«Հայաստանի տարածքում TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականի վերջին – 2027 թվականի սկզբին», – ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Օգոստոսի 23-ին Տաշքենդում՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում, որին մասնակցում էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ալիևն ասել է, թե Ադրբեջանի տարածքում ներկայում ակտիվորեն ընթանում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրականացման աշխատանքները։
«Ադրբեջանի հիմնական հատվածում նախագիծը կավարտվի հաջորդ տարի։ Աշխատանքները սկսվել են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում», – նշել է նա։
Ալիևի խոսքով՝ հայեցակարգային մոտեցումը կայանում է նրանում, որ Նախիջևանի երկաթուղին դիտարկվում է որպես Ադրբեջանի երկաթուղու մաս։ Նա ընդգծել է, որ այս համատեքստում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում՝ այն ընկերությունների, ներդրումներին մասնակցությամբ հետաքրքրված երկրների մասնակցությամբ, որոնք շահագրգռված են համապատասխան շահույթ ստանալու և այս երթուղով փոխադրումների երաշխավորված ծավալների մեջ։
Կարդացեք նաև
«Տեղեկության համար ուզում եմ ասել, որ Հայաստանի տարածքում նույնպես աշխատանքներ են ընթանում (TRIPP նախագծի ուղղությամբ – ԻՖ), մեր ամերիկացի գործընկերները մեզ պարբերաբար տեղեկացնում են այդ մասին։
Եվ որքանով, որ մեզ ասվել է, կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին Հայաստանի տարածքում կսկսվի շինարարությունը։ Բայց այնտեղ երկարությունը ընդամենը 42 կմ է, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կմ։
Այո, այդ պատճառով մենք սկսել ենք աշխատանքները, և ամեն դեպքում դրանք կիրականացնենք։ Բայց հաշվի առնելով այն, որ մենք գիտենք, որ տարբեր ընկերությունների մոտ հետաքրքրություն կա, պարզապես ուզում էի տեղեկացնել, որ նման հետաքրքրության առկայության դեպքում հնարավորություն կա մասնակցելու նաև նախատեսվող կոնսորցիումին», – հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև նշել է, թե Ադրբեջանը զրոյից կառուցում և արդիականացնում է Բաքվից մինչև Հայաստանի սահմանը գոյություն ունեցող երկաթուղու մի հատվածը՝ մոտ 400 կմ երկարությամբ։
Այդ գծի Նախիջևանի հատվածը կազմում է գրեթե 200 կմ: Սա կդառնա Միջին միջանցքի լուրջ ճյուղավորում։


















































