Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Անդամագրվեի ՀԱԿԿ-ին՝ գնայի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞

Հունիս 06,2013 11:36

ՀԱԿԿ հիմնադիր համագումարի օրերին լրագրողներից բազմաթիվ հարցեր եմ ստացել, թե ինչու չեմ մասնակցել համագումարին։ Անկեղծ խոստովանում եմ՝ դիտմամբ այդ հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ ՀԱԿԿ-ն նախընտրական քարոզչության մեջ էր, չէի ուզում որեւէ խոսակցության մեջ ներքաշվել, որը ոմանց հնարավորություն կտար ինձ մեղադրել հետագա ձախողումների համար։ Հիմա, սակայն, երբ ամեն ինչ անցյալում է, ինքս էլ խոստացել եմ, որ որեւէ հարց անպատասխան չեմ թողնելու, պարզաբանեմ. ՀԱԿԿ հիմնադիր համագումարին մասնակցելու պաշտոնական հրավեր ստացած եմ եղել։ Համագումարի նախորդ օրը, սակայն, կրկին պաշտոնապես ինձ տեղեկացրել են, որ հրավերը չեղյալ է արվում, եւ որ իմ մասնակցությունը համագումարին ցանկալի չէ։ Սա էլ՝ ողջ պատմությունը։ Գիտեմ, հարց է ծագելու, եթե չեղյալ չանեին, կգնայի՞։ Չեմ կարող ասել, հրավերը չեղյալ անելու պահին վերջնական որոշում չունեի։

Ի դեպ, ՀԱԿԿ անդամ դարձած մի շարք սիրելի մարդիկ, որոնց հետ իմ անցած ճանապարհը թանկ է եւ արժեքավոր, հարցնում էին, թե ինչու չեմ անդամագրվել ՀԱԿԿ-ին, համոզում էին անդամագրվել։ Այն ժամանակ նման հարցադրումներին լռությամբ էի պատասխանում՝ որեւէ բանի չխանգարելու համար, բայց հիմա կարող եմ ասել, անդամագրվեի, որ ի՞նչ անեի։ Անդամագրվեի գնայի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞։ Անկեղծ ասած, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ աղոթելու մասին երբեք չեմ երագել։

Ի դեպ, նույն շրջանակները ժամանակ առ ժամանակ թեմա են շրջանառում, թե բա գիտեք, բարոյականությունը, քաղաքական տրամաբանությունը ենթադրում են, որ Նիկոլը, որ պատգամավոր է դարձել ՀԱԿ համամասնական ցուցակով, պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից, որովհետեւ ՀԱԿԿ պաշտոնական գծի մեջ չէ։ Մեր մեջ ասած բարոյականությունն ու քաղաքական տրամաբանությունը հուշում են, որ մանդատից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր Հայ ազգային կոնգրես դաշինքի շնորհիվ պատգամավոր են դարձել, հետո դավադրաբար կազմաքանդել ՀԱԿ-ը ու վերջինիս տված մանդատներն օգտագործում են Մարտի 1-ի դերակատարներին ինդուլգենցիաներ բաժանելու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ինչպես նախորդ մեկ տարում, այնպես էլ սրանից հետո՝ ԱԺ պատգամավորի մանդատս ծառայեցնելու եմ Հայաստանի ու նրա քաղաքացու շահերին։ Ու այս գործում ինձ, բարեբախտաբար, չի կարող խանգարել ոչ ոք. առնվազն մինչեւ հաջորդ ընտրություններ։

