Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի հույժ գաղտնի նամակը Ռոբերտ Քոչարյանին

Հոկտեմբեր 02,2013 17:55

«Առավոտի» տրամադրության ներքո է հայտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա գրել էր 1998թ-ին: «Հույժ գաղտնի» գրությամբ այս նամակից հատվածներ ժամանակին հրապարակվել են մամուլում: Այժմ հրապարակում ենք ամբողջական տեքստը:

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար պարոն Ռ. Քոչարյանին

Դիմում

Հարգելի պարոն նախագահ,

Խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրածս պաշտոնից, քանի որ արդեն վերացել են մեր՝ փոխըմբռնման հասնելու վերջին հնարավորությունները: Ցավոք ու իրոք՝ վաղուց է, ինչ իրար չենք հասկանում: Այնինչ Արցախի ներքին կյանքում, տնտեսության մեջ վիճակն օրեցօր վատանում է. իմ համոզմունքներին մնալը եւ միաժամանակ իմ պաշտոնում մնալը կարող են էլ ավելի սրել դժվարությունները:

Հավատացնում եմ, այո՛, մեր այնքան ծանր գնով ձեռք բերած ռազմական հաջողությունները հեշտ ու հանգիստ, դանդաղ, բայց հաստատ արժեզրկվում են սոցիալ-տնտեսական ասպարեզում: Բազմիցս եմ շեշտել, որ միայն բանակի ուժով արցախյան հիմնախնդիրը չի կարող լուծվել: Բայց անիմաստ է դա նույնիսկ երազելը այդ նույն՝ իրադրությունն ամեն կերպ վատթարացնող, սակայն ինքնին ոչ մի կերպ չբարելավվող տնտեսական ստրատեգիայով եւ նույն, այսպես կոչված, թիմով:

Պարոն նախագահ, խնդրում եմ գոնե հիմա ինձ ճիշտ հասկանալ. երկար եմ մտածել ինձ ուղղակիորեն, թե անուղղակիորեն պարտադրվող քայլն անելուց առաջ: Խնդրում եմ նաեւ ինձ հերթապահ մեղադրանքներ չներկայացնել «մեր ընդհանուր գործին», իբր, դավաճանելու համար:

Նշված խնդիրների մասին շատ-շատ ենք խոսել դեռեւս ՀՀ նախորդ նախագահի ղեկավարության օրոք: Այն ժամանակ արդեն երեւացող սխալ մոտեցումներն ու ընդհանուր քաղաքականությունը վերագրում էիք Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա անձն ու անունն էին դարձվում «քավության նոխազ»: Գտնում եմ, որ մարդկայնորեն ու տղամարդկայնորեն այդ մոտեցումն էլ է սխալ: Այժմ համբերությունս ավելորդ անգամ շահագործելու տեղ չի մնացել այլեւս…

Մոտ անցյալում, իսկապես, ուս-ուսի տված պայքարել ենք հանուն ընդհանուր գործի հաղթանակի: Հիմա, սակայն, չեմ ուզում ու չեմ կարող տեսնել հակառակ արդյունքները. գերադասում եմ անձնական պարտություն կրել, ու գտնվել մեր ժողովրդին պարտության տանողների «ավանգարդում»:

Ինքս միշտ հեռու եմ մնացել ամեն կարգի պատվախնդիր նկրտումներից («ամբիցիաներից»), մանավանդ՝ իշխանամոլությունից, ինքս եմ ոմանց կոչ արել զսպել դրանք եւ չեմ կարծում, որ այսօր հոլովվող կարեւորագույն հարցերն էլ կարելի է լուծել՝ այս կամ այն մարդու «ամբիցիաներով» ղեկավարվելով:

Չեմ ցանկանում եւ չեմ էլ փորձելու ընդդիմության մեջ լինել. իմ սկզբունքներին դեմ է «գոտկատեղից ցած հարվածելը»: Սակայն չեմ կարող ու չեմ էլ կամենում հրաժարվել իմ մյուս՝ քաղաքական, կադրային, սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող սկզբունքներից:

Շատ անգամ առանձին զրույցների ժամանակ, ներառյալ ԼՂՀ երկրորդ նախագահի պաշտոնավարության օրոք բացատրվել է, որ հասարակության բեւեռացում ու իրավիճակի վտանգավոր ապակայունացում թույլ չտալու համար ինքս եմ կամավոր ստանձնել «քավության նոխազի», բնակչության սոցիալական դժգոհությունների կենդանի շանթարգելի անշնորհակալ դերը: Բայց այլեւս սպառվել են բոլոր կողմերից՝ թե «աջից», թե՛ «ձախից» ու թե «վերեւից», թե «ներքեւից» տեղացող հարվածները դիմագրավելու ընդունակություններս, ասենք՝ նաեւ ցանկությունս:

