Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կառաջնորդվի կուսակցական մեծամասնության որոշմամբ

Սեպտեմբեր 01,2015 18:25

Սահմանադրական բարեփոխումների քննարկումները շարունակվում են

«Բավականաչափ վիճահարույց դրույթներ եւ դիտողություններ էինք ներառել մեր առաջարկությունների մեջ, որոնք պատրաստվում էինք կետ առ կետ քննարկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցչի հետ, որը նաեւ խորհրդարանում է ներկայացնելու բարեփոխումների նախագիծը»,- այսօր, մասնագիտական հանձնաժողովի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մոտ երկու ժամ տեւած քննարկումից հետո  Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Այսօրվա քննարկման ժամանակ, ԲՀԿ-ի նկատողությունների շատ քիչ հատվածն է քննարկվել: Խոսքի ազատության, ինքնաբուխ հանրահավաքների, ընտանիքի, հայ առաքելական եկեղեցու դերի եւ այլ բազմաթիվ հարցերի, այդ թվում նաեւ կայուն մեծամասնության եւ խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի, ընտրիչների ժողովի ինստիտուտի հետ կապված քաղաքական մտահոգություններ առաջացնող հարցեր դեռ վերջնական գնահատականների չեն արժանացել:

ԲՀԿ-ում հարգում են լեգիտիմ ընտրված ցանկացած գործչի, բայց, տիկին Զոհրաբյանի գնահատմամբ` «Բոլորս էլ գիտենք, թե հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում ինչպիսի քյոխվայական մակարդակով են ընտրությունները տեղի ունենում եւ 960-ից ավելի համայնքներից 90 տոկոսից ավելին, տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀԿ-ականներ են: Բերել նրանց Ընտրիչների ժողով եւ այդ մարդկանց հնարավորություն տալ ՀՀ նախագահ ընտրել` արդար չէ»:

ԲՀԿ-ն անպայման պնդելու է, որ նախագահին ընտրի առաջնային մանդատ ունեցող մարմինը` խորհրդարանը: Երեկ, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասել էր, որ այդ հարցը կարգավորված է եւ նախագահին ընտելու է խորհրդարանը:

Aravot.am-ի այդ դիտարկմանը Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Մեզ ասվեց, որ այլ քաղաքական ուժեր եւս նմանօրինակ մտահոգություններ ունեն. կքննարկենք` կասենք: Բայց անկախ այլ քաղաքական ուժերի մտահոգություններից, մեր առաջարկների փաթեթում մենք հարցը ներառելու ենք»:

ԲՀԿ-ի համար կարեւոր է, որ «կայուն մեծամասնություն» եւ  «երկրորդ փուլ» ձեւակերպումները չլինեն սահմանադրական իմպերատիվ նորմեր: Այսօրվա հանդիպման արդյունքում Նաիրա Զոհրաբյանի տպավորությունն այն է, որ դրանք սահմանադրական նորմ չեն լինի: Թե Ընտրական օրենքում ի՞նչ ձեւակերպումներ կընտրվեն, ԲՀԿ խմբակցության ղեկավարը համարում է, որ դա պիտի լինի համատեղ աշխատանքի արդյունք:

Կան բազմաթիվ վիճահարույց այլ հարցեր, որոնք ԲՀԿ-ում «լուծելի» են համարում, քանզի այսօր տեսել են փոխըմբռնման եզրեր: Որոշ դրույթներ, մասնագիտական հանձնաժողովում պատրաստ չեն զիջելու, քանզի հղում են անում միջազգային փորձին, Մարդու իրավունքների հռչակագրի: ԲՀԿ-ում չեն կիսում այդ մոտեցումը, քանի որ մենք ունենք մեր իրականությունը, մենթալիտետը եւ սոցիալ-տնտեսական, քաղաքական խաղի կանոնները. «Ամեն ինչ չէ, որ պետք է պատճենահանել»:

Տեւական քննարկումներ սպասվում են ոչ միայն մասնագիտական հանձնաժողովի հետ, այլ ԲՀԿ-ի ներսում: «Մենք պատրաստել ենք հակիրճ երկու փաստաթղթեր` այո-ի եւ ոչ-ի հիմնավորումներով, որոնք հանրության համար ընկալելի ձեւակերպումներով են: Այսինքն, ինչու կարելի է այո ասել այս նախագծին եւ ինչ դրույթներն են, որ հիմք են տալիս ոչ ասել: Դրանք ուղարկված են մեր 64 տարածքային կառույցներ: Ինձ համար, իբրեւ կուսակցության նախագահ, շատ կարեւոր է, որ ցանկացած որոշում գա ներքեւից»,- ասաց տիկին Զոհրաբյանը` հավելելով, որ տարածքային կառույցներում քննարկումներ կլինեն նաեւ հանրության հետ:

ԲՀԿ-ն իր տարածքային կառույցներից արձագանքների է սպասում մինչեւ հոկտեմբերի սկզբի քառօրյան, որտեղ էլ, հավանաբար, քվեարկության կդրվի նախագիծը: ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի կարծիքների ու տարածքային կառույցների գնահատականների հիման վրա էլ ԲՀԿ-ում, սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ վերջնական կարծիք կձեւավորվի: «Ոչ»-ի շարժմանը` ՀԱԿ-ի պատկերացումներով, ԲՀԿ-ն չի միանա: Թե քվեարկության ի՞նչ տարբերակ կընտրի ԲՀԿ-ն` կախված է իր առաջարկների ճակատագրից:

Ինչ մնում է այն հարցին, որ ԲՀԿ-ի ծրագրում ամրագրված է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ինչը նախատեսում է նաեւ ներկայացված նախագծով, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համամասնական համակարգը տարբեր մոդիֆիկացիաներ ունի եւ շատ կարեւոր է, թե ո՞րը կընտրվի: 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ձեւի եւ կերպի վերաբերյալ, որքանով այսօրվա հանդիպումից հասկացել է մեր զրուցակիցը, դեռ պատկերացումներ չկան: Դրանք կհստակեցվեն խորհրդարանական քննարկումների ժամանակ:

Անձի` Սերժ Սարգսյանի վերարտադրության մասով ԲՀԿ-ում մտահոգություններ չկան. Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինչք նախագահ եւ վարչապետ չի դառնալու, Դավիթ Հարությունյանն էլ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ չի դառնալու: «Ինչ վերաբերվում է կուսակցության վերարտադրությանը` լինենք անկեղծ. այստեղ խնդիրը ոչ թե ինքնին վերարտադրությունն է, այլ վերարտադրությունն ինչ կերպ: Սահմանադրությամբ ամրագրել, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն կամ մեկ այլ կուսակցություն, որը ստացել է ժողովիդի բացարձակ մեծամասնության քվեն, պետք է վերարտադրություն հայտարարել` ազնիվ մոտեցում չէ:

Երբ ԲՀԿ-ն խոսում է կուսակցության վերարտադրության մասին, մենք խոսում ենք այն մեթոդներով վերարտադրության մասին, ինչ մեթոդներով վերարտադրվել են բոլոր ժամանակների իշխանական կուսակցությունները Հայաստանում: Դու չես կարող որեւէ կուսակցության ասել` դու մի պայքարի առավելագույն քվեն ստանալու համար: Մենք ասում ենք` մի պայքարիր այն անմաքուր մեթոդներով, ինչով մինչ այժմ պայքարել ես: Այսինքն, կրկին գալիս կանգնում ենք քաղաքական կամքի խնդրին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930