Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնաձորցիներն ի նշան բողոքի սեպտեմբերին երեխաներին դպրոց չեն ուղարկելու

Օգոստոս 24,2016 20:30

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի շատ փոքրիկներ սեպտեմբերի 1-ին, հավանաբար, դպրոց չեն գնա. Աղավնաձորցիները ի նշան բողոքի, երեխաներին դպրոց չեն ուղարկելու: Բանն այն է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը հարյուրավոր աղավնաձորցիների դեռ անցյալ տարվա խաղողի բերքի մթերման դիմաց վճարումները չի կատարել, ուստի գյուղացիները որոշել են բողոքի ակցիա անել, եւ սեպտեմբերի 1-ից երեխաներին դպրոց չուղարկել, մինչեւ իրենց պարտքերը չստանան:

Aravot.am-ի հետ զրույցում աղավնաձորցիները պատմեցին, որ վարկերի տակ են, եւ չեն կարողացել իրենց թույլ տալ նույնիսկ երեխաների համար դպրոցական հագուստ, պայուսակ, գրենական պիտույքներ գնել:

«Էնքան պարտքեր ու վարկեր ունենք, էնքան ծախս ունենք անելու, չենք կարում էրեխեքին շոր, կոշիկ, տետր-մետր առնենք: Տուն կա մի քանի դպրոցահասակ  էրեխեք ունի, մի էրեխեա չի, որ ասենք, հա մեկի համար հեշտ ա էդ ամեն ինչը առնելը: Հլը հաշվեք տեսեք 2-3 էրեխու համար ինչքան կնստի էդ ամեն ինչն առնելը: Մարդիկ կան, որ անցյալ տարի տենց «պրոբլեմ» եղավ փողերը տալը, խաղողի այգիները քանդեց, ուրիշ բան տնկեցին, մարդիկ էլ կան տենց թողել են, չեն մշակում: Հըմի էս տարի ի՞նչ ա լինելու, հեսա նոր բերքահավաքը սկսվելու ա, էլի նույն պատմությո՞ւնը»,-ասացին գյուղացիները:

Աղավնաձորցիների համբերության բաժակը լցվել է, ասացին, որ այլեւս չեն կարող սպասել, թե էլ ինչքան պետք է իրենց հուսով անեն, որ պարտքերը վճարվելու է:

«Գործարանից ասում են՝ երբ փող կլինի, էդ ժամանակ էլ կտանք, բա որ փող տենց էլ չլինի, մենք ի՞նչ պիտի անենք, մեր պարտքերը ով պիտի փակի: Թող կառավարությունը, ոնց ստիպել ա «Վեդի Ալկոյին» մթերել, նենց էլ օգնության ձեռք մեկնի գործարանին, կամ էլ մեր վարկերի հարցերը լուծի: Մենք էլ մարդ ենք, ուզում ենք ապրեք, ի՞նչ ենք ուզում, հո մուրացկանություն չենք անում, մեր քրտինքով ստացած բերքի փողն ենք ուզում»,-դժգոհեցին աղավնաձորցիները:

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է խաղողի մթերման խնդիրներին, մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք  այս տարվա մթերմանը եւ նշել, որ վերամշակող շատ գործարաններ վարկավորման խնդիր ունեն: Գործարաններից մեկն էլ՝ «Վեդի Ալկոն» վարկ ստանալու լուրջ խնդիր ունի, այս գործարանը գրավ չունի, որպեսզի բանկերը կարողանան վարկ տրամադրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031