Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի բիզնեսմենները շարունակում են խաբել՝ «Սուպերի» տակ «Ռեգուլյար» բենզին են վաճառում

Օգոստոս 17,2017 14:30
benzin

Այս տարվա մարտի 16-ի կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական էր տվել վառելիքի շուկային առնչվող խնդիրները շտկելու ուղղությամբ: Կարապետյանն ասել էր. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի եւ դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին եւ շուկային»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել էր բենզինի, դիզելային վառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով կառավարություն ներկայացնել առաջարկություն խնդիրները վերացնելու համար: Այս հանձնարարականից առաջ էլ վարչապետն ազգային ժողովում հայտարարել էր «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Թե ով էր վառարանային վառելիքը կերոսինի հետ խառնում եւ ով էր այդ անորակ վառելիքը մատակարարում բանակին, կամ գուցե հենց բանակում ովքեր էին տարբեր վառելիքներն իրար խառնում, որ տեխնիկան չէր աշխատում, այդպես էլ չբացահայտվեց, իսկ եթե բացահայտվել էլ է՝ հանրությանն այդ մասին չտեղեկացրին:
Փորձը ցույց է տալիս, որ պետական գնումներում վառելիքի շուկայի խոշոր ընկերություններն են մասնակցում եւ հաղթում, հետեւաբար դրանք էլ մատակարարում են վառելիքը:

Վերջերս շուկայի վերահսկողության տեսչությունը մի շարք ոլորտներում, այդ թվում նաեւ նավթամթերքների, լայնածավալ ստուգումներ է իրականացրել: Մեր տեղեկություններով տեսչությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել շուկայում: Օրինակ՝ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը վաճառում են բարձր որակի բենզինի անվան տակ: Դիզվառելիքի շուկայում էլ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:

Ինչ իրավիճակ է վառելիքի շուկայում վարչապետի հայտարարությունից եւ հանձնարարականից հետո, փորձեցինք պարզել շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանից: Խալիկյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ ստուգումներն իրականացվել են վարչապետի հանձնարարականով, վառելիք ներկրող խոշոր ընկերություններից մեկում՝ «Ֆլեշում» որեւէ խախտում չեն արձանագրել, իսկ մյուս խոշոր ընկերությունում՝ CSP-ում ստուգումների արդյունքները դեռ ամփոփված չեն:
Խալիկյանն ասաց, որ նավթամթերքի 67 ընկերություններում ստուգումներ են իրականացրել, իսկ խախտումները հիմնականում մանր ընկերություններում են հայտնաբերել:

Խալիկյանը հաստատեց, որ որոշ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը բարձր որակի անվան տակ են վաճառել: Ըստ Խալիկյանի՝ «Դեպքեր ենք արձանագրել, երբ մի հորից, երկու տեսակի բենզին են վաճառել: Օրինակ՝ հորից, որտեղից ասենք՝ «սուպեր» տեսակի բենզին են լցնում, դա նաեւ «ռեգուլյար» կամ «պրեմիում» տեսակի անվան տակ են վաճառում»:

Հիշեցնենք, նման դեպքեր պարբերար են լինում, ու վերահսկողները պարբերաբար բացահայտում են, տուգանում են, բայց տնտեսվարողները կրկին շարունակում իրենց «սեւ» գործը:

Խալիկյանն այս առնչությամբ ասաց, որ այդ խախտումները մշտապես կան. «Մենք խնդիր ենք դրել ավելի հաճախ ու անսպասելի այցեր իրականացնել նման օբյեկտներ, փորձենք կարգավորել շուկան: Այս պարագայում, եթե ներմուծող կազմակեպություն է, ապա տուգանքը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափ է, եթե մանրածախ է՝ հիսունապատիկից՝ հարյուրապատիկի չափով: Մենք նախատեսում ենք խստացնել վարչարարությունը»:
Մեր այն հարցին՝ արդյոք հայտնաբերվել են դեպքեր, երբ վառարանային վառելիքը կերոսինի հետ են խառնել, ինչպես վարչապետն էր հայտարարել, Խալիկյանը պատասխանեց. «Թե ինչ է խառնած այդ վառելիքին՝ չենք կարող ասել, մեր լաբորատորիան դա չի բացահայտում, ստուգում ենք վառելիքում առկա նյութերի թույլատրելիության սահմանը: Օրինակ՝ արձանագրվել են դեպքեր, երբ բենզինում ծծմբի չափը գերազանցել է թույլատրելի սահմանը»:

Բենզալցակայաններում հայտնաբերված խախտումներից հաճախ հանդիպողը, ըստ Խալիկյանի, նաեւ այն էր, որ բենզինի հորերը տարիներով մաքրված չեն եղել, իսկ դրանք պարտադիր պետք է մաքրվեն, քանի որ վառելիքի նստվածքն ու կեղտը խառնվում է բենզինին, ինչը ազդում է որակի վրա:

Ինչպես կարող են վարորդները նկատել, որ բենզալցակայանում իրենց խաբում են՝ ցածր որակի բենզինը բարձրի անվան տակ են վաճառում: Խալիկյանն ասաց, որ դա միայն փորձագետներն են ստուգումներով պարզում, իսկ սպառողները գուցե գլխի ընկնեն իրենց շարժիչի աշխատանքից. «Երբ խախտում ենք արձանագրում՝ արգելում ենք վառելիքի վաճառքով զբաղվել՝ մինչեւ խախտումը չվերացնեն, հետո պարբերաբար այդ օբյեկտներում դիտարկումներ ենք կատարում»:

Մեր տեղեկություններով մոտ 37 տնտեսվարողների մոտ հայտնաբերված խախտումների դեպքերով արդեն վարչական ակտ է կազմվել: Մեր տեղեկություններով խախտումներ են արձանագրվել բենզինի վաճառքով զբաղվող «Մաքսհուր» ընկերությունում, բենզինի եւ դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Մաքսդալ» ՍՊԸ-ում, բենզինի վաճառքով զբաղվող «Լակ-Ա-Բոս» ՍՊԸ-ում, «Գայանե Իսպիրյան» ԱՁ-ում, «Ռան-օյլ» ընկերությանը պատկանող բենզալցակայանում, «Մուլտի ագրո»-ում, «Գրիգ-բիզնես» ՍՊԸ-ում, «Կապանցի Սամո» ՍՊԸ-ում, «Բլեք նեֆթ», «Գրանդ պետրոլիում» ընկերություններում:

Պարոն Խալիկյանը հաստատեց մեր տեղեկությունները, որ այս ընկերություններում խախտումներ արձանագրվել են, սակայն, թե որ ընկերությունն է «սուպերի» անվան տակ «ռեգուլյար» բենզին վաճառել, Խալիկյանը չբացահայտեց, նշեց. «Այդ ընկերություններում արձանագրվել են տեխնիկական կանոնակարգերի անհամապատասխանություններ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031