Ավելի քան 6 տարի ինձ հետ աշխատելով՝ երեւի պիտի ճիշտ հասկանայիք ինձ. միգուցե, սակայն, իմ սխալն է, որ ինձ այդպես էլ լավ չճանաչեցիք:

Բոլոր դեպքերում հանկարծ այն նոր սխալ կարծիքը չկազմեք, թե ինձ սպառնում կամ վախեցնում է նյութապես տուժելու հեռանկարը: Բոլորովին: Այն ազատ նյութական ու ֆինանսական միջոցներն էլ, որ տնօրինել եմ ի պաշտոնե, միշտ ուղղել եմ ԼՂՀ պաշտպանության բանակի, վերջնահաշվարկով՝ ողջ պետության տնտեսական ու ոչ միայն տնտեսական հզորացմանը: Մյուս կողմից՝ կեղծ համեստություն չխաղամ (առհասարակ չեմ սիրում ոչ կեղծիքն ու կեղծավորությունը, ոչ էլ խաղալը՝ «թիմային» լինի դա, թե «անհատական» կարգով), հիշում եք, չէ՞, հայկական իմաստուն առածը. «Ուղտը ինչքան էլ սատկի, կաշին մի իշաբեռ է»…

Իսկ միգուցե գտնում եք, թե իմ «արդարացումն» ու ինքնամխիթարությունը պիտի դառնա այն աշխարհահռչակ թեւավոր խոսքը, որ ասել է գերի ընկած ֆրանսիական արքան կարեւոր ճակատամարտը տանուլ տալու կապակցությամբ. «ամեն ինչ կորած է, բացի պատվից»: Շտապեմ շեշտել, որ ինձ համար, ընդհակառակն, ոչինչ էլ կորած չէ, առավել եւս՝ պատիվս: Ավելին՝ այսուհետեւ անհամեմատ մեծ ազատություններ ու հնարավորություն ձեռք կբերեմ կարողություններս առավել լրիվ ծառայեցնելու հայրենաշեն նախորդ գործերիս շարունակմանը: Իրական մտավախությունս, կրկնում եմ, միայն այն է, որ մենք ամենքս՝ ազգովի՛ն ամեն ինչ չկորցնենք, ներառյալ՝ համայն հայության հազիվ վերականգնվող պատիվը…

Պարոն նախագահ,

Վստահեցնում եմ՝ ինձնից կախված ամեն ինչ արել եմ Ձեր հեղինակությունը, որպես ԼՂՀ, այնուհետեւ՝ ՀՀ նախագահի, թե Արցախում, թե ՀՀ-ում, թե արտասահմանում առավելագույնս բարձրացնելու համար: Հիմա, սակայն, չնայած ամեն ինչին, կամուրջներն այլեւս այրված են: Եվ ո՛չ իմ մեղքով: Իմիջիայլոց՝ իմաստ էլ չունի բանագնացներ ուղարկել եւ բանակցություններ վարել՝ «հրաժարականիցս հրաժարվել» տալու նպատակ հետապնդելով…

Որեւէ թիմակից, ընկեր, ղեկավար ընտրելուց առաջ նախընտրել եւ նախընտրում եմ տղամարդկանց հետ գործ ունենալ-աշխատել եւ, ինչպես ղարաբաղցին է ասում, տղըմըրթըվաչի…

Արցախից չեմ հեռանալու: Ցանկացած պահին, երբ զգաք, որ Ձեր աշխատանքի ու Արցախին իրոք օգուտ բերելիք ծրագրերի իրագործման համար կարող եմ դեռեւս անհրաժեշտ լինել, բոլոր այն հարցերով զբաղվելու նպատակով, որոնք դեռ վստահ եք, որ ի զորու եմ վճռել, պատրաստ եմ գտնվել Ձեր տրամադրության տակ:

Իսկ այժմ կրկին խնդրում եմ արագ ընդունել հրաժարականս, թե չէ րոպե առ րոպե հատվում է եւ նյարդերիս «ամրության պաշարը», իսկ համբերության վերջին բաժակն էլ լցված է:

