Քաղաքագետ Արա Պողոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած խնդիրներին։ Ադրբեջանական մամուլը գրել է, որ արդեն մեկ տարի է՝ Ռուսաստանում ճնշումներ են կիրառվում ադրբեջանական սփյուռքի նկատմամբ։ Օրերս լրատվամիջոցները հայտնեցին, որ Սամարայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Շիրվան Քերիմովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ավելի վաղ ՌԴ քաղաքացիությունից զրկել էին ադրբեջանական համայնքի այլ ներկայացուցիչների։ Սա վերլուծաբաններն ու մամուլը ներկայացնում են որպես երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության հետեւանք։
Արա Պողոսյանի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին դրվագներով, այլ ընդհանուր համատեքստում։ Իսկ ընդհանուր համատեքստում 2020 թվականից հետո փոխվում են Հարավկովկասյան պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունները։ «Ես կարծում եմ, որ դրանք անցնում են լուրջ վերաձեւումների փուլ։ Սա նշանակում է, որ ավանդական կապերն ու փոխհարաբերություններն աստիճանաբար քայքայվում են, եւ դրանց փոխարեն առաջ է գալու նոր փոխհարաբերությունների ձեւավորման գործիքակազմ։ Եվ այժմ մենք ականատեսն ենք այդ տրանսֆորմացիոն շրջանի»,- ասաց քաղաքագետը։
Արա Պողոսյանի խոսքով՝ հատկապես 2020 թվականից հետո Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ստեղծվել են ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ։ Ընդ որում, այս անգամ մարտահրավերներն ավանդական մարտահրավերներ չեն, այլ հեղափոխական մարտահրավերներ են։ Ձեւավորվել է իրական հնարավորություն, որ Ռուսաստանը կարող է կորցնել տարածաշրջանում իր ավանդական ազդեցությունը։
«Հաշվի առնելով, որ տարածաշրջանը Ռուսաստանի անվտանգային ռազմավարության մեջ ընկալվում է որպես մերձավոր արտասահման, ինչը նշանակում է, որ այն իր անվտանգային համակարգում ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն, կարող ենք ասել, որ Ռուսաստանն այդ ավանդական կապերը փոխարկելով կամ տրանսֆորմացնելով, նոր կապերի միջոցով այժմ անցնում է դեպի առավելագույն ճնշման կամ բլիթների քաղաքականության։ Ընդ որում՝ ռուսական փոխհարաբերությունները հետսովետական երկրների հետ մշտապես աչքի են ընկել զուտ էլիտաների հետ փոխհարաբերություններով եւ դրանք հաճախ հաշվի չեն առել տվյալ պետությունների ժողովրդական ընկալումները։ Այժմ նկատվում է հակառակ պրոցեսը, երբ ռուսական պետության համար այլեւս իշխող էլիտաները չեն համարվում որպես հենարան։ Եվ նկատվում է, որ Ռուսաստանը փորձում է նաեւ ժողովրդական ընկալման վրա ազդել, փորձել աշխատել նաեւ հասարակությունների հետ, ինչպես արեւտյան պետություններն են կատարել տարիներ շարունակ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստան կատարած այցին՝ Արա Պողոսյանն ասաց․ «Հայտարարություն կա, որ Ռուսաստան այցից հետո նաեւ այց է կատարելու Կիեւ։ Ես կարծում եմ, որ այս պարագայում մենք գործ ունենք ադրբեջանական քաղաքական այն մոտեցման հետ, որ Ադրբեջանն արդեն իրեն ընկալում է որպես միջին պետություն եւ փորձում է հավասարակշռման քաղաքականություն վարել հակամարտող կողմերի միջեւ։ Իհարկե, սա ձեւական է, որովհետեւ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր բացահայտ եւ բացարձակ աջակցությունն է հայտնել Ուկրաինային։ Եվ երկու մայրաքաղաքների միջեւ հավասարությունը պահպանելու փորձերը, ես կարծում եմ, սիմվոլիկ են եւ իրական քաղաքականության մեջ շատ քիչ ազդեցություն կարող են թողնել։ Ես կարծում եմ նաեւ, որ այս ազդեցությունը չի ունենա այն քաղաքական նշանակությունը, որով պետք է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները լուծվեն այս կամ այն այցելություններով»։
Ադրբեջանի նախագահ Ալիեւն օրերս հայտարարել էր, որ Բաքուն շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը։ Արա Պողոսյանի խոսքով՝ Բաքուն այս փուլում դարձյալ Ուկրաինային սատարող հայտարարություններով հանդես եկավ, քանի որ փորձում է դիրքավորվել որպես միջին տերություն։
«Ի՞նչ է նշանակում միջին տերություն՝ սա պետության այնպիսի կարգավիճակ է, որի պարագայում պետությունն իր ուժային պրոյեկտման հնարավորությունները փորձում է օգտագործել՝ առավելագույն շահ ստանալու համար եւ այդ առավելագույն շահը կապիտալիզացնել բոլոր կենտրոնների միջեւ հարաբերություններ պահպանելով։ Իհարկե, ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի փոխկապակցվածություն այս կամ դերակատարների հետ, որոնց հետ խորքային համագործակցությունը եւ որոնցից Ադրբեջանի կախվածությունը թույլ չեն տալու այդ կենտրոնի հետ, ինչպես այս դեպքում Ռուսաստանն է, ունենալ հավասար հարաբերություններ։ Ժողովրդական «բանահյուսության» մեջ մտած է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը խորքային գործընկերներ են, եւ իրենց միջեւ հնարավոր չեն կնճռոտ հարցեր, բայց իրականությունն այն է, որ Հարավային Կովկասը բոլոր արտաքին դերակատարների համար հետաքրքիր է իր ամբողջության մեջ։ Առանց այդ ամբողջականության առանձին մասնատված երկրները որեւէ դերակատարի հետաքրքիր չեն։ Հետեւաբար, թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի պայքարը ոչ թե Հարավային Կովկասում առանձին պետության համար է, այլ բոլոր պետություններում ազդեցություն ունենալու համար է։ Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն էլ վարի, Ռուսաստանի համար Հարավային Կովկասը հետաքրքիր է իր ամբողջության մեջ, ինչպեւ եւ Արեւմուտքի համար։ Եվ այս պարագայում այդ հավասարությունը փորձել գոնե ցուցադրել, ես կարծում եմ, չի աշխատելու»,- հավելեց քաղաքագետը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2026


















































