Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների միջազգային տոն Գյումրու պատմական ճեմափողոցում՝ Էրիկ Կարապետյանի համերգով, երազանքների խճանկարով

Օգոստոս 10,2026 21:12 Share

Վաղը Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան կամ, ինչպես գյումրեցիներին առավել հայտնի է՝ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում մեծ շուքով կնշվի երիտասարդների միջազգային օրը։

Այս տոնը Գյումրիում նշվում է արդեն 12-րդ անգամ՝ 2015 թվականից՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին օգոստոսի 12-ը հռչակվել է երիտասարդների միջազգային օր։ Աշխարհում առաջին անգամ այն նշվել է 2000 թ. օգոստոսի 12-ին։

Ամեն տարի տոնը նշվում է տարբեր թեմաների ու խորագրերի ներքո, որոնք սահմանվում են ՄԱԿ-ի կողմից՝ մեկ ուշադրություն հրավիրելով երիտասարդների հոգեկան առողջությանը, մեկ՝ կրթությանը։

Այս անգամ տոնին նվիրված միջոցառումները կրում են «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագիրը։

Այն երիտասարդների ձգտումների, նպատակների, պատկերացումների, երազանքների, ապագայի տեսլականի մասին է։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանը, Աբովյան ճեմափողոցում կտեղադրեն խորհրդանշական մեծ պատ, որի վրա երիտասարդները կհավաքեն ձգտումների խճանկար՝ փազլ։

«Երիտասարդները, նախապես գրանցվելով, կարող են ձեռք բերել իրենց մասը, կտորը, որի վրա կգրեն իրենց երազանքը, կնշեն ձգտումը, ապագայի նկատմամբ տեսլականը, և այս ամենը կհավաքվի պատի վրա՝ որպես խճանկար։ Սա հիմք կհանդիսանա մեզ համար՝ հասկանալու, թե որ ոլորտում ինչ ծրագիր կարելի է իրականացնել երիտասարդների համար»,- ասաց Մարիամ Ղարագյոզյանը։

Երիտասարդների տոնը չի ավարտվելու ձգտումների ու երազանքների խճանկարով․ հենց նույն ճեմափողոցում համերգային բացօթյա ծրագրով հանդես է գալու սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը։ Մարիամ Ղարագյոզյանի տեղեկացմամբ՝ երգչի ընտրությունը կատարվել է երիտասարդների ցանկությամբ՝ նրանց շրջանակում կատարված հարցումներով։

Համերգային ծրագիրը կամփոփի «DJ Sianna»-ն, տոնը կավարտվի պարային կատարումներով։

Ի դեպ, Գյումրիում իրազեկման արշավներ են անցկացվում․ երիտասարդները, շրջելով Գյումրու տարբեր թաղերով, միջոցառման մասին թռուցիկներ ու տեղեկատվական նյութեր են բաժանում՝ ազդարարելով վաղվա տոնի մասին ու հորդորելով երիտասարդներին տանը չմնալ, դուրս գալ վայելելու իրենց օրը։

Երիտասարդների միջազգային օրվա առիթով Գյումրի են ժամանել երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից։ Մեր զրուցակցի ասելով՝ հյուրընկալել են «Էրազմուս + երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի նախկին կամավորներին, որոնք արդեն վերադարձել են իրենց երկրներ։ Նրանք ԱՄՆ-ից են, Լեհաստանից, Ֆրանսիայից․․․

Նրանք ևս կշրջեն Գյումրու տարբեր թաղերով ու կիրականացնեն հանրային տեղեկատվական արշավ՝ եվրոպական երիտասարդական ծրագրերի վերաբերյալ։

Համացանցը ևս «եռում է» երիտասարդների նախաձեռնություններով․ նրանք սկսել են մեդիարշավ իրականացնել, հրապարակել տեսանյութեր, ուղերձներ, լուսանկարներ, որոնք ևս արտացոլում են նրանց նպատակները, տեսլականը, երազանքները ապագայի վերաբերյալ։ Այն կրում է «Ձգտի՛ր, Ստեղծի՛ր, փոխի՛ր» խորագիրը։

Ի դեպ, տոնը դարձել է վարակիչ․ Հայաստանի մյուս քաղաքները ևս սկսել են բավական հետաքրքիր միջոցառումներով նշել այն։ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» նախաձեռնությամբ այն նշվելու է Արթիկում, Արմավիրում, Վաղարշապատում, Գավառում և այլուր, տոնը շարունակվելու է մինչև օգոստոսի 14-ը։

Այս տարի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվել է Կապանը։

Նշենք, որ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» տոնն իրականություն է դարձնում՝ համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31