Իմ մասին մի ընթացիկ բամբասանք էլ կա, թե տեսեք, Տիգրան Առաքելյանի հետ կապված ակցիաներին չի գալիս, էլ ինչ ապացույց ե ուզում, որ ծախված է։ Ես տղաների գործին առնչվող իմ քայլերից շոու չեմ սարքում, բայց պիտի ասեմ. վերջին անգամ Վճռաբեկ դատարանի որոշումից օրեր առաջ եմ այցելել Տիգրան Առաքելյանին, զրուցել ենք, քննարկել։ Քանի որ չէի կարողացել գնալ նրա հայրիկի թաղմանը, նաեւ այցելել էի ցավակցելու։ Եվ հետո, այս հարցը եղել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բրյուսելյան նիստի իմ ելույթի առանցքային թեմաներից մեկը, էլ չեմ ասում, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ բոլոր խմբակցություններից եւ որի անդամ եմ նաեւ ես, միակ պետական մարմինն է, որ հրապարակային մտահոգություն է արտահայտել տղաների գործի կապակցությամբ։ Խոմ չեմ պատմում, թե ինչ ջանքերի «գնով է դա ձեռքբերվել, խոմ ամեն անգամ չեմ հիշեցնի ԱԺ ամբիոնից այս կապակցությամբ իմ արած քայլերի մասին։ Ակցիաների մասին, գալիս եմ՝ բամբասում են, թե բա՝ եկել է մեր ակտիվիստների միտքը պղտորելու, չեմ գալիս՝ էլի բամբասում են։ Եթե ակցիայի չգալը ծախվածության նշան է, ուրեմն հրապարակեք ՀԱԿԿ վերնախավի այն ներկայացուցիչների ամբողջական ցանկը, ովքեր չեն գալիս, կամ երբեք չեն եկել։ Իմ անունն էլ գրեք, պրոբլեմ չկա։ Մի հատ ավել, մի հատ պակաս, ինչ տարբերություն։

Խոստովանեմ, խոստովանեմ՝ չհասցրի էլ գլխի ընկնել, թե ՀԱԿԿ նախկին գործընկերներն այդ ե՞րբ հասցրին իմ մասին բանսարկություններ տարածելը՝ իրենց քաղաքական առաջնահերթությունը համարել։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն Ավետիսյան says:

    Չլինելով ՀԱԿ անդամ, կասեմ մեկ բան՝ ՀԱԿԿ-ի մասով: Դուք պարոն՝ բանսարկու, բոլորից լավ գիտեք, որ ՀԱԿԿ չի կարող լինել: Դուք երբեք ՀՅԴԿ,ԱԻՄԿ, ԱԺՄԿ կամ ՀՀՇԿ ձեր ելույթներում չեք օգտագործել, որովհետև դա բացարձակ անգրագետություն կդիտվեր: Բայց ՀԱԿ-ի դեպքում օգտագործում եք ՀԱԿԿ իշխանական տարբերակը: Այս մոտեցումն ունեն Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Գալուստրուկ Սահակյանը և չթաքնված ու թաքնված վճռականներ:
    Իսկ հիմա իմ և իմ շրջապատի կարծիքը ձեր մասին:
    ԱԺ պատգամավորի մանդատը ծառայեցնելու եք ոչ թե Հայաստանի ու նրա քաղաքացու շահերին, այլ ձեր բարեկեցիկ «ապագայի»:
    Չակերտավոր, որովհետև դուք որպես քաղաքական գործիչ համալրեցիք դհոլների շարքը:
    Հեղուշն ու Մարգոն վկա, դուք դա վաստակել եք:
    Ձեր անիմաստ ճղճղան ոռնոցը, վաղուց ոչ մի լուրջ մարդ չի ընդունում:
    Ձեր նախաձեռնած օրինագծում մարտի 1-2–ին տեղի ունեցածը որակված է «իրադարձություն», մինչդեռ ձեր հռետորաբանության մեջ միշտ օգտագործվում է «ոճրագործություն», «հանցագործություն», «սպանդ» և այլն։ Սա ի գիտություն, ոչ մի նորմալ մարդ այդպիսի ձևակերպմամբ օրինագծի կողմ չէր քվեարկի:
    Եվ վերջում ավելացնեմ, ինքնարդարացմամբ զբաղվում են դհոլապարկապզուկային գործիչները:
    Քիչ արդարացեք: Չնայած ձեզ շատ շատերը վաղուց չեն հավատում:

  2. Վարդանյան Ն says:

    Ապրես Նիկոլ, ՀԱԿԿ-ը վերածվեց ԲՀԿ-ի ամենափոքրիկ արբանյակի, որ Վանոյի ասած թուլափայով է բավարարվում, իսկ դու շարունակում ես սկզբունքային գիծը, ապրե՛ս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930