Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»

Օգոստոս 07,2013 14:02

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկի մասին

– Հայ հասարակությանը «փոթորկել» է օրենսդիր մարմնի` մայիսի 20-ին ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Այն անգամ որակվեց հայ ընտանիքի եւ մեր ազգային-հոգեւոր արժեհամակարգի համար վտանգներ պարունակող: Գիտակցո՞ւմ են այդ վտանգն օրենսդիրները, ի՞նչ փուլեր է անցել նախագիծը՝ նախքան ընդունվելը, եւ ի՞նչ քայլեր են նախատեսվում ընդհանուր համաձայնության գալու համար:

– Առաջինը, ինչին կուզեի անդրադառնալ, որոշ ելույթների  վերտառություններն են` ինչպես, օրինակ, «Ազգային ժողովը «գաղտնի» օրենք է ընդունել»: Դրա հեղինակների մի մասը մարդիկ են, ովքեր նախկինում Ազգային ժողովի պատգամավորներ են եղել, հրաշալիորեն տեղյակ են օրենքների ընդունման բոլոր ընթացակարգերից, եւ պետք էլ չէ նրանց որեւէ բան պարզաբանել կամ սովորեցնել:  Այսինքն` սա ասում են կամ պարզապես հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով, կամ էլ, մեղմ ասած,  ինչպես ռուսները կասեին` սցՍՈՉÿՑ: Ազգային ժողովը գաղտնի որեւէ օրենք չի ընդունում. յուրաքանչյուր օրենք, առավել եւս, այսպես կոչված՝ «մայր օրենք»՝ բացի երկու անգամ հանձնաժողովի նիստում քննարկվելուց, նաեւ երեք ընթերցում է անցնում լիագումար նիստում: Կոնկրետ այս` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը երկար ճանապարհ է անցել: Այն առաջադրվել եւ առաջին ընթերցումն անցել է նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ, իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցումներն անցել են, եւ վերջնական տեսքով օրենքը քվեարկվել եւ ընդունվել է արդեն ներկայիս խորհրդարանի կողմից՝ 2013 թ.-ի մայիսի 20-ին: Բոլոր ընթերցումների ժամանակ քննարկումներին մասնակցել են բազմաթիվ պատգամավորներ բոլոր խմբակցություններից` ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն»: Օրենքի գլխադասային հանձնաժողով է նշանակված եղել  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Եվ այսօր հայտարարել, թե օրենքում տեղ գտած որոշ ձեւակերպումներին ուշադիր չենք եղել, մեղմ ասած,  ճիշտ չէ. այդ դեպքում պարզապես պետք է ուշադիր լինեին: Ի դեպ, նշեմ, որ երեք ընթերցումների ժամանակ էլ այդ հոդվածն առկա է եղել: Ասեմ ավելին` սա այն օրենքներից է, որի համար խորհրդարանի երկու՝ Եվրոպական ինտեգրման հարցերի (նախագահ՝ Նաիրա Զոհրաբյան) եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  (նախագահ՝ Էլինար Վարդանյան) մշտական հանձնաժողովները հրավիրել են խորհրդարանական լսումներ՝ հարյուրից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ոչ միայն կանանց հարցերով զբաղվող հ/կ-ներ, այլեւ ընդհանրապես հարցերի լայն շրջանակ ընդգրկող: Բացի դրանից, օրենքն անցել է մարզային քննարկումների ծավալուն փուլ, այսինքն` բոլոր մարզերում կազմակերպվել են դրա քննարկումները` մունիցիպալ պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների եւ համայնքի բնակչության համար: Այդ քննարկումներին մասնակցել են մշակույթի, արվեստի, գրականության, կրթության եւ այլ ոլորտների  ներկայացուցիչներ՝ ուսումնասիրելով օրենքը ողջ գաղափարախոսությամբ եւ հոդված առ հոդված: Օրենքի վրա աշխատել են լուրջ մասնագետներ, գիտնականներ, իսկ հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցել են, բոլորովին չեն բնութագրվում գրանտակերությամբ, այլ երկարամյա կենսագրություն եւ անբասիր հեղինակություն ունեն. մարդիկ, ովքեր ինտելեկտով ու հայրենասիրությամբ որեւէ մեկին չեն զիջում:

