Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Հեսա կվավերացնենք ԵՏՄ համաձայնագիրը եւ 270 մլն դոլար փող կստանանք»

Նոյեմբեր 04,2014 16:39

Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի եկամուտների քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ կանխատեսում են 1 տրիլիոն 184 մլրդ դրամ:

Այդ գումարը 4.3 տոկոսով ավելի է 2014-ից: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Պավել Սաֆարյանին հարցրեց՝ «Մենք գնում ենք ԵՏՄ, գիտենք արդեն թվերը: Մոտ 160 մլն դոլար լրացուցիչ գումար է լինելու, պետք է ծախսային եւ եկամտային մասով ունենանք փոփոխություն: Եթե հաշվում ենք, վատագույն սցենարի դեպքում 270 մլն դոլար բյուջե մուտք է արվելու: Դա հաշվի առե՞լ եք, հեսա կվավերացնենք այդ համաձայնագիրը եւ 270 մլն դոլար փող կստանանք»:

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը արձագանքեց՝ «Սա ցանկությունների ծրագրի՞ց է»: Վարդան Այվազյանը պնդեց, որ ցանկություն չէ, անում են, արդեն վավերացնելու են:
Պավել Սաֆարյանը հիասթափեցրեց Վարդան Այվազյանին: Նա ասաց, որ միայն մեր ԱԺ-ն չէ, որ պետք է վավերացնի այդ պայմանագիրը, այն պետք է դեռ քննարկվի Ղազախստանի, Բելառուսի եւ ՌԴ-ի կողմից. «Այդ թվերը իրականությանը մոտիկ են այսօրվա գնահատականով: Բայց քննարկում են դեռ, մանրամասնություններ կան մի քիչ: Այդ 22 մլրդ.-ով, որ դուք հաշվարկել եք, դրական ազդեցությունն եք հաշվել: Լրացուցիչ քննարկվում է դա եւս իջեցնել: Բայց մաքսատուրքերի բարձրացումը նշանակում է ներմուծման գների բարձրացում, դա նշանակում է հավասար պայմաններում ներմուծվող ապրանքների սպառման ծավալների կրճատում: Այս փուլում մենք դեռեւս ձեռնպահ ենք մնացել ներկայացնել մանրամասները: Եկամտային մասը ավելանում է ԵՏՄ անդամակցությունից, մոտ 1.2 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում, բայց առավել մանրամասն կքննարկվի»:

Հեղինե Բիշարյանը հակադարձեց, որ «Ժողովրդի հաշվին աճ եք անում, էլի»: Պավել Սաֆարյանն էլ ասաց, որ առանց ժողովրդի ոչինչ չի լինում:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ տրիլիոն 74 մլրդ դրամը հարկային եկամուտների մեջ կազմում են տնտեսական գործոնով պայմանավորված եկամուտները, եկամուտներ, որոնց աճը կամ նվազեցումը պայմանավորված է հարկային օրենսդրական փոփոխությունով եւ գործոնով, որը պայմանավորված է վարչարարությամբ. «Մեկ տրիլիոն 74 մլրդ-ը ավտոմատ գործընթաց չէ: Այն պետք է իրականացվի վարչարարությամբ»:

Արմեն Ալավերդյանը նշեց, որ ավելացված արժեքի հարկի փաթեթի հետ կապված մոտ 5 մլրդ դրամի կորուստ կունենան, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերում գործունեությանը հարկային արտոնություն տալու փաթեթի հետևանքով 2.5 մլրդ դրամի կորուստ:

Շահութահարկի մուտքն այս տարի ավելի քիչ կլինի: Ամենամեծ մուտքերի կորուստը ստանում ենք հանքարդյունահանման ոլորտում՝ ռոյալթիների մասով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930