Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի Օսկանյանի գործի նման

Փետրվար 19,2015 17:00

Սկանդալային հայտարարություն: Հետաքննությունը խնդիրներ ունի պարզաբանելու, թե հովանավորությունը ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսեւորվել եւ հանցակցություն հասկացության օժանդակող ձեւի տարրեր կամ պաշտոնական դիրքը չարաշահելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ:

ՀՀԿ-ԲՀԿ կուսակցությունների միջեւ ներքաղաքական աղմկահարույց առճակատումը նորույթ չէ, այն ծագեց նաեւ 2013թ. նախագահական ընտրություններից ավելի քան մեկուկես տարի առաջ, երբ խոսք գնաց Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Նախ, նրան զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա մեղադրանք առաջադրեցին փողերը լվանալու եւ հափշտակություն կատարելու ծանր մեղադրանքներով, իսկ երբ ՀՀԿ թեկնածուն «անցավ», քրեական գործը կարճեցին, թե պարոն Հարթմանը փողերը նվիրաբերել է Օսկանյանին (գործի հիմքը քաղաքացիական իրավահարաբերություններից բխող առուծախի գործարքն էր, այսինքն՝ սարքված): Հիմա էլ առաջիկա նախագահական ընտրություններից նույնքան ժամանակ առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իշխանափոխության անհրաժեշտության մասին, ՀՀԿ-ն կամ իշխող քաղաքական կուսակցությունը գրոհեց նրա վրա, ըստ որում՝ նախագահը նրան ամբաստանեց միլիարդների հասնող հարկեր չվճարելու, պրոֆեսիոնալ մեթոդներով հանցանքները թաքցնելու կամ ծանր հանցագործություններ կատարելու մեջ, հնչեցնելով նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիրավորանքներ:

Ծառուկյանն էլ նախագահին ամբաստանեց.
– իր եւ իրեն նեղ շրջապատի բիզնեսը ընդլայնելու,
– կառավարման ժամանակաշրջանում երկրի արտաքին պարտքը 3 մլրդ դոլարի հասցնելու եւ քամուն տալու,
– դոլար-դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ ժողովրդից գողանալու մեջ:
Նկատենք, որ հրապարակավ հնչեցված հիշյալ մեղադրանքները ինքնին հանցագործության մասին հաղորդումներ են եւ բավարար առիթներ ու հիմք՝ քրեական գործ հարուցելու համար: Ըստ այդմ, պատկան մարմինները պարտավոր են ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի, 179 հոդվածի 1-ին մասի եւ 181 հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան օրինական եւ անկողմնակալ հետաքննություն կատարել:

Ուշագրավ է նաեւ նախագահի խոստովանությունը կամ մեղքը ընդունելը, որ հովանավորել է Ծառուկյանին, ըստ որում՝ պահանջեց ստուգելու միլիարդների հասնող հարկեր չվճարելու մասին տարիներ շարունակ պտտվող լուրերը:
Սա սկանդալային հայտարարություն է, ուստի հետաքննությունը խնդիրներ ունի պարզաբանելու, թե հովանավորությունը ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսեւորվել եւ հանցակցություն հասկացության օժանդակող ձեւի տարրեր կամ պաշտոնական դիրքը չարաշահելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ:

Իմիջիայլոց, մեր նախագահները սկանդալների արհեստավարժ են, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության դեպքով կոնտակտի մեջ մտավ զինված ահաբեկիչների հետ եւ անձամբ «չեզոքացրեց» նրանց, ինչը չլսված բան է: Պատկերացնենք՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գնար այն տպագրատունը, որտեղ թաքնվել էին «Շարլ Էբդոյի» աշխատակիցներին կյանքից զրկող զինված ահաբեկիչները եւ առանց ժանդարմերիայի ուժերի վնասազերծեր նրանց: Կամ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ հայտարարեր, որ ինքը հովանավորել է պետության փողերը գողացող օլիգարխին (նման սկանդալային հայտարարությունները պաշտոնանկ անելու կամ հրաժարականի հիմք են):
Նկատենք, որ փոխադարձ մեղադրանքները բովանդակում են նաեւ լուրջ սպառնալիքներ, օրինակ՝ նախագահը հստակ արտաբերեց Ծառուկյանի՝ խնդիրը ուժայինների միջոցով լուծելու գաղափարը, իսկ Ծառուկյանը սպառնաց, որ իշխանափոխության հասնելու է հանրահավաքների եւ անհնազանդությունների միջոցով: Եթե վերծանենք սպառնալիքների հավանականությունը, ապա նախագահի սպառնալիքը ռեալ է՝ ուժայինները Ծառուկյանի կամ նրա մերձավորների բիզնեսում մի բան կգտնեն, կամ գործ կսարքեն եւ բացառված չէ, որ գործի նախաքննությունը երկարաձգեն մինչեւ առաջիկա՝ 2018թ. նախագահական ընտրությունների բարեհաջող ավարտը ու քրեական հետապնդումը դադարեցնեն խոչընդոտը վերանալու որեւէ պատճառաբանությամբ, այսինքն՝ Վ. Օսկանյանի գործի նման:

Ի տարբերություն՝ Գ. Ծառուկյանի սպառնալիքները վերացական են, քանզի հարց է՝ քաղաքական ուժերը եւ ժողովուրդը նրան կսատարե՞ն, թե՞ ոչ, ինչը հիմնավոր պատճառներ ունի:

ա) Հոկտեմբերի 5-ի եւ 24-ի հուժկու եւ հուսադրող հանրահավաքներից հետո ԲՀԿ-ն միակողմանի նահանջեց եւ բանի տեղ չդնելով դաշնակիցների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հանրահավաքային շարժումը շարունակելու հորդորներին, այսինքն՝ շարժումը սառեցրին:

բ) Այդ դադարից օգտվելով, իշխանությունները համախմբվեցին եւ անկասկած, հանրահավաքները խափանելու եւ անհնազանդ ընդդիմադիրների դեմն առնելու մարտավարության ծրագրեր մշակեցին:

Դա ակնառու է, նախ ՀՀԿ-ականները հիմա հաթաթա են տալիս, որ հանրահավաքներից չեն վախենում, հաջորդը՝ դիմակավորված խմբերը գործի են անցել, բռնություններ են գործադրում ազատամարտիկների, քաղաքական գործիչների նկատմամբ, ոչնչացնում նրանց գույքը, առեւանգում եւ այլն: Իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմինները հանցագործներին չեն հայտնաբերում եւ արարքը որակում են առողջության դեմ ուղղված հանցագործություն՝ ծեծ կամ դիտավորյալ թեթեւ մարմնական վնաս պատճառելը, ինչը պատիժ է նախատեսում տուգանք կամ կալանավորում երկու ամիս ժամկետով: Անկասկած, հիշյալ հանցավոր խմբերը կամ խմբավորումները ստեղծվել են բազմաբնույթ հանցագործություններ կատարելու հատուկ նպատակով եւ ղեկավարվում են միեւնույն կենտրոնից կամ հիերարխիկ հանցավոր կառույցի կամ հանցավոր համագործակցության կողմից եւ համարվում են նրա ստրուկտուրային կուռ ենթակառույցները: Հետեւաբար, այդ խմբերի կողմից կատարված բռնությունները՝ քաղաքական գործիչներին ծեծելը եւ այլն, ուղղված են ոչ թե կյանքի եւ առողջության, այլեւ հասարակության անվտանգության դեմ եւ առաջացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի հանցակազմը՝ «հանցավոր համաձայնություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատիժ է նախատեսում 8-12 տարի ժամկետով ազատազրկում: Իմիջիայլոց, հանցավոր համագործակցության հանցավոր խմբերը իրենց գործը արեցին նաեւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում եւ հանցավոր հիերարխիկ կառույցի ուղղորդմամբ նրանք սադրեցին հրկիզումներ, ջարդեր, բռնարարքներ, սպանություններ եւ մնացին անպատիժ:

Այժմ միգուցե փոխվել են հանցավոր խմբերի մասնակիցները, մինչդեռ հանցավոր համագործակցությունը նույն անձինք են:

Քանի որ իշխանափոխության հիմք է ծառայելու հանրահավաքային շարժումը, ապա անհրաժեշտ է զգոն լինել սադրանքներին:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա

 

«Առավոտ» օրաթերթ
19.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728