Ընդհանրապես ասեմ, որ, շատերի նման եւ դեռ մի բան էլ ավելի, չեմ ընդունում գրանտակեր, պատվերներով իրենց ազգը ամեն պահի 30 արծաթով ծախողներին, որոնց մի մասը կենտրոնացել է տարբեր ՀԿ-ների ցուցանակների տակ, թող ներեն ինձ իմ կողմից շատ հարգված քաղաքացիական ինստիտուտների բազմաթիվ ազնիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, ու անվանարկում են եւ՛ մեր ազգը, եւ՛ հանրային կյանքի կարեւորագույն ինստիտուտներից մեկը` հ/կ-ները: Բայց նորից եմ ուզում շեշտել, որ այս օրենքի վրա աշխատել են շատ հասարակական կազմակերպություններ, որոնք բարձր հեղինակություն ունեն, երկար տարիների անցած ճանապարհ, հայտնի են մեր երկրում լավ վարկանիշով եւ բոլորովին էլ չեն համալրում գրանտակերների ցուցակը:

– Տարբեր հրապարակումներում` էլեկտրոնային մամուլում եւ սոցիալական ցանցերում, բավական մեծ աղմուկ բարձրացրեց «գենդեր» հասկացությունը սահմանող հոդվածը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Մեր հասարակությունում գենդերային հավասարության գաղափարի դեմ պայքար եղել է եւ բավական էական, ու մինչ օրս էլ տարբեր տեղերում դեռ հայտնաբերվում են այդ մտածելակերպը ունեցողների բարձրագոչ մտքերը: Հատկանշական է, որ հատկապես կարծրատիպերով ներշնչված տղամարդիկ են ընդգրկված այս պայքարում, ովքեր վախենում են «իրենց կնիկների» նկատմամբ իրենց ճղճիմ իշխանության համար կամ իրենց տաքուկ տեղերը կորցնելուց: Մեկ բան անկասկած է՝ կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն, քանզի արմատավորված են քաղաքակիրթ մարդկության մշակույթի եւ կենսափորձի մեջ` կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների եւ ժամանակների համար: Բայց գաղափարի ընդդիմադիրները բոլոր դեպքերում կիրառում են իրենց հիմնական մոտեցումը` հասկացությունների փոխատեղում, ձեւացնելով, թե չեն հասկանում, որ գենդերի մասին խոսելիս անդրադառնում ենք ոչ թե ֆիզիոլոգիային, կենսաբանական սեռին եւ սեքսուալ վարքագծին, այլ իրավական, հանրային, սոցիալական հարաբերություններին:

– Ինչպե՞ս կարելի է բացատրել այս ալիքը, որ բարձրացավ  օրենքի շուրջ:

– Այստեղ գումարվել են մի քանի հանգամանքներ. անգործ մնացած պարապ մարդիկ, ովքեր անելիք չունեն, մարած պարտատոմսեր, որ մտածում են, թե ինչպես վերականգնվեն եւ քաղաքական աղբանոցից փորձեն վերադարձնել իրենց: Ես չեմ անդրադառնում այն ուղեղներին, որոնք տառապում են «պերմանենտ դավադրության տեսություններով» կամ ամենուրեք մեզ համար հակառակորդներ են փնտրում` ներսում, դրսում, յուրաքանչյուր քայլափոխի: Մենք մեր հակառակորդներին գիտենք, նրանք հայտնի են, եւ պետք չէ նորանոր ավանդություններ հյուսել նրանց շուրջ:

– Շատ խոսվեց դրսից պարտադրանքների մասին:

