Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արտաքին պարտքն 300%-ով աճել է 7 տարիների ընթացքում

Մարտ 30,2015 22:30
artaqin partq

Հայաստանի արտաքին պարտքը աճել է 300%-ով` 2008 թվականից հետո: Aravot.am-ի հետ զրույցում պարտքի այսպիսի թիվ ներկայացրեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Ըստ նրա, նշված ժամանակաշրջանից պետական պարտքը 1.5 միլիարդ դոլարից հասել է մոտ 4.5 միլիարդ դոլարի, որից 3,7 միլիոնը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 656 միլիոն դոլար:

Ընդ որում, եվրոպական որոշ երկրներին մեր պարտքի ծավալը մոտ է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80-90%-ի, իսկ ԱՄՆ-ին մեր պարտքը` 100%-էլ անցել է: Նշենք, որ այս տարվա բյուջեով նախատեսվում է ունենալ 4,8 տրիլիոն անվանական ՀՆԱ։

Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ` կարեւորը ոչ թե պարտքի մեծությունն է, այլ դրա սպասարկման հնարավորությունը. «Պարտքի սպասարկման ցուցանիշը կարեւոր է այնքանով, որքանով երկիրը կարողանում է այդ պարտքի տոկոսները տալ: Մեր պարտքի սպասարկման տոկոսը տարբեր տարիներին` տարբեր է` 200-300 միլիոն դոլարի  շրջանակներում է տատանվում`պայմանավորված դոլարի կուրսով եւ այլ գործոններով: Սա

նորմալ է,եթե ՀԱՆ աճ կա, տնտեսությունը զարգանում է, ապա պարտքի սպասարկումը խնդիր չի ներկայացնում»:  Դրամով հաշվարկած, պարոն Խաչատրյանը նշեց, որ մոտ 100 միլիարդ դրամը արտաքին պարտքի սպասարկման համար, ՀՆԱ-ի ոչ շատ մեծ տոկոս է, այսինքն, այնպես ինչպես երկարացնում է կառավարությունը, կարողանում է գումարը հավաքել ու սպասարկել. «Եթե այս թիվը մեծանա ու չկարողանա սպասարկել պարտքը, դա լուրջ խնդիր կլինի»:

Aravot.am-ի հարցին` ինչի՞ հաշվին ենք արտաքին պարտքը սպասարկում, եթե տնտեսության աճ չկա, զարգացում չկա, տնտեսագետն ասաց. «Եթե տնտեսական աճը դանդաղում է,  ուրեմն կառավարությունը չի կարողանալու սպասարկել պարտքը: Նման դեպքերում դիմում են եվրոբոնդերի թողարկմանը, կամ պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկմանը: Այսպես գումարներ է ներգրավում, որ կարողանա սպասարկել պարտքը: Կառավարությունը, եթե տնտեսական աճ չի լինում, ստիպված նորից պարտք  է վերցնում նախորդ պարտքի տոկոսները տալու համար, ինչպես, որ եվրոբոնդերի դեպքում է անում»:

Նշենք, որ մարտի 27-ին ֆինանսների նախարարությունը հայտարարել  է, որ  տեղաբաշխվել են 1.5 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր. «Մարտի 27-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925C156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 095 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 995 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 366 050 404 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9305 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4700 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ»:

Մեր այն հարցին էլ` որքանո՞վ է արդարացված եվրոբոնդերի թողարկումը, քանի որ կառավարությունը հայտարարել է, որ կրկին այն թողարկելու է, պարոն Խաչատրյանն ասաց, սա սխալ քաղաքականություն է:

Ըստ տնտեսագետի, կառավարությունն, ըստ էության, նոր պարտքեր է վերցնում` հները մարելու համար. մի մասն ուղղում է պահուստներին, որպեսզի կարողանա դոլարային պահուստները համալրել, մի մասը` նախորդ պետական պարտատոմսերի գծով պարտքը մարելուն, որը նույնպես արդարացված չէ. «Նախորդ պարտքի տոկոսը 6.25% է, իրենք հիմա վերցնում են 7.5%-ով, որ մարեն 6.25%-ով պարտքը: Թանկը վերցնում են նախորդ էժանը մարելու համար: Սա է լուրջ խնդիր է, այսինքն` նոր պարտք վերցնելու նպատակայնությունը արդարացված չէ: Մի մասն էլ ուղղելու են բյուջեում չհավաքագրված հարկային մուտքերի համար, որովհետեւ տնտեսության աճի դանդաղման հետեւանքով լուրջ խնդիրներ կան հարկերի հավաքագրման: Հարկային մուտքերի խնդիր կա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մի կողմից պարտք ունենալը վատ է՝կախվածության մեջ ենք ընկնում պարտքատերերից,մյուս կողմից լավ է՝ապահովում են մեր անվտանգությունը,որպեսզի պարտքերը կարողանանք վերադարձնել:Օրինակ՝Ռուսաստանը Ելցինի ժամանակ վարկեր վերցրեց Համաշխարհային Բանկից և Համաշխարհային Վալյուտային Ֆոնդից և այդ ժամանակաշրջանից համարվեց ժողովրդավարական երկիր:Պուտինը այդ վարկերը փակեց՝վերացրեց կախվածությունը այդ կառույցներից՝սկսեց կոչվել ոչ ժողովրդավարական:Այնպես ,որ պարտք վերցնել-չվերցնելը մեզանից կախված չէ՝ստիպված ենք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031