Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Պեպելյանն աճուրդի կհանի իր հագուստները

Մարտ 10,2017 14:30

Առիթը երգչուհու բեմական գործունեության 20-ամյակն է

Քրիստինե Պեպելյանին ներկայացնելու հարկ չկա. շոու-բիզնեսի այս ներկայացուցիչն ունի իր լսարանը, Հայաստանում ու արտասահմանում վարում է իսկապես բուռն համերգային գործունեություն, թողարկել է 5 CD:

«Առավոտը» երգչուհու հետ հանդիպելու 2 առիթ ուներ՝ ինչպե՞ս է նշելու բեմական գործունեության 20-ամյակը եւ վերջերս կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջազ վոկալ ամբիոնի վարիչ Երվանդ Երզնկյանի մեզ հայտնած այն միտքը, թե Քրիստինե Պեպելյանը նաեւ հիանալի դասախոս է: Պարոն Երզնկյանը նշեց հատկապես Քրիստինե Պեպելյանի 1-2 ուսանողուհիների մասին, որոնց անուններն առաջիկայում հայտնի կդառնան երաժշտասեր հասարակությանը: «Կոնսերվատորիայում դասախոսելը համարում եմ իմ մեծ ձեռքբերումը: Հավանաբար Երվանդ Դավիդովիչը նկատի է ունեցել Աննա Թադեւոսյանին, որն արդեն հանդես է գալիս «Մալխաս» ջազ-ակումբում: Հավատացնում եմ՝ նման մասնագետի կարծիքը պարզապես երջանկություն է ինձ համար, ավելին, քան անձնական ձեռքբերումներս…»,- հայտնեց երգչուհին: Նշենք, որ երգչուհին որոշ ուսանողների հաճախ է ընդգրկում իր մենահամերգներում:

Հետաքրքրվեցինք՝ երգչուհու նման «առատ» հյուրախաղերով ո՞վ է զբաղվում: «Այդ դաժան աշխատանքը վարում է ադմինիստրատորս՝ Ալինա Մուսայելյանը: Նա նույնիսկ պատասխանում է ինձ ուղղված երկրպագուներիս բազմաթիվ հարցերին»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե օրերս Մոսկվայի Կրեմլի պալատում գործընկերոջ՝ Արամեի մենահամերգին կմասնակցի, նրա հետ կատարելով նոր դուետ, հետո կմեկնի Փարիզ, որտեղ հրավիրված է կայանալիք առաջին հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը եւ կնկարահանվի նոր տեսահոլովակում, կվերադառնա ապրիլի սկզբներին՝ ակամա պատասխանելով հարցին, թե քանի կուսակցությունների կամ դաշինքների կողմից է հրավեր ստացել մասնակցելու քարոզարշավի մշակութային մասին:
Ոչ որպես հաճոյախոսություն նշենք, որ Քրիստինե Պեպելյանին մշտապես բեմում հանդիպում ենք ներկայանալի տեսքով: Եվ եթե նրա երգարվեստի մասին երբեմն հնչում են հակասական տեսակետներ, ապա հագուկապի առումով, դրանք միանշանակ դրական են: Հարցին՝ ունի՞ անձնական իմիջմեյքեր կամ հագուստի դիզայներ, արվեստագետը հակիրճ պատասխանեց. «Դիմում եմ բացառապես Հայաստանում եւ արտասահմանում ստեղծագործող հագուստի հայ դիզայներներին»:

Կային ժամանակներ, երբ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ իր «կնքահայրը»՝ Արթուր Գրիգորյանը, հորդորում էր կատարել միայն կոմպոզիտորների, այսինքն՝ պրոֆեսիոնալների երգեր, բայց նոր ժամանակներում Արթուր Գրիգորիչի սանիկները, այդ թվում եւ Քրիստինե Պեպելյանը, հանդես են գալիս նաեւ ինքնուս ստեղծագործողների երգերով: Այս առիթով մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, թե դարերից եկած հայկական ժողովրդական ու աշուղական երգերի հեղինակներն էլ երաժշտական կրթություն չեն ունեցել, բայց նրանց ստեղծած գոհարները հնչել են ու դեռ կհնչեն: «Յուրաքանչյուր կատարող, այդ թվում ես, ներկայացնում ենք ոչ միայն կոմպոզիտորների, այլեւ երգահանների ստեղծագործություններ: Իհարկե, ցանկալի է հանդես գալ կոմպոզիտորների երգերով, բայց, գուցե ամպագոռգոռ հնչի, ես ու կոլեգաներս հաճախ կատարել ենք ինքնուսների երգեր, այդպիսով նրանցից շատերին օգնելով ճանապարհ հարթել, կայանալ երգարվեստի խայտաբղետ դաշտում»,- կարծիք հայտնեց Քրիստինե Պեպելյանը:

Ինչ վերաբերում է 20-ամյա գործունեությունը նշելուն, երգչուհին ասաց, որ մտադրված է մինչ հոբելյանական երեկոն կազմակերպել իր բեմական հագուստների աճուրդը, որի հասույթը կուղղվի բարեգործությանը: Նշեց նաեւ, թե դժվար էր նման որոշում կայացնել, քանի որ հագուստներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:

Ասենք, որ երգչուհին գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է բարեգործական միջոցառումների:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում`  երգչուհու ֆեյսբուքյան էջից:

Լուսանկարներում՝

Քրիստինե Պեպելյանը վերջերս կայացած Առո Բաբաջանյանի երեկոյից հետո, կոլեգաների՝ Ռաիսա Մկրտչյանի, Սոնայի, Ռուբեն Մաթեւոսյանի եւ Զառա Տոնիկյանի  հետ:

 

«Առավոտ»

09,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031