– Այս առնչությամբ վստահաբար կարող եմ ասել, որ չկան նման պարտադրանքներ: Այն ճանապարհը, որով մենք գնում ենք, ուղղված է կանանց տեղը եւ դերակատարությունը մեր կյանքում ավելացնելուն, արժանի մակարդակի հասցնելուն, ընդլայնելու կանանց մասնակցությունը որոշումների կայացման տարբեր մակարդակներում: Օրենքի բուն նպատակները հենց սրանք են: Պարտադրանք չկա, սա գիտակցված որոշում է պետության կողմից, եւ այն մեր երկրի համար ուղղակի այլընտրանք չունի, քանզի երկրի բարձր որակավորում ունեցող, արդյունավետ աշխատող ներուժի մի զգալի մասը ամբողջությամբ չի ծառայում ազգային-պետական խնդիրների լուծմանը եւ ազգային պետության կերտմանը:  Պարզ է, որ սա կոնտր-արդյունավետ է ընդհանրապես մեր ժողովրդի ու հասարակության համար: Ողջ օրենքի բովանդակությունը հենց այս շնչով ու գաղափարով է համակցված: Դրանից առաջ` 2010-ին, մենք ընդունել ենք գենդերային քաղաքականության հայեցակարգը: Խնդրեմ, վերցրեք նայեք եւ կտեսնեք, որ բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, առողջապահական, սոցիալական եւ այլն, առաջադրված են խնդիրներ, որոնք միտված են ազգի, պետության, ընտանիքի, մայրության, մանկության պաշտպանությանը, կանանց դերի բարձրացմանը, հանրային-քաղաքական կյանքին հավասար մասնակցությանը եւ հավասար հնարավորություններին: Այսինքն` այն սին մեղադրանքները, թե օրենքով այլասերվածություն է տարածվում, ընդամենը հիվանդ, մտասեւեռված ուղեղների գործունեության արդյունք է: Տարրական բան` կարելի էր ոչ թե կառչել 3-րդ հոդվածից,  այլ կարդալ օրենքը մինչեւ վերջ, հասկանալ ողջ նպատակը, բայց սա, կարծես, ձեռնտու չէ, այդ պատճառով էլ չի արվում:

– Դուք ի՞նչ եք առաջարկում:

– Վստահ եմ, որ օրինագծի հեղինակները եւ աջակցած ու կողմ քվեարկած մարդիկ շահագրգիռ են ու պատրաստակամ խնդրին առարկայորեն մոտենալու հարցում: Քանի որ հասարակությունը փոթորկած այսպիսի հրապարակումներ եղան եւ փորձ արվեց այս հիմքի վրա բաներ ներկայացնել, որոնք չկան իրականության մեջ, եւ շահարկել այս թեման, այդ իսկ պատճառով քաղաքական մեծամասնության կողմից կարող եմ հայտարարել, որ մենք կողմնակից ենք փոխհամաձայնության եզրեր գտնելու: Այս օրենքը հանրությունը բաժանող, հանրությունը իրար դեմ հանող օրենք չէ, եւ այն գաղափարախոսությունը, որն ընկած է օրենքի հիմքում, համաձայնության, միասնականության գաղափարախոսություն է եւ ոչ` պառակտող: Եթե որեւէ մեկի մոտ կասկած կա, եւ գուցե հանկարծ հետագայում փորձ կատարվի այս ձեւակերպումներն օգտագործել ինչ-որ չարամիտ նախաձեռնությունների համար՝ շահագրգիռ լինելով նման հավանականությունը արմատախիլ անելու, այս ամենը բացառելու եւ կանխելու համար, մենք պատրաստ ենք այլ ձեւակերպումներով հանդես գալ, պատրաստ ենք գնալ ընդառաջ, բարեփոխել կամ տալ այնպիսի պարզաբանումներ, այնպիսի մեկնություններ, որոնք կասկած ու տարընթերցումներ չհարուցեն, եւ որեւէ մեկի համար երբեւիցե հիմք չլինի այս օրենսդրության կամ քաղաքականության մեջ փնտրել ու գտնել մեզ համար բացարձակ անընդունելի երեւույթների եւ այլասերումների տարածման հնարավորություն:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031