Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետ. «Քոչարյանը «բախտիկյանն է». նա քաղեց պտուղները» 

Օգոստոս 30,2014 19:37

«Ռոբերտ Քոչարյանը պարտվել է Ադրբեջանին. ա՛յ սա նա միշտ պետք է հիշի»,- ասում է  Հրանտ Բագրատյանը 

«Եթե Քոչարյանը Աճեմօղլուի կամ Պիկետիի (Ռոբերտ Քոչարյանի նշած հեղինակներն են, որոնց գործերը Քոչարյանը հավանել է Ն. Բ.) փոխարեն ավելի լուրջ մասնագիտական գրականություն կարդա, թեեւ, գիտական հանրությունը վերը նշված հեղինակներին դասում է տնտեսագիտական հրապարակախոսների շարքը, ապա կհասկանա, որ իր շրջանի համեմատաբար բարձր տնտեսական աճը պայմանավորված էր 90-ականների կեսերին իրականացված լավագույն առաջին սերնդի բարեփոխումներով. սա Համաշխարհային բանկի գնահատականն է: Քոչարյանը «բախտիկյանն է», նրան բաժին ընկան պտուղները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր ղեկավարության տարիների մասին գովքին, որը ներկայացրել է ՌԴ-ում լույս տեսնող ռուսալեզու «Նոեւ Կովչեգ» լրատվամիջոցին տված հարցազրույցում

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով իր իշխանության օրոք արձանագրած տնտեսական ցուցանիշների մասին, բացի թվեր ներկայացնելուց, նաեւ ասել է. «Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն»

Մեր հարցին, թե որքանո՞վ է արդարացի Քոչարյանի գնահատականն՝ իր ղեկավարած տարիների տնտեսության զարգացման վերաբերյալ, պարոն Բագրատյանն այսպես պատասխանեց. «Նրա ղեկավարած տարիները եղել են բարձր տնտեսական աճի տարիներ։ Բայց այդ աճը գալիս է դեռ 1994-ից։ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ արձանագրել։ Առաջին սերնդի բարեփոխումներից հետո ամբողջ հետխորհրդային տարածքում բնորոշ է բարձր տնտեսական աճը՝ կապված սպառման վարկավորման եւ վերականգնողական աճի հետ։ Բայց մի բան Քոչարյանը պետք է միշտ հիշի, այնուամենայնիվ, տնտեսական աճի տեմպերով նա շեշտակիորեն պարտվեց Ադբեջանին։ Մինչդեռ, մինչեւ նա, Հայաստանը հաղթեց Ադրբեջանին ոչ միայն պատերազմում, այլ նաեւ տնտեսական աճով»։ 

Տնտեսական քաղաքականության առումով, Համաշխարհային բանկը, ինչպես ասաց պարոն Բագրատյանը, Հայաստանում 2-րդ սերնդի տնտեսական բարեփոխումները համարում է միջակ մակարդակի. «Ա՛յ, սա նրա ձախողումն է։ Այս մասին նա չի խոսում։ Նույն հարցազրույցում նա ասում է, որ իր օրոք տնտեսության մեջ  կայուն կերպով աճում էր փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) մասնաբաժինը։ Պատասխանատու ձեւով հայտարարում եմ՝ ճիշտ չէ։ Իր օրոք ՓՄՁ-երի տեսակարար կշիռը տնտեսության մեջ անկում է ապրել՝ մոտ 2 անգամ։ Հենց նա է, եւ ոչ թե առաջին նախագահը, օլիգարխիկ տնտեսության հայրը։ Հիշեք միայն, թե նա ի՞նչ արեց գյուղատնտեսական պահուստի հողերը։ Եթե մենք հողը բաժանեցինք գյուղացիներին, ապա նա, այն հիմնականում «վաճառեց» օլիգարխներին։ Այս ամենին ավելարեք չբացահայտված հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, երիտասարդի սպանությունը Պոպլավոկում։ Նրա օրոք են, չէ՞, եղել»։ 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    բայց քեզ պես քանդիկյան չէր, որ փոշիացներ Հայաստանի արդյունաբերական համալիրն ու փողոց նետեր աշխատավորներին-ամոթե գոնե լռիր

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031