Դատաբժիշկը հաստատել է, որ Ավետիք Բուդաղյանի վրա վերեւից են կրակել

Դատաբժիշկը հաստատել է, որ Ավետիք Բուդաղյանի վրա վերեւից են կրակել

«Եթե Սուրիկ Խաչատրյանը չի եղել, բա վերեւից ներքեւ ուղղությամբ կրակողն ո՞վ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հարց բարձրացրեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ վստահեցնելով, որ Գորիսի միջադեպի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի տան վերեւից կրակոց է եղել, իսկ տանը նա է եղել:

Մենք փոխանցեցինք Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի բացատրությունը, որ վերեւից ներքեւ կրակոց չի եղել, դա Հայկ Ալումյանի ենթադրությունն է միայն: Պարոն Ալումյանը պատասխանեց. «Իմ ենթադրությունները, ի տարբերություն իմ կողմից շատ հարգված Մարտին Զիլֆուղարյանի եւ Ռուբեն Սահակյանի, հիմնված են գործի նյութերի վրա: Ես դեռ չեմ նկատել՝ գործի ո՞ր նյութերի վրա են իրենք իրենց համոզմունքները հիմնում, եթե իմը ենթադրություն է»:

Ըստ Հայկ Ալումյանի մեկնաբանության, Ավետիք Բուդաղյանը վնասվածքներից մեկը ստացել է ուսի հատվածում եւ թափանցել է որովայն. «Այդ վնասվածքի ուղղությունը եղել է վերեւից ներքեւ: Դա դատաբժիշկն է ասել, ես չեմ ասել: Մի ուրիշ վնասվածքն արմունկահոդին է դիպչել, բայց՝ հետեւից: Ինձ մյուս կողմի պաշտպանները քննադատում են, որ ես ինչո՞ւ եմ ասել, որ թիկունքից վնասվածք է եղել: Հիմա հո դատաբժշկի եզրակացությունն ունենք, որ արմունկի վնասվածքը հետեւից առաջ ուղղություն է ունեցել: Մենք ունենք մի վնասվածք հետեւից առաջ ուղղությունից, որն արմունկի շրջանում է, այսինքն, թիկունքից են կրակել: Մի ուրիշ կրակոց էլ կա վերեւից ներքեւ, որի գնդակը հայտնաբերել են որովայնի շրջանում: Կա եւս երկու մարմնական վնասված՝ առջեւից հետեւ ուղղությամբ, մեկը՝ ազդրի, մյուսը՝ էլի որովայնի ներքեւի մասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք