիճվարչությունը գլխից դուրս թվեր է ասում»,- ասում է տնտեսագետը: Ի դեպ, տնտեսագետ պատգամավորը հպարտ է, որ ԱԺ-ում մթնոլորտը գնալով փոխվել է, բոլորը հասկացել են, որ վարչապետի ասելով չէ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գոհար says:

    Ամոթ է ,ցելոֆոն չի,ցելոֆան է

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031