Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք լուրջ առարկություններ ունենք տեղեկատվության ազատության խորհրդի վերաբերյալ». Աշոտ Մելիքյան

Ապրիլ 20,2017 14:10

«Օրենքում փոփոխություններ կատարելու խնդիրը քաղհասարակության պնդմամբ ենք նախաձեռնել: Եթե մեխանիզմները լավն են, ուրեմն թողնենք այդպես, որևէ կարգավորում անելն ինքնանպատակ չէ, ոչ էլ միջազգային պարտավորություն ունենք»,-հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Մեդիա կենտրոնում» «Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին» թեմայով քննարկմանը պարոն Քրմոյանը տեղեկացրեց, որ ներկայիս օրենքում միայն տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում է նախատեսվում պատասխանատվություն, իսկ նախագծում նաև տեղեկատվությունը պրոակտիվ չհրապարակելու համար է վարչական պատասխանատվություն նախատեսվում. «Փորձել ենք օրենքում կարգավորում նախատեսել տեղեկատվության ազատության ոլորտում համապատասխան լիազոր մարմնի գործառույթների վերաբերյալ: Փորձում ենք արտադատարանական մեխանիզմները զարգացնել: Տեղեկատվություն տնօրինողների շարքում պետական կազմակերպություններն ու համայնքային հիմնարկներն ենք լրացրել և բերել օրենքի կարգավորման դաշտ: Հստակեցվել են գրավոր և բանավոր հարցման մեխանիզմները, շեշտը օրենքում դրել ենք գրավոր հարցման վրա: Ներմուծել ենք տեղեկատվության էլեկտրոնային հարթակի գաղափար: Պետությունը կստեղծի նման հարթակ, որի շնորհիվ քաղաքացին համացանցի միջոցով կարող է ուղարկել իր հարցն ու պատասխանը ստանալ առանց ձգձգման»:

Օրենքի փոփոխություններով նախատեսվում է տեղեկատվության ազատության խորհրդի ստեղծում, որը ՄԻՊ-ին կից պետք է գործի: Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանն ասաց. «Հայեցակարգի մշակման ժամանակ էլ առաջարկվեց, որ առանձին, անկախ արտադատական մի լիազոր մարմին ունենանք, որը որոշում կայացնելու իրավունք ու լիազորություն կունենա, այլ ոչ թե կլինի խորհրդատվական: Այսօրվա նախագծում այս խնդիրը չի լուծվում»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, թե այս օրենքն այնքան վատ վիճակում չէր, որ այսպես առաջ քաշվեց ու օրինակ բերեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, որը լուրջ փոփոխությունների կարիք ունի, սակայն դրանք չեն իրականացվում. «Գուցե որպես պետական պաշտոնյա՝ պարոն Քրմոյանը բոլոր խաղաքարտերը չի բացում, թե ինչ անհրաժեշտություն կար ինչ- որ առումով հապճեպ պատրաստել ու ներկայացնել այս նախագիծը: Ճիշտ է, արդիականացման անհրաժեշտություն կա, բայց լուրջ խնդիրները մի կողմ դրած՝ էլ ավելի լավն են ուզում դարձնել համեմատաբար լավ օրենքը: Մենք լուրջ առարկություններ ունենք տեղեկատվության ազատության խորհրդի վերաբերյալ»:
Պարոն Մելիքյանի կարծիքով՝ այն, ինչ գրված է օրենքում, այսօր առանց օրենքի ՄԻՊ-ի գրասենյակը կարող է ստանձնել:

Հարցին՝ ի՞նչն է խանգարում այժմ ՄԻՊ-ի գրասենյակին իրականացնել տեղեկատվության ազատության պաշտպանության գործառույթներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովը թե՛ ՀՀ-ին, թե՛ այլ երկրներին առաջարկել է զերծ մնալ այլ օմբուդսմենական հաստատություններ հիմնելուց՝ հաշվի առնելով այն, որ զարգացող երկրներում թիրախ են այդ հաստատությունները և առավել նպատակահարմար է ուժեղացնել ՄԻՊ-ի ազգային հաստատությունը՝ տալով նրան բոլոր իրավական հիմքերը: Սա է պատճառը, որ մենք ներկայացրել ենք առաջարկություն հենց հայեցակարգից սկսած, որ լիազոր մարմինը չպետք է կրկնի ՄԻՊ-ի գործառույթները: Սա չի նշանակում, որ մենք դեմ ենք, որ այլ իրավասու մարմիններ լինեն, ուղղակի այդ մարմինը որևէ կերպ նույն իրավասությունը չպետք է իրականացնի, ինչ ՄԻՊ-ը»:

Լուսինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայումս էլ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քննում է «Տեղեկատվական ազատության մասին» օրենքի վերաբերյալ դիմում-բողոքները: Նա փաստեց. «2015-ի ընթացքում քննել ենք 51 դիմում, 2016-ին՝ 48 դիմում»:

Պարոն Մելիքյանը հետաքրքրվեց՝ քննված գործերն ի՞նչ ընթացք են ստացել, արդյոք պարտադրվե՞լ են պետական մարմինները, որ հայցվող տեղեկատվությունը տրամադրեն: Լուսինե Սարգսյանը պատասխանեց. «Այդ 51-ի դիմումների մեջ եղել են բողոքներ, որոնք մեր իրավասությունից դուրս են եղել: Իսկ նրանք, որոնք մեր իրավասության շրջանակներում են եղել, ստացել են դրական լուծում, և պետական իրավասու մարմինները տրամադրել են տեղեկատվությունը»: Դառնալով դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ հնչած խնդիրներին՝ Լուսինե Սարգսյանը նշեց. «ՄԻՊ-ի մասին օրենքը կարգավորում է այդ հարցը, օրենքում նշվում է, որ ՄԻՊ-ին դիմելը որևէ կերպ չի խոչընդոտում կամ կասեցնում անձի իրավունքը դատարան դիմելու համար» :

Դառնալով այն մտահոգություններին, թե հայեցակարգը հապճեպ է ներկայացվել, պարոն Քրմոյանը հակադարձեց. «Ո՞նց հապճեպ. ամբողջ նախորդ տարին հայեցակարգ ենք մշակել, չորս-հինգ քննարկում ենք արել, էլ ո՞նց եղավ հապճեպ: Եթե քննարկումները շարունակելու կարիքը կա, կխնդրենք կառավարությանը մինչև տարեվերջ հետաձգել: Խնդիրը մեկն է՝ տեղեկատվության ազատությունն ավելի կատարելագործել մեխանիզմների, երաշխիքների առումով: Պատրաստ ենք ցանկացած առաջարկ քննարկել»:

Լիանա Դոյդոյանը հայտարարեց, թե օրենքը պատասխանատվության մեխանիզմների ուժեղացման խնդիր ունի, այդ օրենքով չի լուծվում էլեկտրոնային հարցումների խնդիրը. «Այսօր հայեցակարգը դեռ հաստատված չէ, իհարկե, աշխատել ենք: Բայց սա այն օրենքներից է, որ պետք է աշխատանքային խումբն ի սկզբանե ձևավորվեր քաղհասարակության ներկայացուցիչների հետ միասին: Նախագիծը պետք է այդ խմբի հետ միասին ստեղծվեր»:

Պարոն Քրմոյանը հայտարարեց, թե օրենքի նախագծի շուրջ գրավոր քննարկումներն ու առաջարկները քիչ են: Այս առիթով Աշոտ Մելիքյանը նշեց, որ անպայման իրենց առաջարկությունները կուղարկեն: Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել հայեցակարգի վերաբերյալ, պարոն Մելիքյանը ցավով հայտնեց, որ որևէ հրավեր չի ստացել ու չի մասնակցել որևէ քննարկման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930