Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին խորհուրդ է տալիս դիմել Նոբելյան մրցանակի համար

Հոկտեմբեր 04,2016 10:22

«Գիտեք, ինձ համար հասկանալի չէ, թե ՀՀԿ-ականներն ինչ նոր թվաբանություն են հորինել: ԳԱԼԱ-ի եւ «Համախմբում» կուսակցության մեր գործընկերների հետ ինչպես հաշվում ենք, մեր հաշվարկները որեւէ կերպ չեն համընկնում ՀՀԿ-ականների մաթեմատիկայի հետ: Միգուցե Թալեսի տեսությանը զուգահեռ նոր մաթեմատիկական տեսություններ են շրջանառության մեջ դրել ՀՀԿ-ականները: Թող իրենց նոր տեսությունը հիմնավորեն եւ ներկայացնեն Նոբելյան մրցանակի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, կիրակի օրը Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, ԲՀԿ-ն եւ ԳԱԼԱ-ն հայտարարում են, որ «Բալասանյան դաշինքի» ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը չի ստացել անհրաժեշտ մանդատներից 17-ը, որի դեպքում մեխանիկորեն դառնում է Գյումրու քաղաքապետ: ՀՀԿ-ականները համառորեն պնդում են, որ Սամվել Բալասանյանը ստացել է 17 մանդատ: ԲՀԿ-ի եւ ԳԱԼԱ-ի հաշվարկներով, բոլոր վերաբաշխումներով, բոլոր բոնուսների ավելացումներով հանդերձ, «Բալասանյան դաշինքը» 15 մանդատ է ստացել: Իսկ դա նշանակում է, որ ավագանու նիստում պետք է որոշում կայացվի, թե ո՞վ է լինելու Գյումրու քաղաքապետը`ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանը, թե՞ ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը:

«Երեկ մենք հարցը քննարկել ենք «Հայկական վերածնունդի» մեր գործընկերների հետ եւ իրենք ասել են, որ ավագանու նիստում պատրաստ են սատարել ԲՀԿ-ի թեկնածուին: Ես կարծում եմ, որ ԳԱԼԱ-ի մեր գործընկերները, ովքեր ևս իրենց խնդիր էին հռչակել Գյումրիում լրջագույն փոփոխությունները, նույնպես պիտի սատարեն Վարդեւան Գրիգորյանին: ՀՀԿ-ական մաթեմատիկան մեզ համար ոչ հասկանալի է, ոչ էլ ընդունելի»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Ամեն դեպքում, վերջնական որոշումներ կկայացվեն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, քանի որ թե ԲՀԿ-ն, թե մյուս կուսակցությունները, տարբեր տեղամասերում վերահաշվարկների դիմումներ են ներկայացրել:

Ընդդիմության համար շատ ավելի բարդ իրավիճակ է Վանաձորում: Եթե Գյումրիում հնարավորություն կա վիճարկելու ՀՀԿ-ի բացարձակ առաջատար լինելու փաստը, Վանաձորում պատկերը շատ պարզ է`ՀՀԿ-ն բացահայտ առավելություն ունի ընդդիմադիրների նկատմամբ: Ընդդիմադիրների միակ ելքը կոալիցիան է:

 «Լուսավոր Հայաստանը» երեկ ընդդիմադիրներին առաջարկեց կոալիցիայով հանդես գալ: «Հայկական վերածնունդը» դեռ խուսանավում է`սեփական առաջարկն առաջ մղելով, որը ենթադրում է իր թեկնածուին միանալը:

«ԲՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության: Գյումրիում «Հայկական վերածնունդը» սատարում է ԲՀԿ-ի թեկնածուին: Մենք կողմ ենք Վանաձորում ևս փոխզիջումային լուծումներ գտնելուն: Խնդիրն այս պահին «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայկական վերածնունդի» բանակցությունների տիրույթում է: Բանակցությունների արդյունքում ինչ հանգուցալուծման էլ որ հանգեն`ԲՀԿ-ն կպաշտպանի կոնսոլիդացված լուծումը»,-ասաց ԲՀԿ նախագահը:

Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք նաեւ`իր համար անակնկա՞լ էր ՀԱԿ-ի եւ «Քաղաքացիական պայմանագրի» կրած խայտառակ պարտությունը: «Ինձ համար անսպասելի էր ՀԱԿ-ի`նման արդյունքներ արձանագրելը»,- ասաց նա: ՀԱԿ-ը Գյումրիի ընտրություններում զբաղեցրել է վերջին հորիզոնականը:

«Իսկ բոլոր ընդդիմադիրներին թիրախ հռչակած, բոլոր ընդդիմադիրներին սեւացնելու եւ վարկաբեկելու գործը ստանձնած «Քաղաքացիական պայմանագրի» նման արդյունքներ արձանագրելն ինձ համար միանշանակ կանխատեսելի էր: Պատահական չէր, որ մինչեւ ընտրությունները ես հայտարարում էի`հոկտեմբերի 2-ը, մասնավորապես Գյումրիում, լակմուսի թուղթ է լինելու բոլոր քաղաքական ուժերի համար: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք չունենալով տարածքային կառույցներ, կարծում են, որ ԱԺ ամբիոնը գրկելով եւ Սերժ Սարգսյանին հայհոյելով, հիմնական թիրախ հռչակելով մնացած բոլոր ընդդիմադիրներին, նրանց անվանարկելով, վարկաբեկելով իրենք կարողանալու են իրենց համար ընտրազանգված ձեւավորել, սխալվում են: «Քաղաքացիական պայմանագրի»  հայտարարությունն էլ ցույց տվեց իրենց կոպտագույն մարտավարական սխալը: Դա դատապարտված ճանապարհ է, ժողովուրդն էլ չի ընդունում նման գործելաոճը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ամեն դեպքում, այն, որ «Քաղաքացիական պայմանագիրն» արժանապատվորեն ընդունեց իր պարտությունը, Նաիրա Զոհրաբյանը դրական է համարում`քաղաքական նոր մշակույթի ձեւավորման համատեքստում:

Բայց նորաստեղծ փոքր ուժերի հեռանկարի համար նրանց խորհուրդ է տալիս`ֆեյսբուքյան վիրտուալ իրականությունը, որտեղ հնարավոր է «20 աղանդավոր հետեւորդներ ունենալ», «լայքեր տարածել ու ստանալ» կամ «հինգ դոլարանոց գովազդների տակ սեփական հայտարարություններն ու տեքստերը տեղադրել», տարբերել իրական կյանքից. ֆեյսբուքյան «էլեկտորատը» չի կարող մրցակից լինել հզոր տարածքային կառույցներին:

«Ապագան այդ կուսակցություններինն է, ոչ թե նրանցը, ովքեր կարող են գնալ իրենց մրցակից թեկնածուի տան բակում հայհոյել նրան`չհասկանալով, որ դա հակառակ էֆեկտն է տալու: Ժողովուրդը բացարձակ չի ընդունում այն ընդդիմադիրներին, ովքեր իրենց կարգախոս են հռչակել մյուս ընդդիմադիրներին վարկաբեկելը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31