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ս. Բաբայան

 1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ուշադիր կարդացողի ու Ճիշտ հասկացողի համար սա նամակ չէ,այլ՝ մեղադրական:Մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցան Քոչարյանի ու իր բանդայի իրագործած բոլոր հանցագործությունները,որոնք ժամանակին այս նամակով փորձել էր կանխել Բաբայանը…
    Լինելով քենախնդիր ու վրիժառու անձնավորություն,Քոչարյանն հետագայում հալածեց,ունեզրկեց,դատապարտեց ու արտաքսեց Բաբայանին՝ շնագայլերին յուրահատուկ բնավորությամբ…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Օլիգարխային կլանի «նախկին կռված տղերքը» սարքեցին Սամվել Բաբայանի գլխին ու Հայաստանից արտաքսեցին. վախեցան իրենց դեմ դուրս գա:

  3. Ruben says:

    Ինչու՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հրաժարականով պետք է դիմեր հարեւան հանրապետության՝ Հայաստանի Հանրապետության նախագահին: Այն էլ «Հույժ գաղտնի» գրությամբ:
    Կամ ինչու՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ վարչապետ (հետո նախագահ) պետք է դներ հարեւան պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին:

    • Գառնիկ says:

      Այդ հարցն էլ է ինձ հուզել ժամանակին, թեպետ ինքս քվեարկել եմ իր օգտին` համպատասխան անձ չտեսնելով երկրի ներսում, և, ինչ մեղքս թաքցնեմ` մեծ հույսեր էի կապում իր անձի հետ և կրկնակի անգամ մեծ եղավ հիասթափությունս:

  4. Արցախցի says:

    Էս նամակը մի քիչ երեև պոդդելկայա, քանի որ Սամվել Բաբայանը 1999-ին է պաշտոնից դուրս եկել , իսկ սա թվագրված ե 1998-ով:ՃՃՃ

    • Գառնիկ says:

      Բացառված չէ, սակայն Ռուբենի հարցը միևնույն է տեղին է: Խնդիրը նրանում է կայանում, որ մենք պարտավոր ենք, գոնե հիմա, զերծ մնալ հենց մեր կողմից ընդունված օրենքների խաղտումին:

  5. ՀՀ-ն եվ ԼՂՀ-ն հարեվաններ չեն,նրանք մեկ միասնական ժողովրդի արհեստականորեն բռնանջատված հատվածներ են,ԼՂՀ հայեության պաշտպանությունը ,Արցախի խնդիրները համահայկական են,այնպես որ ջուր պետք չէ լցնել ազերիների ջրաղացին;Խնդրում եմ չմոռանալ,հարգելի անվանակից,որ 1918-ն Սարդարապատի հաղրանակի գործում եվ Ղարաքիլիսայում վճռական դեր են ունեցել հենց ղարաբաղցիների գնդերը;Ֆեոդալական մտածողությունը մեզ համար միշտ կործանարար է եղել,ոչ լոռեցուն,ոչ շիրակցուն ու ոչ էլ ղարաբաղցուն չպետք է հակադրել միմյանց;Եթե մուսալեռցին իրավունք ուներ/ եվ ունի /դառնալու ՀՀ նախագահ,նույն իրավունքն ունեն մյուս հայաբնակ երկրամասերի ներկայացուցիչները;Դուք կարող եք Ռ.Քոչարյանին դեմ լինել,բայց ոչ ղարաբաղցիներին;

    • Ruben says:

      Ես ցանկանում դառնալ ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի:

    • Ruben says:

      Ես ցանկանում եմ դառնալ ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի:

    • Գառնիկ says:

      Անկախ ամեն ինչից` մենք պարտավոր ենք հետևել օրենքի տառին: Եթե այն լավը չե` եկեք փոխենք, բայց քանի փոխված չե` պարտավոր ենք այն կատարել. Dura lex, sed lex!
      Ինչ վերաբերվում է ոմանց անկախ Արցախ հանրապետությունում ապրելու ցանկությանը, ապա թույլ տվեք ասել, որ եթե այդպիսի անկեղծ ցանկություն դեռևս կա (տես Ruben ստորև), ուրեմն մենք` հայերս, ադպես ել շսովորեցինք պատմությունից դասեր քաղել:

  6. Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը փոխադրվելով Հայաստան ստվեր գցեցին իրենց,Արցախյան պատերազմում ձեռք բերած հեղինակության վրա:Ավելին,պախարակվեցին:Հայտնի բան է,ախորժակը ուտելուց է բացվում,եւ
    ախորժակը նրանց տարավ դեպ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ:Սխալ էր:Արդյունքը ,իսկ իսկական արդյունքի գնահատականը կտա պատմությունը: Համոզված եմ՝ նրանց սերունդները անհարմար պիտի զգան իրենց(Ռ.Ք,Ս.Ս) համար…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031