Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ կա՝ փակ տարածությունից է վախենում, մարդ կա՝ բարձրությունից, Ծառուկյանն էլ՝ միկրոֆոնից». Իսագուլյան

Մարտ 11,2015 18:45

«Անձնապես Սերժ Սարգսյանը Հայաստանում որեւէ մեկին այնքան լավություն չի արել, որքան ինձ է արել: Բայց ես հրաժարական եմ տվել, որովհետեւ  համարել եմ, որ որոշ բաներ ճիշտ չի արել, որ այսինչ մարդկանց այսինչ կադրերին չպիտի նշանակեր, այսինչ գործողություններ չպիտի աներ, որովհետեւ դա չի խոսում մեր ազգի շահերից,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Խոսելով ԲՀԿ-ի ճակատագրական խորհրդաժողովի մասին ՝ նա իր վերջին ասուլիսում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ընդամենը խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին եւ ասել, որ եթե իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, իրենք դեմ են լինելու եւ կոչ են անելու ժողովրդին դեմ լինել սահմանադրական փոփոխություններին:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ զգուշացրել էր՝ մեկ անզգույշ քայլ, մեկ անզգույշ բառ եւ հարյուր հազարավոր մարդկանց դուրս կհանեն փողոց, դա արդեն «հաթաթա» չէ՞ր իշխանություններին՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Վա՜յ, վախեցել են, ո՜նց են վախեցել դրանից: Բոլորս Գագիկ Ծառուկյանին շատ լավ գիտենք, ես իր հետ առիթ եմ ունեցել բազմաթիվ անգամներ սեղան նստելու: Ես մի անգամ ասացի՝ պարո՛ն Ծառուկյան, երբ այսպես մարդկայնորեն նստած ենք, դուք շատ ազատ, հրաշալի խոսում եք: Այդ մարդը, եթե միկրոֆոնի մոտ է եւ այլն, ամեն մարդ որոշակի վախեր ունի, մարդ կա՝ փակ տարածությունից է ունենում, մեկ ուրիշը՝ բարձրությունից, ինքն էլ՝ միկրոֆոնից: Բայց տեքստը չէ՞ որ հրատարակվել է: Տեքստը վերցրեք կարդացեք, այնտեղ կարմիր գծի նման ի՞նչ գաղափար է գնում: Այնտեղ որեւէ մեկին հեղաշրջելու խնդիր կա՞ դրված: Ասում է՝ Սահմանադրական փոփոխությունները իշխանությունների վերարտադրության համար եք անում, մենք դրան դեմ ենք լինելու բոլոր օրինական միջոցներով: Սա շեշտված է հատուկ: Հիմա ի՞նչ, իշխանություններն օրինական միջոցների՞ց վախեցան»:

Համաժողովրդական շարժման մասին խոսելիս Գառնիկ Իսագուլյանն ասել էր, որ որոշ մարդիկ փորձում էին կրակից շագանակներ հանել: Այդպիսի արտահայտություն արել էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Մեր հարցին՝ ո՞ր ուժերին նկատի ունեք, ովքե՞ր էին կրակից շագանակներ հանողները՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Արմեն Ռուստամյանն իմ դասընկերն է, նաեւ իմ հարսանիքի եւ երկու երեխաների քավորը, գուցե երկուսս էլ նույն ձեւով ենք մտածում: Ես նկատի ունեմ ցանկացած ուժի՝ ներքին եւ արտաքին: Իրավիճակն այնպիսին էր, որ ցանկացած սադրանք կարող էր լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031