Մենք հաճախ ենք լսում, երբ քննչական, իրավապահ մարմինները անձին կանչում – «հրավիրում» են հարցաքննության, հարցաքննում են իբր վկայի, ապա կարճ ժամանակով վերաբերվում նրան որպես կասկածյալի։ Վկայի կարգավիճակով անձն ունի ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված ներկայացնելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ, ցուցմունքներ տալիս վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվելու փաստաթղթերից և իր գրավոր նշումներից։ Սակայն քննչական մարմինները հրաժարվում են տրամադրել արձանագրությունները, փաստաթղթերը, պատճառաբանելով, թե դրանք վերաբերելի չեն նրանց…
Օրեր առաջ ծանոթացա շիրակցի մի կնոջ շատ հետաքրքիր գործի նյութերին, Վճռաբեկ դատարանի նոր որոշմանը։
Մարինա Շագոյանը Շիրակի մարզում իքս-քրեական գործով ունեցել է վկայի կարգավիճակ։ Նրան իրավապահ մարմինները, քննչականը հարցաքննել են, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։ Ապա քրեական գործը կարճել են։
Քննիչի կողմից, ինչպես նշել էր Մ. Շագոյանը, ինքը դիտվել է որպես կասկածյալ։ Նրան հետագայում թույլ չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռ. Դավթյանի 2024թ. դեկտեմբերի 19-ի գրության համաձայն. «Ձեր արարքին տրվել է իրավական գնահատական ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի օրենսդրական կարգավորումներով, որի վերաբերյալ որոշումը ձեզ տրամադրվել է»։ Հիշեցնեմ, որ խոսքը 1998թ. հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի մասին է։
Այս նույն քննիչը նաև տեղեկացրել էր. «Վկան իրավասու է ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը»։ Ըստ քրեական գործով անցած վկայի, քննիչն անգործություն է ցուցաբերել, մինչդեռ Շիրակի մարզի դատախազ Ա. Չիչոյանի գրության համաձայն. «Քննիչի կողմից որևէ անգործություն չի դրսևորվել , որոշման պահին գործող քրեադատավարական օրենսդրության նորմերին համապատասխան, տրամադրվել է որոշման օրինակը, իսկ քրեական վարույթի այլ նյութերը Ձեզ տամադրելու կարգ օրենսդրությամբ նախատեսված չի եղել»։
Առաջին ատյանի դատարանն անցած տարվա փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրել էր հետևյալը. «Վկա Մարինա Շագոյանի հարցաքննության արձանագրությունից ակնհայտ է, որ հարցաքննության ընթացքում նրան չեն պարզաբանվել կասկածյալի իրավունքները և պարտականությունները, այլ պարզաբանվել են միայն վկայի իրավունքները և պարտականությունները, և «որևէ նշում չկա այն մասին, որ նա հարցաքննվել է նաև կասկածյալի դատավարական կարգավիճակում»։
Ըստ առաջին ատյանի դատարանի, Մ. Շագոյանը փաստացի չի կրել կասկածյալի դատավարական կարգավիճակ, այլ հանդիսացել է միայն վկա, նրա կողմից վկայի կարգավիճակում ցուցմունքում հայտնած տեղեկությունները գնահատելով է, որ քննիչը կայացրել է որոշում, եզրակացնելով, որ արարքում բացակայում է հանցագործության հանցակազմը։ Այսինքն, հենց այդ պատճառաբանությամբ է, որ նրան չի տրվել հնարավորություն ծանոթանալ քրեական գործի նյութերին։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանաչյուր ոք իրավունք ունի Սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»։ Դիմել է դատարաններ։
Վկայի բողոքները մերժել է Վերաքննիչ քրեական դատարանը։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է. «Մ. Շագոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման առկայության պայմաններում, վերջինս ձեռք է բերել ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 262 -րդ հոդվածի 1-ին մասում թվարկված դատավարարության մասնակիցների հավասարեցված կարգավիճակ, հետևաբար, կարգավիճակից բխող իրավունքների իրացման հնարավորություն։ Հետևաբար, այս դեպքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դիմողի համար պետք է ապահովեր գործի՝ նրան վերաբերող նյութերի ողջ ծավալին ծանոթանալու իրավունքի իրացումը, որը անհրաժեշտ և բավարար կլիներ վերջինիս դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրացնելու համար»։
Այսինքն, ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանների փաստարկները քննիչին «արդարացնելու», անգործությունը ճանաչելու փոխարեն հիմնավոր չէին։
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրդատօրով նախատեսված՝ «Դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում», որն իր բնույթով էական է, և հիմք էր դատական ակտը բեկանելու, փոխարինող դատական ակտ կայացնելու համար, այն է, պարտավորեցնելու քննիչին Մ.Շագոյանին տրամադրելու քրեական գործով նրան վերաբերող գործի նյութերը՝ ծանոթացման համար։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2026


















































