Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդդ շնորհավոր, Մաեստրո, հանճարե՛ղ ծնունդդ….

Հունիս 22,2016 13:15

Անդրադարձ 14 տարի անց

Այս ահազանգը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում 2002թ. հունվարի 19-ին: Հրապարակումից մեկ օր առաջ Արամ Աբրահամյանը իր հոգեպահուստից վճարեց եւ միացնել տվեց արվեստանոցի «լույսը»: Մեկ օր անց ԱԺ պատգամավոր, «Հրազդանի» Աշոտ Աղաբաբյանը տասը տարով կանխավճարեց արվեստանոցի էլեկտրաէներգիան, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Պոետի վերադարձը» ֆիլմի համար չտեսնված մինիմալ գներով պատվիրեց Ջիվանու արձանը եւ նրան այդ հարցում թեւ-թիկունք կանգնեց Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ ֆիլմի սուղ բյուջեով բազալտե մոնումենտալ արձան չէր կարող լինել, բայց պետք է արձանագրեմ, որ դա քանդակագործի համար փրկություն էր պարապ խելագարությունից: Ի դեպ, նույն Հարությունը Արտաշես Թումանյանի հետ պատճառ դարձավ Հրանտ Մաթեւոսյանի արձանի ստեղծմանը, որն արհամարհված ընկած էր քաղաքապետարանի մերձերեւանյան պահեստներից մեկում եւ տասը տարի անց մեծ դժվարությամբ իր տեղը գտավ գրողի անունը կրող դպրոցի բակում, իսկ հանրությունն այդ մասին իմացավ բոլորովին վերջերս, երբ Գերման Ավագյանը վիրտուոզ կերպով այն վերարտադրեց ֆոտոխցիկով եւ FB-ում տեղադրեց, եւ մենք ափսոսացինք, որ մեր հանճարներին` եւ՛ գրողին, եւ՛ քանդակագործին «հանճարեղորեն» (միայն հայերիս հատուկ ձեւով) արհամարհել ենք…

Պարտադիր պետք է հավելեմ, որ 2003-ին, երբ արձանը չընդունվեց պանթեոնի համար, Արտաշից բռնագանձեցին հոնորարի 50%-ը, իսկ հետո ավելի ուշ, երբ «արդարացվեցին», կոմպենսացիան արդեն «ինքնասպան» էր եղել, իսկ եթե ավելի լուրջ ` թե՛ հանրապետության, թե՛ քաղաքապետարանի ղեկավարները փոխվել էին, իսկ մեր երկրում, ցավոք սրտի, ոչ ոք պաշտոնի ժառանգականության պատասխանատվություն չի կրում…Բայց սա չարյաց փոքրագույնն է, որովհետեւ Արտաշես Հովսեփյանի հետ «չարը» ի սկզբանե, ես կասեի՝ ի ծնե է կռիվ տալիս, նրա Մարքսը 88-ի քանդակաջարդից հետո դուրս էր եկել նույն Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկ ինստիտուտի բակից եւ այլեւս չէր վերադարձել: Ավելի ուշ մենք Նարեկ Սարգսյանի հետ իմացանք նրա գտնվելու վայրը եւ հույսեր եմ փայփայում, որ վերջինիս միջոցով եւ օգնությամբ դեռ 1968 թ.-ին «Կապիտալի» հեղինակի 150-ամյա հոբելյանին նվիրված միջազգային մրցույթի ժամանակ առաջին տեղ շահած արձանը ռեաբիլիտացիայի ենթարկվելուց հետո կվերադառնա…

Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի աշխատանքներից «չարի» գլխավոր զոհը նրա՝ ըստ Հակոբ Կոջոյանի, «Սասունցի Դավթի կյանքը» հարթաքանդակն է` 7 մ լայնությամբ եւ 9 մ երկարությամբ, այն գտնվում է Կասկադում, որի վրա քանդակագործը 4 վարպետների հետ աշխատել է 84-88թթ. առանց պայմանագրի եւ առանց հոնորարի, ՀԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի խնդրանքով եւ հետագայում վարձահատույց լինելու պայմանով: Մի մասնավոր զրույցում այն ժամանակվա քաղխորհրդի նախագահ Արտաշես Գեղամյանի վկայությամբ՝ պետությունը Արտաշես Հովսեփյանին պարտք է մնացել 166.000 ռուբլի: Եվ որպեսզի «չարը» աներեւույթ ու անիրական չթվա, ասեմ, որ այն կերպավորում էր Ջերալդ Գաֆեսճյանի Կասկադի հետ կապված ծրագրերը փոշիացնող «Գաֆեսճյան» հիմնադրամի առաջին տնօրենն, ով «Սասունցի Դավիթը» կալանավորելուց բացի, ծրագրել էր Թամանյանի արձանը փոխարինել Կասկադի սեւ կատվով: Ահա այսպիսի դառը եւ այսպիսի քաղցր պատմություն չարի եւ բարու հավերժ գոտեմարտում:

Կարեւորն այն է, որ էպոսի հարթաքանդակ կա, մի քիչ կիսատ է, բայց դա Արտաշես Հովսեփյանի նվերն է մեր հանրապետությանը, որ բացվեց բոլորովին վերջերս՝ 27 տարվա բանտարկությունից հետո: Վերադառնանք 14 տարի առաջ տպագրված ահազանգին, հրապարակումից մեկ կամ երկու տարի անց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մի կերպ հաղթահարելով խորհրդականների խոչընդոտները (հիմա հասկանում եք ինչու են վերջիններս այդքան շատ եւ միաժամանակ այդքան անպտուղ, ուրեմն նաեւ հիշենք դասականին՝ «Շքախումբն է կայացնում թագավորին` կամ հակառակը…), մի «Ռաֆ» մեքենա լիքը ուտուշ-խմուշով ներկայացել էր արվեստանոց ու երբ քեֆները միլիոն էր եղել, ձեռքի հետ Արտաշին հարցրել էր.
– Մաեստրո, ինչ անեմ քեզ համար:
Վերջինս պարզել էր հանճարեղ աջը, մեկնել էր դեպի վարչապետի բացած սուփրեն ու մեխել էր.
– Վայելիր Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր բարիքները…ընդամենն այդքանը, քեֆը լավ էր եղել ու չէր հասկացել, որ իր կողքին ոչ թե ՀՀ կառավարության վարչապետն է սուղ բյուջեով, այլ Հայոց ողբի Պատմահայր Խորենացու արձանի պատմական հովանավորը, ափսոս, հազար ափսոս: Իմ կարծիքով՝ այն Արտաշես Հովսեփյանի գլուխգործոցը կարող էր լինել: Նույն կարծիքին էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ավելին՝ համոզված էր եւ նա վարչապետից հետո նրա քաղաքապետ որդու հետ` Բաղրամյան պողոտայի վրա, Ակադեմիայի բակում փորձեց իրագործել այն, բայց, ավաղ, դա նրան չէր տրված, որովհետեւ խանգարողները շատ էին, իսկ գործ անողները սակավ…

Չեմ ուզում խոսքս ավարտել տխուր նոտաներով…Պատմահոր գիպսի արձանը, որի փեշերից հայոց ողբն էր թափվում, ընկել ու փշրվել է, բայց մեծ ցանկության դեպքում Նարեկ Սարգսյանը քանդակագործ Սահակ Պողոսյանի հետ այն կարող է վերականգնել` պահպանված նկարներից, որովհետեւ Արտաշը միայն Սահակին է վստահում, գուցե նաեւ այն պատճառով, որ նա նույնպես իր վարպետի` Ղուկաս Չուբարյանի սաներից է, իսկ ինքը` Մաեստրոն, այսօր արդեն 85 է եւ մի մոռացեք, որ 43-ից դիմահար կրակոցից գանգոսկրի վրա գնդակ է կրում. որը վերջերս իր մասին մոռանալ չի տալիս՝ «տիրոջը» մատնելով անքնության…
Ծնունդդ շնորհավոր, Մաեստրո, հանճարե՛ղ ծնունդդ….

ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Երեւան, 21:06:2016

Հ.Գ. Սուրբ հայրերի վկայությամբ՝ Շնորհը (հանճարը) տրվում է Աստծո կողմից, մեր պարագայում Արտաշես Հովսեփյանը հայոց տարածքում Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալու, Թումանյանի եւ մեր մյուս մեծերի կողքին է եւ նրա Թամանյանը հենց Տիրոջ կերպարն է մայրաքաղաքում եւ դրանով ենք նաեւ հավերժ ու հիմնավոր լինելու երկնքի տակ ու երկրի վրա:

 

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930