Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն առանց սահմանների»

Հոկտեմբեր 12,2013 13:55

nkar_2 nkar_1Այսպես է կոչվում այս օրերին Հայաստանի բնության պետական թանգարանում գործող Լեւոն Լաճիկյանի անհատական 7-րդ ցուցահանդեսը: Այն ներառում է հեղինակի նախկինում արած, ինչպես նաեւ օրերս ավարտին հասցրած 22 գրաֆիկական եւ ջրաներկ աշխատանքներ:  Լեւոն Լաճիկյանն առավելապես հայտնի է որպես գեղագետ-արվեստաբան եւ մշակութային մեկնաբան: Նրա հեղինակած գրքերը վերաբերում են ուշ միջնադարի հայ գեղագիտական մտքի վերլուծությանը եւ արդի հայ կերպարվեստի լուսաբանմանը: 2006-ին Երեւանում լույս տեսած «Խաչվող ճանապարհներ» ուղեգրությունների գրքով նա հանրությանը ներկայացրեց նաեւ իր գծանկարները: Դրանք սիրվեցին արվեստասերների կողմից` նրան մղելով ստեղծագործական հետագա որոնումների: Ինչպես Լեւոն Լաճիկյանն ինքն է նշում, իրեն հատկապես ոգեւորել եւ թեւ է տվել մեր գեղանկարչության նահապետի` ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ  Հակոբյանի կարծիքը. «Անչափ տպավորված եմ Լեւոն Լաճիկյանի գծանկարներով: Դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով եւ նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են: Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն ու կենդանի պատկերներ է ստեղծում: Շատ կարեւոր է, որ Լեւոնի գծանկարները նյութի պարզ վերարտադրություն կամ սոսկ փաստագրություն չեն: Տարբեր շինությունների ճարտարապետական մանրամասներ տալով հանդերձ` նա կարողանում է վեր բարձրանալ դրանցից եւ դրսեւորել եղածի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»:

Ցուցադրությունը հիմնականում կազմված է հայ եւ արտասահմանյան մի շարք քաղաքների ու բնակավայրերի տեսարանները պատկերող գրաֆիկական նուրբ աշխատանքներից: Ըստ Լեւոն Լաճիկյանի, շենքերն իր համար քարե անշունչ կառույցներ չեն. «դրանք մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող եւ ճաշակ կրթող երեւույթներ»: Իրար կողք կողքի ցուցադրված են քաղաքային բնապատկերներ Գյումրուց ու Վենետիկից, Գորիսից ու Փարիզից, Մեղրուց եւ Լիոնից: Արվեստագետի համոզմամբ, մեզ հասած ժառանգությունն իրապես սահմաններ չունի: Միաժամանակ ներկայացնելով մեր ու օտար բնակավայրերի տեսարաններ`  ավելի դյուրին կարելի է տեսնել հայկականի տեղը ընդհանուր համամարդկային մշակութային համապատկերում:

Լեւոն Լաճիկյանն այս ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրել է նաեւ ջրաներկ աշխատանքներ իր «Ծաղկյալ Արարատ» նկարաշարից: Այդ կապակցությամբ ցուցահանդեսի բացման ժամանակ հեղինակը հետեւյալն ասաց. «Բիբլիական Արարատը մեկն է Արարչի ամենակատարյալ ստեղծագործություններից, որքան նյութական, նույնքան էլ ոգեղեն ու գերբնական է այն: Ինքն արդեն, ի սկզբանե, անշրջանակ նկար լինելով` գրեթե անհնարին է դարձնում համարժեք վերարտադրությունը մարդ արարածի կողմից: Միակ ճանապարհը մեր սուրբ լեռը հարակից բնության` տվյալ դեպքում ծաղիկների հետ պատկերելն է: Այդպես ծնվեց իմ «Ծաղկյալ Արարատ» ջրաներկ աշխատանքների շարքը»:

Իրոք, կարելի է զարմանալ ու հիանալ նկարչի ստեղծագործական երեւակայությամբ: Մեզ ծանոթ Արարատի պատկերները տարբեր ծաղիկների համադրությամբ երեւան են գալիս բոլորովին նոր հնչեղությամբ: Դրանք մեր սրբազան լեռան իրական եւ անիրական ընկալումների յուրօրինակ անդրադարձումներ են` արված ջրաներկի թափանցիկ գույներով եւ աչք շոյող երանգներով: Ավելացնենք, որ «Ժառանգություն առանց սահմանների» ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը:

ԺԱՆՆԱ ՄՈՒԽԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031