Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Միքայելյան․ Հայ-ռուսական հարաբերությունների դեգրադացիան խորանալու է․ «Փաստ»

Հուլիս 25,2026 10:46 Share

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պատմության ընթացքում զարգացման տարբեր փուլերով են անցել։ Եղել են և՛ լավ, և՛ վատ ժամանակներ։ Վերջին ամիսներին այդ հարաբերությունները լարվածության փուլ են մտել, ինչը շատերի համար դրսևորվում է մի կողմից՝ այդպես էլ ՌԴ-ից չհնչած պաշտոնական շնորհավորանքով՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից՝ տնտեսական պատժամիջոցներով, որոնք կիրառվում են Հայաստանի արտահանողների նկատմամբ։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով, այս պահի դրությամբ հարաբերությունների դեգրադացիայի փուլում ենք։ «Երրորդ կողմերը՝ Ռուսաստանի ուղղությամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Հայաստանի ուղղությամբ՝ Արևմուտքը, խառնվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, որպեսզի նպաստեն դրանց դեգրադացիային։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին պատճառներից ելնելով՝ հարաբերությունները դեգրադացվել են դեպի պատմականորեն բավականին ցածր փուլ։ Դրանից ավելի վատ հայ-ռուսական հարաբերությունները մեկ էլ եղել են 1905 և 1992 թվականներին։ Բայց երկու դեպքում էլ բավականին արագ ամեն ինչ հաղթահարվել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայելյանը։

Ռուսաստանի կիրառած տնտեսական պատժամիջոցներին տրվող բնորոշումները տարբեր են՝ պայմանավորվածություններից մինչև Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին պատժելու տարբերակ դեպի Եվրոպական միություն ռևերանսներ անելու համար։ Ի վերջո, Ռուսաստանն ինչո՞ւ ընտրեց տնտեսական պատժամիջոցների ճանապարհը։ Ըստ քաղաքագետի, հարցը պետք է դիտարկել մի կողմից՝ որպես քաղաքական պահվածքի կորեկցիա, և մյուս կողմից՝ որպես պատժի գործոն։ «Պատժի գործոնը պայմանավորված է հետևյալով։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական հարաբերություններ կառուցելու ընթացքում առաջարկել է սուբսիդավորման մոդել, և հայ-ռուսական հարաբերությունները տնտեսական մակարդակով միշտ սուբսիդավորվել են՝ սկսած գազի գնից, որը սուբսիդավորված է մոտավորապես երկու երրորդով, և վերջացրած ազատ առևտրի պայմաններով, որոնք Հայաստանին շատ ավելի ձեռնտու են, քան Ռուսաստանին։ Եվ այսպիսով ստեղծվում է իրավիճակ, որտեղ այս սուբսիդավորման մոդելն իր մեջ ենթադրում է բազմաթիվ ոչ ֆորմալ էլեմենտներ, որոնք էլ ենթադրում են հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական մակարդակը։

Հիմա, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունները որոշեցին այս ոչ ֆորմալ էլեմենտները չեղարկել, ապա Ռուսաստանը ևս ոչ ֆորմալ չեղարկում է իր տված սուբսիդիաները։ Բայց քանի որ սուբսիդիաները շատ դեպքերում պայմանագրային են, ապա չեղարկումներն այս պահի դրությամբ դեռ ոչ ֆորմալ են և հստակեցված չեն։ Ինչ վերաբերում է պահվածքի կորեկցիային, ապա ուզում են դրդել Հայաստանի իշխանությանը՝ վերանայել իր վերաբերմունքը, և հենց այդ պատճառով տրվում են ժամկետներ, սահմանվում են, կոպիտ ասած, ճանապարհային քարտեզներ կամ ինչ-որ մոտեցումներ։ Եթե Հայաստանի իշխանությունն ականջալուր լինի այս ամենին, այդ պարագայում կարող է իրավիճակ փոխվել։ Ռուսական կողմն ունի ակնկալիք, որ հնարավոր է այս իրավիճակը շտկել կարճաժամկետ ճնշումներով, բայց տեսնում ենք, որ դա չի աշխատում, որովհետև այս իրավիճակը չի ձևավորվել երեկ, և այն, որ Ռուսաստանի իշխանությունները դա չէին նկատում, չի նշանակում, որ տեղի ունեցողը նոր երևույթ է։ Այս պահի դրությամբ մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչը երկու երկրների հարաբերությունները դուրս կբերի դեգրադացիայի փուլից։ Հիմա գերիշխող դերն այս հարաբերությունների վրա խաղում է արտաքին ազդեցությունը։ Այն զգալիորեն ոչ ֆորմալ է, կառուցվածքային բնույթ ունի և արդեն բավականին արմատացած է։ Տեսանք այդ արտաքին ազդեցությունը նույն նախընտրական փուլում։

Այս հանգամանքն անտեսել ուղղակի հնարավոր չէ, որքան էլ ուզենք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի իշխանությունների որոշումներին, նշեմ, որ ներկա հարաբերությունների ձևաչափի պարագայում սուբսիդավորման մոդելի պահպանումը բացառված է, իսկ մյուս հարցերի մասով Ռուսաստանի իշխանության պահվածքը կախված է լինելու նաև ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից և արդյունքներից։ Այդ պատերազմը դեռ չի ավարտվում, և բազմաթիվ կողմեր ամեն ինչ ձեռնարկում են, որպեսզի այդպես էլ մնա, օրինակ՝ Ադրբեջանը հիմա աշխատում է, որպեսզի պատերազմը չավարտվի։ Ալիևը վերջերս բարձրաձայնել է՝ իբր Ադրբեջանում տեղի է ունեցել գաղտնի հանդիպում գերմանացի և ռուս պաշտոնյաների միջև։ Եթե այն գաղտնի է եղել, ապա Ալիևի մոտեցումն այդ բանակցությունների տապալմանն է ուղղված, նա միանշանակ ուզում է, որ այս պատերազմը շարունակվի, և ոչ միայն Ալիևը, այլև տասնյակ տարբեր խաղացողներ։ Դա ստեղծում է տարածաշրջանային վակուում, որը լցնում է Թուրքիան, ինչն Ալիևին պետք է։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ, քանի դեռ Ռուսաստանում և Հայաստանում ու տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունենում, դեգրադացման փուլը շարունակվելու է։ Դա նշանակում է, որ դեգրադացիան խորանալու է, ոչ թե հարաբերությունները մնալու են այսօրվա մակարդակի վրա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031